×


«Մշո ճառընտիրի» փրկության պատմությունը՝ Անտոնիա Արսլանի վեպում

Հայ-իտալական արմատներով գրող Անտոնիա Արսլանը «Զանգակ» գրատանը մասնակցել է իր «Մշո գիրքը» («Մշոյ գիրքը») վեպի արեւմտահայերեն թարգմանության շնորհանդեսին:

«Արտույտների ագարակը» վեպով հայտնի հեղինակի՝ Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձող երրորդ գեղարվեստական ստեղծագործությունը պատմում է հայերեն ամենամեծ ձեռագիր մատյանի՝ «Մշո ճառընտիրի» փրկության մասին՝ ներկայացնելով նաեւ այն մարդկանց ճակատագրերը, որոնք իրենց կյանքն են վտանգել՝ հայկական մշակույթի այս արժեքավոր վկայությունը փրկելու համար։

«Շատ գեղեցիկ ու հուզիչ պատմություն է։ «Մշո ճառընտիրը» ցույց է տալիս եւ ապացուցում է հայ ժողովրդի սերը գրքի հանդեպ։ Մենք տեսնում ենք երկու կանանց հերոսությունը, որոնք կարողացել են հրաշքով փրկվել, հասնել Մշո մենաստան եւ գտնել գիրքը, որը յոթ հարյուր տարի պահվել էր այնտեղ»,- պատմում է Անտոնիա Արսլանը։


Գրողը նշում է, որ մագաղաթյա ձեռագրի փրկության պատմությունն այնքան հուզիչ ու զարմանալի էր, որ չի ցանկացել այն պարզապես պատմական գրքի վերածել։ Փոխարենը որոշել է իրական դեպքերը ներկայացնել գեղարվեստական պատումի միջոցով:

«Վեպում ձեռագիրը փրկող կանայք հանդիպում են նաեւ մի երեխայի, որը փրկվել էր թուրքերից՝ թաքնվելով պահարանում: Պատմության մեջ ներառել եմ նաեւ հույն երկու կերպար՝ ընդգծելու հայերի եւ հույների միջեւ եղած հարազատությունը։ Այսպիսով՝ տարբեր ճակատագրերով հինգ կերպար ի վերջո գտնում են իրար՝ հույս ունենալով փրկվել եւ փրկել մշակութային հիշողության մի կարեւոր մասնիկ»,- պարզաբանել է նա:

Անտոնիա Արսլանը


Խոսելով վեպի հիմնական գաղափարի մասին՝ Անտոնիա Արսլանն ընդգծել է կանանց հերոսությունը։ Ցեղասպանության հետեւանքով ամեն ինչ կորցրած կանայք, միեւնույն է, չեն հրաժարվում հայկական մշակույթի այդ արժեքավոր վկայությունը փրկելու մտքից։

Հեղինակի համար «Մշո գիրքը» ոչ միայն ձեռագրի փրկության պատմություն է, այլեւ վկայություն այն մասին, թե ինչպես են մարդիկ նույնիսկ անձնական ողբերգության պայմաններում ուժ գտնում՝ պահպանելու իրենց ժողովրդի հիշողությունն ու մշակույթը։

Տեքտը՝ Անահիտ Ամիրխանյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Bravo.am

Կարդալ ավելին

Quality Sign BW