Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը նոր հարթակ ունի՝ «ԴրամաԼաբ»-ը, որի բերած հնարավորությունների, «Սալոմե»-ի պրեմիերայի ու թատրոնի զարգացման նոր հեռանկարների մասին Bravo.am-ը զրուցել է տնօրենի պաշտոնակատար Գրիգոր Խաչատրյանի հետ:
- Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս առաջացավ «ԴրամաԼաբ»-ը ստեղծելու մտահղացումը։
- Դրամատիկական թատրոնի փորձասենյակը միշտ էլ յուրօրինակ դարբնոց է եղել նոր արտիստներ ու ռեժիսորներ բացահայտելու գործում։ Ինքս՝ որպես բեմադրիչ, այնտեղ եմ արել իմ առաջին համեստ քայլերը՝ էստաֆետը վերցնելով մեր թատրոնի երկարամյա ղեկավար Արմեն Խանդիկյանից։ Այդ տարածքում արված իմ առաջին բեմադրությունները հղկեցին մասնագիտական ու նպատակային հմտություններս եւ հիմք դարձան թատրոնի ներկայիս դերասանախմբի միջին սերնդի կորիզի ձեւավորման համար։
Երբ իմ հրավերով թատրոնի աշխատանքներին միացավ պրոդյուսեր Էդվարդ Մխիթարյանը, համատեղ նպատակ դրեցինք ստեղծել մի հարթակ, որը փորձարարական տարածք լինելուց բացի, կիրականացնի նաեւ կրթական ծրագրեր։ Այն ներառելու է թատերական արվեստին առնչվող բազմաթիվ ոլորտներ՝ լուսային ու ձայնային ձեւավորման դասընթացներ, դերասանական վարպետության դասեր, հանդիպումներ անվանի պրոդյուսերների հետ եւ այլն։
«DramaLab»-ը պիտի դառնա ոչ թե պարզապես նոր կամ փոքր բեմ, այլ մեր թատրոնի զարգացման ռազմավարական նոր քայլը։ Հարուստ պատմություն ունեցող թատրոնը պետք է ոչ միայն պահպանի իր ավանդույթները, այլեւ շարունակաբար նորացնի իր գեղարվեստական լեզուն, բացահայտի նոր անուններ եւ հնարավորություն տա ազատ փորձարկումների։ Մեր նպատակն է, որ թատրոնն ունենա ոչ միայն հարուստ անցյալ, այլեւ նոր սերունդներով լեցուն ներկա ու հուսալի ապագա։
Գրիգոր Խաչատրյանը
- Այն ի՞նչ նոր հնարավորություններ ու դրսեւորման ձեւեր է տալու թատրոնին։
- Ստեղծագործողներից բացի, նախագիծը հանդիսատեսին է հնարավորություն ընձեռում հաղորդակից դառնալու այլընտրանքային դրամատուրգիային եւ բեմական իրականության յուրօրինակ ու ժամանակակից դրսեւորումներին՝ կամուրջներ ձեւավորելով արդի թատերական ուղղությունների միջեւ։
«DramaLab»-ը հարթակ է նոր ձեւաչափերով, ավելի համարձակ գեղարվեստական լուծումներով ու ժամանակակից դրամատուրգիայով աշխատելու, ինչպես նաեւ կամերային ներկայացումներ ստեղծելու համար։ Փոքր տարածքում դերասանի եւ հանդիսատեսի միջեւ հեռավորությունը նվազում է, ինչի շնորհիվ ներկայացման զգացմունքային ազդեցությունը դառնում է առավել անմիջական։ Մեր կարգախոսն է՝ «Մեծ բեմում հանդիսատեսն ականատես է, իսկ «DramaLab»-ում՝ մասնակից»։
«Սալոմե» ներկայացումը՝ DramaLab-ում
- Նշվում է, որ այս հարթակում իրենց դրսեւորելու հնարավորություն կունենան երիտասարդ ռեժիսորներն ու դերասանները։ Ովքե՞ր են նրանք, եւ արդյո՞ք բոլոր ցանկացողները կարող են դիմել։
- «DramaLab»-ը թատերական նոր ձեւերի բացահայտման հարթակ է։ Այստեղ առաջնայինը ոչ թե տարիքն է, կրթությունը կամ արդեն ձեռք բերած ճանաչումը, այլ ստեղծագործական համարձակ մտածողությունը, հետաքրքիր գաղափարն ու, անշուշտ, մասնագիտական պատասխանատվությունը: Հայտերի ընդունման մեխանիզմը դեռ ամբողջությամբ չենք մշակել, բայց առաջնահերթությունը տրվելու է ռեժիսորական դպրոցի կանոնների պահպանմանը, գրականության հետաքրքիր ու յուրօրինակ մեկնաբանմանը, ինչպես նաեւ թատերային պայմանականության նկատմամբ որոշակի հանդգնությանը։
- Ինչպիսի՞ աշխատանքներով ու ձեռքբերումներով եք պատկերացնում «ԴրամաԼաբ»-ն առաջիկայում։
- Այն անպայման ունենալու է իր սեփական խաղացանկը, ինչպես նաեւ միջոցառումների, հանդիպումների, համերգների ու հրավերների օրացույցը։ Մենք կենտրոնանալու ենք բացառապես երկարաժամկետ ու մեծ ներուժ ունեցող նախագծերի իրականացման վրա։ Հույս ունենք, որ նոր ռեժիսորներն իրենց առաջարկներով ու աշխատանքներով լուրջ հայտ կներկայացնեն հետագայում նաեւ մեծ բեմում իրենց ուժերը փորձելու համար։ Մեզ համար կարեւորագույն նպատակ է թատրոն ներգրավել հանդիսատեսի ավելի լայն շերտեր: Վստահաբար կարող ենք ասել, որ «DramaLab»-ը կձեւավորի նաեւ նոր հանդիսատես։
«Սալոմե» ներկայացումը՝ DramaLab-ում
- Առաջին ներկայացումը «Սալոմե»-ն է, որը բեմադրել է ուսանող Արմինե Աբրահամյանը։ Ինչո՞ւ է հենց նրան վստահվել բացումն անելու հնարավորությունը։
- Քանի դեռ կա թատրոնը, Սալոմեի կերպարը, ինչպես Մեդեան, Համլետն ու Դոն Կիխոտը, կշարունակեն բորբոքել բեմադրիչների միտքն ու երեւակայությունը։ Հատկապես Սալոմեի կերպարը հրաշալի հնարավորություն է ընձեռում ուսումնասիրելու երիտասարդ կնոջ դերն ու տեղը ժամանակակից աշխարհում, եւ պատահական չէ, որ նրա բեմական կյանքը չափազանց բազմազան է։ Օսկար Ուայլդի այս պիեսը ռեժիսորական բազում բացահայտումների տեղիք է տալիս։ Արմինեն իմ աշխատասեր ու շնորհալի ուսանողն է։ Թեեւ ընդունված է կարծել, որ ռեժիսուրան ավանդաբար տղամարդու մասնագիտություն է, Արմինեն նախ եւ առաջ դրսեւորում է մեծ կամք ու հավատ սեփական ուժերի նկատմամբ։ Երբ ընդամենը 20 տարեկան ես, բայց քեզ արդեն լսում ու վստահում են 20-ից ավելի մասնագետներ, դա արդեն իսկ մասնագիտական հասունության չափանիշ է։
«Սալոմե» ներկայացումը՝ DramaLab-ում
Սակայն այս ամենը դեռ քիչ է ներկայացում ստեղծելու համար, ու առաջնային պլան են մղվում դասական դրամատուրգիայի հարցում նրա բացառիկ գրագիտությունը, ռեժիսորական էքստրեմիզմը, կանացի զինաթափող էրոտիզմն ու շատ հստակ, անսպասելիորեն հետաքրքիր դերաբաշխումը։ Այս ամենը դեռ լսարանում տեսնելով՝ որոշեցի, որ հենց Արմինեի «Սալոմե»-ն պիտի բացի մեր նոր հարթակը։
Ներկայացման մեջ ասեղնագործ ճշտությամբ միախառնվել են դիցաբանությունը, բեմական տարածքի անսպասելի լուծումը, դերակատարների՝ երբեմն սարկազմի ու ցինիզմի հասնող թատերական պաթոսը, որը հաճախ ծիծաղ է առաջացնում, ինչպես նաեւ երիտասարդական հմայքն ու էներգիան։ Իսկ վերջում ի հայտ է գալիս երիտասարդ արվեստագետին կարծես թե խորթ մի մեծ խոհեմություն՝ մարդն իր դարավոր գոյության ընթացքում այդպես էլ չսովորեց կառավարել սեփական կրքերը։
«Սալոմե» ներկայացումը՝ DramaLab-ում
- Կուզեի պիեսի ընտրությունից խոսեք:
- Խնամքով ու սիրով ենք վերաբերվում մեծարժեք, դասական գրական ստեղծագործություններին։ Հաճախ հենց դասական գրականությունն է լավագույնս արտացոլում ու մեկնաբանում այսօրվա իրականությունը։
Օսկար Ուայլդի «Սալոմե»-ն կործանարար ցանկասիրության, անպատժելիությունը վայելող իշխանության եւ իրերի կարգի անխափանության մասին դրամա է։ Սա նաեւ մի պատմություն է այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ կիրքը վերածվում է մեկ ուրիշին բացարձակ տիրելու պահանջի։ Ցավոք, այս սկզբունքն այսօր գերիշխող է ժամանակակից հարաբերություններում, եւ Արմինեն ներքին զգացողությամբ նկատել ու շեշտադրել է դա իր ներկայացման մեջ։
- Եվ Դրամատիկականում առաջիկայում ի՞նչ նոր բեմադրություններ ու աշխատանքներ են սպասվում։
- Հոկտեմբերի վերջին «DramaLab»-ում եւս մեկ պրեմիերա կլինի. Ռուսաստանից հրավիրված բեմադրիչ Մաքսիմ Սոկոլովը կներկայացնի Անտոն Չեխովի «Երեք քույր» պիեսի իր տարբերակը։ Այն ամբողջովին համապատասխանում է մեր առաջադրած նշաձողին. ներկայացումն անսպասելի է, դինամիկ ու համարձակ։
«Սալոմե» ներկայացումը՝ DramaLab-ում
Այս պահին մեծ բեմում ընթանում են Դոն Նիգրոյի «Դաժան գիշերվա քաղաքը» պիեսի փորձերը, որը բեմադրում եմ ես, իսկ պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 12-ին։ Սա բավական անսպասելի ժանրի ներկայացում է լինելու: Երեւի թե առաջին անգամ ենք աշխատում դետեկտիվի ժանրում, որն ունի հետաքրքիր առանձնահատկություններ։ Բացի այդ, ներկայացումը նուար ոճի դետեկտիվ է, ինչն էլ իր հերթին թելադրում է ուրույն գեղագիտություն ու շեշտադրումներ։ Նախագծում զբաղված են Դրամատիկականի երիտասարդ դերասանները՝ Էմմա Մանուկյանը, Վլադիմիր Մսրյանը, Արմեն Մեսրոբյանը, Վահագն Սամվելյանը եւ Նիկոլայ Ավետիսյանը։
Իր հերթին բեմ բարձրանալուն է սպասում Էդուարդո Դե Ֆիլիպոյի «Ծննդյան տոնը սինյոր Կուպիելլոյի տանը» պիեսը։ Այնուհետեւ թատրոնը կյանքի է կոչելու վաղուց փայփայած մի գաղափար՝ իրականացնելու է իր վերաբրենդավորման աշխատանքներն ու գլխավոր միջոցառումը։ Նախատեսում ենք նաեւ Դոն Նիգրոյի «Ռեյվենսքրոֆթ» պիեսի բեմադրությունը՝ հրավիրված նկարիչների եւ լուսային ձեւավորողների մասնակցությամբ։
Կարծում եմ՝ այս աշխատանքներն ու նորարարական նախաձեռնությունները կհետաքրքրեն ոչ միայն մեր հավատարիմ ու հիմնական հանդիսատեսին, այլեւ թատրոն կբերեն երիտասարդների մի նոր ու պահանջկոտ սերունդ՝ Դրամատիկականը դարձնելով ժամանակակից արվեստի ամենաազդեցիկ ու կենդանի հարթակներից մեկը։
«Սալոմե» ներկայացումը՝ DramaLab-ում
- Ինչի՞ կարիքն ունի հիմա Դրամատիկականը՝ ավելի հետաքրքիր ու հանդիսատեսի համար գրավիչ մնալու համար։
- Այսօր միայն լավ ներկայացում ստեղծելը դեռ բավարար չէ: Ակտիվորեն աշխատում ենք կառավարման նոր տեխնոլոգիաների կիրառման, ներդրումների ներգրավման եւ տեխնիկական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։ Մենք այս ամենը դիտարկում ենք ոչ թե պարզապես վարչական գործընթաց, այլ թատրոնի զարգացման ու արդիականացման նոր հնարավորություն։
Մեր նպատակն է, որ թատրոնը դառնա քաղաքի մշակութային կյանքի կենդանի հանգույցներից մեկը՝ մի վայր, ուր մարդիկ գալիս են ոչ միայն ներկայացում դիտելու, այլեւ նոր զգացողություններ ապրելու, մտորելու եւ անպայման վերադառնալու համար։ Մեր թատրոնը միշտ առաջնորդվել է հետեւյալ շեշտադրմամբ․ «Թատրոնը չի կարող ապրել միայն իր փառավոր անցյալով, նա պիտի ունենա փոխվելու համարձակություն՝ առանց սեփական ինքնությունը կորցնելու»։
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի


×
87






