Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում hոկտեմբերի 16-ին տենոր, համաշխարհային օպերային արվեստի լեգենդ Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված յուրահատուկ համերգ-հանդիպում է լինելու նրա ընտանիքի անդամների եւ ընկերների մասնակցությամբ:
Այդ առիթով այս գիշեր Երեւան է ժամանել առաջատար օպերային բեմերի աստղ Պլասիդո Դոմինգոն, որը Գրիգորյանի ընկերն է եղել: Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ ժպիտով նշել է, որ գիշերը շատ քիչ է քնել, ինչի պատճառով ձայնը դեռ այդքան էլ լավ վիճակում չէ, սակայն հավաստիացրել է, որ համերգին լիովին պատրաստ կլինի:
Պլասիդո Դոմինգոն եւ Կարեն Դուրգարյանը
Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ մեր օրերի ամենաճանաչված օպերային երգչուհիներից Հասմիկ Գրիգորյանը, նրան լրացրել է. «Շատ երիտասարդներ կերազեին ունենալ այն ձայնն ու կատարողական արվեստը, որին Դուք եք տիրապետում»:
Հասմիկ Գրիգորյանը
Պլասիդո Դոմինգոն արդեն երկրորդ անգամ է Հայաստանում: Նշում է՝ մեր երկրի հետ կապված միայն լավ հիշողություններ ունի եւ այստեղ հաճելի ժամանակ է անցկացրել:
«Գեղամ Գրիգորյանը հրաշալի երգիչ էր ու իմ լավ բարեկամը: Նա աշխարհի շատ հայտնի բեմերում է հանդես եկել՝ «Մետրոպոլիտեն»-ում, «Լա Սկալա»-ում, «Մարիինյան թատրոնում: Իսկ երբ ես էի ելույթ ունենում «Աիդա»-ում, նա դիրիժորն էր»,- պատմել է իսպանացի օպերային երգիչը:
Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը Պլասիդո Դոմինգոյին է հանձնել թատրոնի անվանական հուշամեդալը:
«Շնորհակալ ենք, որ բեմ եք բարձրանալու մեր տաղանդավոր երիտասարդների հետ: Մեկ հուշամեդալ էլ Հասմիկի համար ունենք: Անկախ նրանից, թե որտեղ է գտնվում, նա միշտ մեր թատրոնի կողքին է ու հետաքրքրվում է, թե երիտասարդներն ինչ խորհրդի կարիք ունեն»,- ասել է դիրիժորը:
Պլասիդո Դոմինգոն
Դուրգարյանը նաեւ ընդգծել է, որ հենց Գեղամ Գրիգորյանի օրոք է թատրոնում ստեղծվել այն խումբը, որը դրսեւորվելու մեծ հնարավորություններ է տվել երիտասարդներին։ Նրանցից շատերն այսօր արդեն մեծ ճանաչում ունեն եւ հանդես են գալիս աշխարհի առաջատար բեմերում։
«Գեղամ Գրիգորյանի կարիերայի լավագույն տարիներն անցել են Խորհրդային Միությունում, երբ արտիստները հնարավորություններ չունեին ելույթ ունենալ արտերկրում: Անցնելով այդ դժվարությունների միջով՝ նա երիտասարդների համար նոր դռներ բացեց: Համերգից հետո ակնկալում ենք Գեղամ Գրիգորյանի անվան միջազգային մրցույթ կամ օպերային փառատոն անցկացնել. թող ընտանիքը որոշի: Նա նաեւ թատրոնի ակադեմիայի հիմքն է դրել, որն ակնկալում ենք նրա անունով կոչել»,- ավելացրել է Օպերային թատրոնի տնօրենը:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի
BRAVO.am


×
164





