×


«Փորձում եմ չսիրահարվել կերպարներին, որպեսզի քասթինգը չանցնելու դեպքում շատ չտխրեմ». Ջեմմա Ադամյանի նոր դերերը

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ջեմմա Ադամյանը երկարատեւ դադարից հետո նկարահանվել է հեռուստասերիալում: Նա ներգրավված է նաեւ նոր կատակերգությունում:

Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, որ բավական ակտիվ ստեղծագործական ու աշխատանքային փուլում է։ Վերջերս նրա խաղացանկում ավելացել է Լյուդվիգ Հարությունյանի բեմադրած «Վատ տղաները» կատակերգությունը։ 


«Առաջին հերթին հենց ժանրն է ինձ ուրախություն եւ ոգեւորություն փոխանցում։ Իմ խաղացանկի եզակի կատակերգություններից մեկում Վիկտորիայի դերում եմ: Այս կերպարն ինձ թույլ տվեց այլ գույներով ներկայանալ։ Կատակերգությունում խաղալն իսկապես բարդ է, եւ հանդիսատեսի նկատմամբ պետք է ավելի զգոն եւ ուշադիր լինենք։ Ինչպես ամեն ներկայացման ժամանակ, այս դեպքում էլ մի սահման կա, որը չպետք է խախտես, որպեսզի այն գեղեցիկ, համով ու էսթետիկ մնա»,- կիսվել է նա։

Ադամյանը հաճախ չի հայտնվում հեռուստաէկրաններին, բայց վերջերս նկարահանվել է Առաջին ալիքի «Անկախություն» բազմասերիանոց ֆիլմում:


«Փորձում եմ չսիրահարվել կերպարներին, որպեսզի քասթինգը չանցնելու դեպքում շատ չտխրեմ, եւ այդպես էլ արեցի։ Բավական ուշ հաստատվեցի կերպարում, բայց ոգեւորությամբ եւ ուրախությամբ ընդունեցի հաստատմանս լուրը։ Գյումրեցի մի ընտանիքի աղջկա՝ հետաքրքիր ու խարիզմատիկ Քնարիկին եմ մարմնավորում, որը տեղի բարբառով է խոսում։ Առաջին դերս է, որ խաղացել եմ հենց Գյումրու բարբառով: Սերիալը շուտով կլինի էկրաններին։ Խաղընկերներիս հետ շատ հաճելի էր աշխատել. մանրամասն ուսումնասիրել ենք մեր կերպարներն ու տեքստերը, փորձել կատարել ռեժիսորի խնդիրները։ Լիարժեք ստեղծագործական ընթացք էր, որի շնորհիվ հետաքրքիր իրավիճակներ ու մտքեր էին ծնվում»,- պատմել է նա:


Դերասանուհին խոստովանել է՝ քանի որ դադարներով է հայտնվում նկարահանման հրապարակում, ամեն անգամ իրեն սկսնակ է զգում. «Բայց կողքիս հմուտ մասնագետներ էին, որոնք ամեն ինչ այնքան մանրակրկիտ էին բացատրում, որ մոռանում էիր լարվածության մասին ու ընկղմվում աշխատանքի ընթացքի մեջ։ Եթե հետագայում ասելիքով լի ու հետաքրքիր առաջարկներ ունենամ, նորից կհայտնվեմ հեռուստաէկրաններին»։

Իսկ մինչ այդ կենտրոնացած է թատրոնի դերերի վրա։ Դեկտեմբերին Ադամյանը Երեւանում բեմ կբարձրանա, քանի որ Գյումրու դրամատիկականը մայրաքաղաքում հյուրախաղեր է ունենալու։ Ներկայացնելու են «Բոհեմ»-ը, «Մաուգլի»-ն ու «Վատ տղաները»։

«Թատրոնում սկսել ենք «Ձյունե թագուհի» մանկական երաժշտական պարային հեքիաթ ներկայացման փորձերը։ Դեկտեմբերին մեծերն ու փոքրերը անակնկալ կունենան։ Նաեւ Գյումրու տարբեր բարերում պոեզիայի երեկոներ եմ անցկացնում»,- ավելացրել է դերասանուհին։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ անձնական արխիվից ու Գյումրու թատրոնի

Կարդալ ավելին

Quality Sign BW