Գրականության վերաբերյալ տարբեր ընկալումներ կան: Շատերը փորձել են եւ շարունակում են սահմանել՝ որն է գրականության դերը հասարակության եւ անհատի կյանքում, արդյոք այն պետք է արտացոլի ժամանակի ոգին, արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին ու դրանց հետեւանքներին, թե պատմի մարդկային փորձությունների մասին։
«Զանգակ» գրատանը նոյեմբերի 7-ին Վիոլետ Գրիգորյանի «բը՜զզզզզ» գրքի շնորհանդեսն էր: Հանդիպման ընթացքում հեղինակը խոսեց հասարակության մեջ արվեստի դերի, ստեղծագործական ազատության, հեղինակի ու ընթերցողի հարաբերությունների մասին:
Ըստ Վիոլետի՝ գրականությունը նախեւառաջ մտածողություն է, աշխարհայացք եւ ազատություն: Այստեղ պատրաստի պատասխաններ գտնելու փոխարեն պետք է համարձակվել հարցեր տալ եւ դուրս գալ արդեն ճանաչվածի սահմաններից։
«Մարդը չի կարող աշխարհայացք չունենալ, իսկ գրողը չի կարող ստեղծագործել՝ առանց այդ աշխարհայացքն իր հետ բերելու։ Աշխարհայացքն արդեն իսկ քաղաքական է։ Հետեւաբար, քաղաքականությունը գրականության մեջ միայն թեմա չէ, որը հեղինակը կարող է ընտրել կամ շրջանցել. այն նաեւ այն դիրքն է, որից նա նայում է աշխարհին, ընտրում բառերը, կառուցում կերպարներն ու հարաբերությունները»,- նշել է նա:
Բանաստեղծն իր որոշ գործեր կարդաց, ու թեեւ «թքած ունի, թե չեն հասկանա իր գրածները», ասաց՝ «այս անգամ բարի է» եւ որոշ մեկնություններ կտա՝ գրվածքներն ավելի լավ ընկալելու համար:
«Իմ բոլոր գործերը քաղաքական են: Էն գործերը, որ մարդիկ կարծում են՝ էրոտիկ են, քաղաքական են... Գրողը չի կարող աշխարհայացք չունենալ: Աշխարհայացքը քաղաքական է, ուղղակի էն քաղաքական բանը չի, որ մենք ընկալում ենք՝ սրա՞ կողմից ես, թե՞ նրա: Այն ուղղակի աշխարհը տեսնելու, կազմակերպելու մասին է, իր պատկերացումների մասին է»,- ասել է Գրիգորյանը:
Նա կարեւորում է արվեստի բազմիմաստությունը՝ նշելով, որ ստեղծագործությունը կարող է տարբեր իմաստներ պարունակել միաժամանակ. «Լավ արվեստի գործը լինում է խորը, բազմանշանակ»։
Նրա բացատրությամբ՝ ստեղծագործության տարբեր շերտերը կարող են տարբեր կերպ ընկալվել, բայց դրանցից յուրաքանչյուրը միաժամանակ կարող է գործել։ Ընթերցողը կարող է տեսնել այդ շերտերից մի քանիսը, մյուսները՝ չնկատել, սակայն ստեղծագործության ազդեցությունը չի սահմանափակվում մեկ մեկնաբանությամբ։
Գրականության մասին այս զրույցը հուշում է, որ արվեստը չի կարող ամբողջությամբ ենթարկվել ո՛չ հեղինակի նախնական մտադրությանը, ո՛չ հասարակության ակնկալիքներին, ո՛չ էլ քաղաքական կամ տնտեսական պահանջներին։ Այն կարող է լինել քաղաքական՝ առանց քարոզչության, լինել անձնական խմորումների արգասիք եւ վերածվել մի բանի, որի վերջնական իմաստը նույնիսկ հեղինակի համար կարող է ամբողջությամբ կանխատեսելի չլինել։
Գուցե հենց այդ պատճառով էլ ստեղծագործելու ամենակարեւոր պահը այն է, երբ հեղինակն իրեն դուրս է բերում որոշակի սահմաններից եւ հայտնվում մի կետում, որտեղ նախկինում երբեք չի եղել։
Անահիտ Ամիրխանյան
Լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի


×
134





