×


Մահացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը

76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր, սցենարիստ Հրանտ Հակոբյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի կինոգործիչների միությունից: 

«Նա վավերագրող կինոռեժիսոր, թատրոնի ռեժիսոր, թատրոնում եւ կինոյում իր հետքն ու ձեռագիրը թողած յուրահատուկ անհատ էր՝ կենսախինդ, կյանքը սիրող, հուշերով, անցյալով ու առավելապես ներկայով ու ապագայով ապրող մարդ, լավատես ու լավը սիրող, ընկերություն, միջավայր սիրող, ընտանիք սիրող։ Երբ հարցնում էինք՝ ինչպե՞ս ես, ասում էր՝ ասենք՝ լավ ենք, ու դրանով խոսում էր ինքն իր մասին։

Այդպես էլ պայքարեց կյանքի համար, ապրելու համար, պայքարեց, չնահանջեց, երբեք հույսը չկորցրեց, հավատաց, որ առողջանալու է: Երբ մի քիչ լավ էր զգում, գալիս էր դեպի իր միջավայրը, իրեն հարազատ միջավայրը, բայց...

Սա ոչ միայն շատ մեծ կորուստ է մեր կինոյի ու թատրոնի, մշակույթի, իր ընտանիքի ու ընկերների, մտերիմների ու սիրելիների համար, այլեւ մարդկային այն տեսակի կորուստն է, որի կրողը Հրանտ Հակոբյան մարդն էր:

Ամեն օր զգալու ենք նրա բացակայությունը, ջերմ վերաբերմունքի, հումորով խոսքի բացակայությունը, ամեն օր տեսնելու ենք նրա թափուր մնացած տեղը, բայց միշտ հիշելու ենք նրան։ Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Հրանտ»,- նշված է միության ֆեյսբուքյան գրառման մեջ:

Կարդալ ավելին

Quality Sign BW