46-ամյա Քիմ Քարդաշյանն ու նրա մտերիմները վերջին տասը տարիների ընթացքում նրա կենսագրական գրքի համար հարցազրույցներ են տվել լրագրող Ջոնաթան Վան Մետերին։
«Քաղաքացի Քիմ. կինը, որը ստեղծեց ապագան» գիրքը հրատարակվել է երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ու ներկայացնում է Քարդաշյանի կյանքի վերելքներն ու անկումները, ինչպես նաեւ ամուսնությունները Դեյմոն Թոմասի, Քրիս Համֆրիսի եւ Քանյե Ուեսթի հետ: Հետաքրքիր դրվագներն առանձնացրել է US Magazine-ը։
Ռեփերի հետ նրանք ամուսնացած են եղել 2014-2022 թվականներին եւ չոր երեխա ունեն։ Համատեղ կյանքի ընթացքում Ուեսթին երկբեւեռ (բիպոլյար) աֆեկտիվ խանգարում են ախտորոշել։
Ծանր շրջանը
«Այդ տրավմատիկ ապրումների ընթացքում անընդհատ փորձում էի հաղթահարել դրանք ու առաջ շարժվել։ Գուցե «հաղթահարելը» ճիշտ բառը չէ։ Դա ավելի շատ նման էր ամեն ինչ գորգի տակ թաքցնելուն: Ինձ մեղավոր էի զգում ու մտածում. «Ցավում եմ, որ դու այս ամենի միջով ես անցնում։ Ինչպե՞ս կարող ենք միասին ամեն ինչ շտկել»։
Բացի այդ էլ մի քիչ ամաչում ես, քանի որ պոռթկումների ժամանակ շատ բաներ են ասվում։ Պարզապես ուզում էի պաշտպանել Քանյեին եւ թույլ չտալ, որ որեւէ մեկն իմանա, թե ինչ է կատարվում։ Բայց երբ ամեն ինչ հասնում է այն կետին, երբ սկսում է վնասել հոգեկան առողջությանդ ու սպառնալ անվտանգությանդ, հասկանում ես. «Լավ, ո՞ւմ եմ ես փրկելու այս իրավիճակում»։ Ես պետք է ինքս ինձ փրկեմ»,- գրքում պատմել է Քարդաշյանը։
Ուեսթի ոճային ազդեցությունը
Քարդաշյանը խոստովանել է, որ իրենց հարաբերությունների սկզբում Ուեսթը ցանկացել է նրա ոճը փոխել, ինչին դեմ չի եղել:
Լուսանկարը՝ Getty Images
«Իմ տուն եկավ Քանյեի ոճաբանների թիմը։ Կարծում էի՝ լավագույն կոշիկներն ու անհրաժեշտ ամեն ինչ ունեմ։ Նա ինձ Givenchy-ի կաշվե սեւ զգեստ ու Tom Ford-ի օձի կաշվից կոշիկներ տվեց ու հետը տարավ Լեյքերսի խաղին։ Երբ տուն վերադարձա, նրանք բոլորս կոշիկներս հանել էին պահարանից, ու մինչեւ առաստաղը հասնող կույտ էր առաջացել։ Ոճաբանները միայն երկու զույգ էին առանձնացրել։ Ուզում էի արտասվել. «Բայց տարիներով դրանք հավաքել եմ»։ «Փոխարենը նոր հագուստներ էին հայտնվել զգեստապահարանում, իսկ դիզայներներից շատերին նույնիսկ չէի ճանաչում։ Այդ ժամանակ բարձր նորաձեւությունից չէի հասկանում, եւ Քանյեն օգնեց ինձ ավելի ինքնավստահ դառնալ»,- կիսվել է նա։
Երեխաների ազդեցությունը
Քարդաշյանը խոստովանել է, որ շատ է ցանկանում Ուեսթը հաղթահարի հիվանդությունը. «Չէի սպասում, որ դա հեշտ կլինի, բայց նաեւ չէի ակնկալում, որ այդքան հրապարակային կստացվի։ Ցավում եմ նրա համար ու ցանկանում, որ հավաքի իրեն»։
Քարդաշյանն ընդգծել է, որ երեխաների կողքին Ուեսթի պահվածքը երբեք անհանգստանալու առիթ չի տվել. «Դա այնպիսի օրհնություն էր։ Երբ նոպա էր ունենում, երեխաները երբեք այդ մասին չէին իմանում։ Նրանց ներկայությունը Քանյեին միշտ հանգստացնում էր։ Իմ երեխաների հայրն է, ու երբեք չեմ դադարի նրա համար անհանգստանալ։
Շատ դժվար է նման բարդ հարաբերությունների պարագայում միասին երեխաներ դաստիարակել, բայց նրանք երբեք էլ չեն իմանա այդ մասին։ Հնարավոր ամեն բան անում եմ, որպեսզի տեղի ունեցածի բացասական կողմերը մոռանամ։ Մեզ հաջողվում է երեխաներին համատեղ ու առանց կոնֆլիկտների դաստիարակել։
Վերջին շրջանում ամեն ինչ բավականին հարթ է ընթանում։ Ենթադրում եմ՝ նրանից է, որ շատ չենք շփվում։ Բայց հանդիպելիս գրկախառնվում ենք։ Շատ մտերիմ եմ Քանյեի ընտանիքի հետ եւ բոլորին էլ ուրախ եմ տեսնել։ Ասել եմ, որ իմ դռները միշտ բաց են նրանց առաջ. կարող են գալ ընթրելու ու երեխաների հետ ժամանակ անցկացնելու։ Այնպես որ, ամեն կերպ խրախուսում եմ նրանց հարաբերությունները հոր հետ»,- շեշտել է նա։
Շփումը
Քարդաշյանը կարծում է, որ Ուեսթն ամեն անգամ կարողանում է դժվարին իրավիճակներից հետո ոտքի կանգնել։
«Բայց ես չեմ կարծում, թե իրավիճակը կլավանա։ Հանուն երեխաներիս աղոթում եմ, որ այդպես լինի»։
Նա պատմել է, որ նախկին ամուսնու հետ կապը պահում է նրա կնոջ՝ Բիանկա Սենսորիի կամ Ուեսթի մենեջերի միջոցով։ Քարդաշյանի խոսքով՝ նման շփումը որոշակի դժվարություններ է առաջացնում։
«Միշտ ասում եմ. «Հայրիկը ճամփորդում է»։ Դեռ պատմություններ եմ հորինում եւ պաշտպանում երեխաներիս, քանի որ ուզում եմ՝ կարծեն, որ իրենց հայրն ամենալավն է։ Նրան անընդհատ հրավիրում եմ մեզ մոտ. «Կուզե՞ս ընթրիքի գալ։ Ես տանը չեմ լինի։ Երեխաների հետ ընթրիր նրանց համար սովորական պայմաններում, որպեսզի իրենց հարմարավետ զգան։ Գուցե մի քանի օր մնաս»։
Նախորդ Սուրբ Ծնունդին ասել էի. «Մնա մեզ հետ։ Արի ընկերուհուդ հետ»։ Այս տարի էլ նույնը կառաջարկեմ։ Պատրաստ եմ շատ բաների վրա ուշադրություն չդարձնել, նույնիսկ՝ իմ հասցեին հնչեցրած վիրավորանքների, միայն թե երեխաներս հանդիպեն իրենց հոր հետ»:


×
97





