«Որոգայթ. նոր սկիզբ» քրեական դրամայով էկրաններ է վերադառնում Լիկա Մեսրոպյանը եւս։ Bravo.am-ը դերասանուհու հետ զրուցել է նոր կերպարի, հուզական բարդ տեսարանների, ինչպես նաեւ նախկին ամուսնու՝ Խորեն Լեւոնյանի հետ նույն նախագծում աշխատելու մասին:
- Լիկա՛, երկար դադարից հետո Ձեզ կրկին տեսնում ենք նկարահանման հրապարակում։ Ե՞րբ էիք վերջին անգամ նկարահանվել հեռուստասերիալում, եւ ինչպե՞ս ստացվեց, որ համաձայնեցիք նորից խաղալ։
- Վերջերս փոքր դրվագում հանդես եմ եկել «Նոր տարվա կինո 2» ֆիլմում, իսկ սերիալում վերջին անգամ նկարահանվել էի 2022 թվականին։ Կարծում եմ՝ դերասանը, նույնիսկ երբ այլ գործերով է զբաղվում, միեւնույն է, կարոտում է իր մասնագիտությունը։ Հիմա արդեն նկարահանվելու ցանկություն ունեմ, իսկ թատրոն վերադառնալու ցանկությունը դեռ չի արթնացել։ Այս ընթացքում մի քանի առաջարկ եմ ստացել, բայց ստիպված եմ եղել մերժել, քանի որ դրանք ենթադրում էին քաղաքից երկար ժամանակով բացակայություն։
- Կարոտո՞ւմ էիք նկարահանման հրապարակի յուրահատուկ քաոսն ու էներգետիկան։
- Նկարահանման հրապարակն իր յուրահատուկ մթնոլորտն ունի՝ եռուզեռը, սպասումը, հետո այն պահը, երբ բոլորը կենտրոնանում են մեկ տեսարանի վրա։ Այդ ամենը մասնագիտության մի մասն է, որը ժամանակի ընթացքում սկսում ես շատ կարոտել։
Լիկա Մեսրոպյանը՝ «Որոգայթ. նոր սկիզբ» քրեական դրամայի նկարահանումներին
- Նկարահանումների առաջին օրն ի՞նչ զգացողություններ ունեիք․ կա՞ր թեթեւ հուզմունք, թե՞ տեսախցիկի հետ «լեզու գտնելը» վայրկյանների հարց էր։
- Երկու ժամ շուտ էի եկել: Լարվածություն կար, բայց այն ավելի շատ կապված էր սպասվող տեսարանի, քան տեսախցիկի հետ։ Մանրամասները չեմ բացի․ երբ դիտեք, կհասկանաք՝ ինչի մասին եմ խոսում։ Կարծում եմ՝ ցանկացած դերասանի համար դա հուզական առումով լարված պահ կլիներ։ Իսկ տեսախցիկի հետ կրկին լեզու գտնելը երկար չտեւեց․ առաջին վայրկյանների հուզմունքից հետո արդեն աշխատանքի մեջ էի։
- «Որոգայթ»-ից առաջարկը ստանալիս ի՞նչը Ձեզ ամենաշատը գրավեց սցենարում, որ որոշեցիք հենց այս նախագծով կրկին ներկայանալ հանդիսատեսին։
- Հետաքրքիրն այն է, որ համաձայնությունս տվել եմ՝ դեռ սցենարն ամբողջությամբ չկարդացած։ Առաջարկը քննարկեցինք իմ պրոդյուսերի հետ եւ որոշեցինք, որ նկարահանվելու եմ։ Սովորաբար ինձ համար շատ կարեւոր են սցենարը, ռեժիսորը, դերասանական կազմը, բայց այս անգամ որոշումն ավելի արագ կայացվեց։ Իսկ կերպարիս պատմությանը ծանոթանալուց հետո արդեն հասկացա, թե ինչ հուզական աշխատանք է ինձ սպասվում։
- ի՞նչ կերպար եք մարմնավորում եւ որքանո՞վ է այն տարբերվում Ձեր տեսակից ու նախորդ դերերից։
- Մարմնավորում եմ Մալխասի կնոջը։ Նրա պատմությունը կարեւոր նշանակություն ունի ֆիլմի հիմնական իրադարձությունների զարգացման համար, բայց մանրամասները կթողնեմ հեռուստադիտողին։ Նախկինում եւս մարմնավորել եմ քրեական աշխարհում հեղինակություն ունեցող մարդու կնոջ։ Սակայն այստեղ ընտանեկան հարաբերություններն այլ են․ իմ հերոսուհին սիրված ու հարգված կին է, նրա խոսքը տանն ընդունվում է, եւ նա երջանիկ է։ Ինձ համար կերպարը հասկանալու կարեւոր բանալի էր հենց այդ հարաբերությունը։
Լիկա Մեսրոպյանը՝ «Որոգայթ. նոր սկիզբ» քրեական դրամայի նկարահանումներին
- Կա՞ն կերպարային գծեր կամ հուզական տեսարաններ, որոնք Ձեզ համար՝ որպես դերասանուհի, նոր մարտահրավեր էին։
- Այո՛, կերպարիս հետ կապված մի անսովոր ու նաեւ վախ առաջացնող իրավիճակ կա։ Դա ինձնից պահանջում էր հաղթահարել ներքին լարվածությունն ու ամբողջությամբ մտնել կերպարի զգացողությունների մեջ։ Բայց հենց դա էլ մեր մասնագիտության մասն է՝ ապրել այդ հույզը եւ այն համոզիչ փոխանցել:
- «Որոգայթ. նոր սկիզբ» քրեական դրամայում նկարահանվում է նաեւ Ձեր նախկին ամուսինը՝ Խորեն Լեւոնյանը։ Որքանո՞վ է դժվար կամ հարմարավետ նույն նկարահանման հրապարակում աշխատելը, եւ արդյո՞ք հանդիսատեսը Ձեզ կտեսնի համատեղ տեսարաններում։
- Խորենի հետ նախկինում էլ առիթ եմ ունեցել նկարահանվելու։ Բազմիցս ասել եմ, որ նրան բարձր եմ գնահատում որպես պրոֆեսիոնալ արտիստի, եւ նման գործընկերոջ հետ աշխատելը ցանկացած դերասանի համար պատիվ է։ Նույն նախագծում մեր մասնակցությանը վերաբերվում եմ մասնագիտական տեսանկյունից։ Իսկ թե ինչպես են զարգանում մեր կերպարների պատմությունները, կթողնեմ, որ հանդիսատեսը բացահայտի դիտելիս։
Լիկա Մեսրոպյանը
- Գիտակցո՞ւմ էիք, որ «Որոգայթ»-ում Ձեր համատեղ մասնակցությունը դառնալու է նախագծի ամենաքննարկվող կողմերից մեկը։ Ինչպե՞ս եք վերաբերվում հանրային այդ հետաքրքրությանը։
- Հասկանում եմ, բայց ինձ համար այդ թեման վաղուց այլեւս օրակարգային չէ։ Այսօր ես վերադառնում եմ հանդիսատեսին իմ աշխատանքով ու նոր կերպարով եւ կցանկանայի, որ ուշադրության կենտրոնում հենց դա լիներ։
- Պատրա՞ստ եք դիտարկել նաեւ նոր դերեր ու առաջարկներ։
- Այո՛, նկարահանվելու ցանկություն ունեմ: Կարեւոր է, որ կերպարն ինձ հետաքրքրի, եւ կարողանամ նկարահանումները համատեղել մյուս աշխատանքներիս հետ:
Զրուցեց Լիանա Թեհմուրյանը
Լուսանկարները՝ Shant Production-ի եւ Լիկա Մեսրոպյանի անձնական արխիվից


×
165






