×


«Մեր երկուսից խնդիրներովը ես եմ». Հայարփի Զուռնաչյանն ու Աննա Մանուչարյանն անկեղծանում են

Թատրոնի եւ կինոյի դերասանուհիներ Հայարփի Զուռնաչյանն ու Աննա Մանուչարյանը վաղուց գիտեն միմյանց ու մտերիմ ընկերներ են: Նրանք Bravo.am-ի համար անկեղծ զրույց են ունեցել մասնագիտության դժվարությունների, իրենց ունեցած մարտահրավերների ու միմյանց ամեն հարցում օգնելու մասին:

Աննա. Մենք սովորաբար իրար նայում ենք ու, որքան էլ տարօրինակ է, հասկանում ենք, որ նույն բանն ենք մտածում:

Հայարփի. Հնարավոր է մարդուն մի հայացքով հասկանալ, եւ մեր դեպքում այդպես է:

Աննա. Վերջին 2 տարին է այդպես: Հիշո՞ւմ ես՝ ինչպես ամեն ինչ սկսվեց ու շարունակվեց: Ինձ թվում է՝ այս կապը դժվար կլինի խախտել:

Հայարփի. Ինձ էլ է այդպես թվում։ Անցած տարի ամռանը համատեղ նկարահանում ունեցանք եւ մեր ընկերությունը մի ուրիշ աստիճանի հասավ ու մեզ ավելի միավորեց: Առաջին անգամ էր, որ միասին երկարաժամկետ նկարահանում ունեինք: Ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց: Ի վերջո, ամիսներ շարունակ օր ու գիշեր նույն սենյակն եք կիսել:


Աննա. Ու միմյանց հարմարվում էինք, ինչը շատերը չէին անի:

Հայարփի. Գիտեմ՝ ինչու ես այդպես ասում (Աննան ծիծաղում է,-հեղ.): Ես ամռան շոգին էլ եմ մրսում, ու մեր ջեռուցումը գիշեր-ցերեկ միացրած էր:

Աննա. Ես էլ եմ տաքություն սիրում, բայց քեզ պես մրսկան առաջին անգամ էի տեսնում եւ հետդ լուռ համաձայնում էի։

Հայարփի. Համաձայնում էիր շոգին դիմանալ։ Աշխատանքային հարց ունեմ քեզ. նույն տարածքում ինձ հետ աշխատելը հարմարավե՞տ է:

Աննա. Գիտես, որ քեզ շատ հարցերում եմ վստահում: Վերջերս, երբ ինչ-որ մեկը որեւէ բան է ասում կամ հարցնում, չգիտես ինչու, միանգամից քեզ եմ նայում (ծիծաղում են,-հեղ.):

Հայարփի. Ու ես, անկախ ինձից, պատասխանում եմ:

Աննա. Գիտեմ, որ սրտանց ես անում: Քեզ շատ եմ վստահում, նույնն էլ աշխատանքում է: Իսկ ես քեզ մեկ-մեկ շատ եմ նյարդայնացնում:

Հայարփի. Իհարկե, ու դա հերքել չեմ կարող (ծիծաղում են,-հեղ.):


Աննա. Ո՞նց ես ինձ դիմանում:

Հայարփի. Որովհետեւ սիրում եմ, ընդունում եմ քեզ այնպիսին, ինչպիսին կաս: Իսկ նյարդայնանում եմ, որովհետեւ ուզում եմ կյանքումդ ամեն ինչ իսկապես լավ լինի։ Գիտեմ՝ միշտ չէ, որ ճիշտ եմ լինում, բայց կողքից շատ ավելին ես կարողանում տեսնել:

Աննա. Վատ մարդ չեմ (ծիծաղում է,-հեղ.), ուղղակի մեր երկուսից խնդիրներովը ես եմ ու հաճախ եմ քեզ դրանցով դիմում:

Հայարփի. Ես ուղղակի քեզ չեմ վստահում (կատակում է,-հեղ.):

Աննա. Այն մարդկանցից ես, ում կարող եմ զանգել գիշերվա ցանկացած ժամի. միշտ հասանելի կլինես ու կլսես, ինչը շատ կարեւոր է։

Հայարփի. Դա փոխադարձ է: Որքան էլ շփվող եմ, բայց որոշ հարցերում, միեւնույն է, փակ եմ, եւ շատ բաների մասին միայն դու գիտես:

Աննա. Երկուսով Շրի Լանկա հանգստի ենք մեկնել: Ինչպե՞ս էր ինձ հետ ճամփորդելը, ճանապարհի վստահելի՞ ընկեր եմ:

Հայարփի. Իզուր չեն ասում, որ կյանքի եւ ճանապարհի ընկերները տարբեր են լինում: Ճամփորդությունը լավ է ստացվում, երբ փոխզիջում կա, իսկ մեր դեպքում այդպես էր. միասին էինք որոշում՝ ինչ անել: Իրար հետ լավ ենք ճամփորդել, որովհետեւ հետո չի հնչել՝ «Էլ իրար հետ տեղ չենք գնալու» արտահայտությունը: Ճիշտ է՝ ինձ նկարել չես կարողանում, թեեւ դասեր էլ եմ տալիս, բայց ես քեզ շատ լավ եմ նկարում:

Աննա. Դու էլ այնքան արագ ես ուտում... Հազիվ էի հանգստի գնացել եւ ուզում էի գոնե այնտեղ վայելելով սնվել, թե չէ միշտ շտապում եմ:


Հայարփի. Իսկ ես ասում էի. «Տեմպ տուր, Աննա»:

Աննա. Միանգամից անցանք վատ բաներին (ծիծաղում են,-հեղ.):

Հայարփի. Պարզապես ամեն ինչն եմ արագ անում: Ու սկսեցի ավելի շատ ուտել եւ երկու կիլոգրամով գիրացած վերադարձա (ծիծաղում են,-հեղ.): Բայց արի վերադառնանք «Մանյունյա. Բայի մանկությունը» ֆիլմի նկարահանումներին, որոնք Ստեփանավանում այնքան լավ անցան եւ հրաշալի թիմի հետ աշխատեցինք։

Աննա. Չեմ կարող գրիմից չխոսել։ Իմ կերպարը սիրուն դիմահարդարում ու սանրվածք ուներ, կարճաթեւ շորեր էր հագնում, իսկ դու գյուղացի կնոջ դերում էիր: Հետո ինքս նախագիծ ունեցա, որում առանց շպարի եմ ու երկարաթեւ հագուստով։

Հայարփի. Դրա համար զանգահարեցիր ինձ ու ասացիր. «Հայարփի, կներես, հիմա քեզ հասկանում եմ»։ Որքան էլ ասում եք՝ գրիմ չեմ ունեցել, բայց ինձ շատ լավ դիմահարդարել է իմ սիրելի Սվետան, իսկ մազերս սարքել է Անուշը: Իսկ դուք ասում էիք. «Այսօր Հայարփին վերջապես առանց գլխաշոր է լինելու»։

Աննա. Քո հագուկապը ողջ անձնակազմի ուրախությունն էր։ Միշտ հարցնում էինք. «Հայարփի, էլի գրիմդ չկա՞», դու էլ պատասխանում էիր. «Ախր, ես գրիմով եմ» (ծիծաղում են,-հեղ.):

Հայարփի. Դերասանուհու համար իսկապես դժվար է առանց գրիմի նկարահանվել, ինչ-որ առումով մարտահրավեր է։


Աննա. Իհարկե, հաճելի է գեղեցիկ ու խնամված երեւալ, բայց ինձ համար կարեւորն էկրանին ոչ թե սիրուն ու շքեղ լինելն է, այլ ժամանակաշրջանին ու իրավիճակին համապատասխանելը:

Հայարփի. Դրա շնորհիվ քեզ նորովի ես փորձում։ Թատրոնում կարող ես լղոզված ու արցունքների մեջ կորած լինել, բայց երբեք չես մտածում. «Վայ, բա տեսքս»: Իհարկե, որոշ դերասանուհիներ առաջին հերթին մտածում են բեմում սիրուն երեւալու մասին, բայց դա մեր մասնագիտության մեջ առաջին «կարմիր դրոշն» է։ Չես կարող գոռալ կամ արտասվել եւ անհանգստանալ, որ սիրուն երեւաս:

Աննա. Պարզապես պետք է իրավիճակին համապատասխանես, թեկուզ տգեղ, բայց ճիշտ լինես։ Երկուսս էլ թատրոնում նման կերպարներ ունենք: Զարմացել էի, որ Բուլգակովի «Երիտասարդ բժշկի գրառումները» ներկայացման մեջ ինձ գիժ տատիկի դերն էր բաժին հասել, ու մտածում էի՝ ո՞նց եմ խաղալու: Եվ ավելի գեշ ու տարեց երեւալու համար խնդրեցի ինձ կեղծամ ու ակնոց տալ:

Հայարփի. Իսկ «Գարդենիա»-ում իմ աղջիկն ես: Հիմա արդեն հասունացել ենք ու դերն այլ կերպ ենք ընկալում, բայց այն ժամանակ լարվում էի, որ հասակակիցներ ենք: Գոռ Մարգարյանն ասաց. «Պետք չէ փորձել ավելի մեծ երեւալ, խաղա՝ ինչպես կաս»։ Դա էլ է կարեւոր, որ չփորձես քո տարիքից մեծ լինել։ Այնպես որ, շատ հետաքրքիր մասնագիտություն ունենք: Մի քանի օր առաջ էի մտածում՝ ինչու ենք այս ամենով զբաղվում։ Ախր, ամեն առումով է շատ սթրեսային ու լարված, բայց դրա հետ մեկտեղ շատ եմ սիրում: Հիմա հասկացա, թե ինչ ճիշտ որոշում եմ կայացրել, որ դերասանուհի եմ դարձել:

Տեսարանը՝ «Գարդենիա» ներկայացումից


Աննա. Անընդհատ քեզ փորձում է, վերեւ ու ներքեւ տանում, հավասարակշռություն ընդհանրապես չես ունենում:

Հայարփի. Բացի այդ, դու չես ընտրում, միեւնույն է՝ քեզ են ընտրում, ինչը շատ դժվար է։ Երբ մի շատ բարձր կետի հասնենք, ինչը, վստահ եմ, մեր կյանքում լինելու է, միեւնույն է՝ մեզ են ընտրելու: Նաեւ շատ սպասողական մասնագիտություն է։

Աննա. Այս մասնագիտության մեջ առաջ գնալն էլ շատ բարդ է, որովհետեւ...

Հայարփի. … Բոլորը դերասան-դերասանուհիներ են:


Աննա. Բացի այդ, մեր ոլորտում շատ անարդար բաներ են տեղի ունենում, ինչից չես կարող խուսափել։ Օրինակ՝ քո աշխատանքը կարող են չնկատել։

Հայարփի. Լուրջ դերասանի կյանքում թատրոնը միշտ պետք է լինի, որովհետեւ այն զգոն է պահում: Բայց շատ քիչ մարդիկ կգան ներկայացումը դիտելու, որպեսզի իրենց նախագծերի համար դերասան ընտրեն: Ես այդպիսի քիչ ռեժիսորների գիտեմ:

Աննա. Ոչ ոք թատրոնի դերասանի աշխատանքը չի գնահատում: Հիմնականում ընտրում են սոցցանցերում ավելի շատ հետեւորդներ ունեցող դերասանների:

Հայարփի. Քեզ հետ էսթետիկ վիդեոներ էինք նկարում, որոնք ոչ մեկը չէր նայում, դրա համար էլ սկսեցինք հումորային բաներ անել: Հիմա մեր «Հեշտ ու հանգիստ» խորագիրը մեծ դիտումներ է գրանցում: Նույնիսկ ինքներս նման արձագանքի չէինք սպասում:



Աննա. Եթե դա է երեւացողն ու պահանջվածը, մենք էլ որոշեցինք հետ չմնալ:

Հայարփի. Բայց դրա հակառակ կողմն էլ կա: Կնայեն ու կասեն. «Սրանք ջրիկ ու անլուրջ են, չարժե ընտրել»: Բա ո՞նց միջինը պահել, ինքս էլ չգիտեմ։

Աննա. Ուզում ես, որ քեզ տաղանդիդ չափով գնահատեն, այլ ոչ թե նման հարթակներից կարծիք կազմեն: Ավելի լավ է՝ երկար քասթինգներ անցկացնեն, մեզ ուսումնասիրեն, բայց ճիշտ ընտրություն անեն:

Հայարփի. Միշտ Ռուսաստանի օրինակն են բերում, որտեղ թատերական ինստիտուտներից մեկն ընդունվելու համար ութ փուլով ընդունելություն ես անցնում, եւ մեկ տեղի համար 400 մարդ է պայքարում: Որոշ ուսանողներ ընդունվելու համար մի քանի տարի շարունակ քննություն են հանձնում։ Ես էլ եմ ժամանակին Ռուսաստանում քննություն հանձնել, բայց շատ երիտասարդ էի եւ ֆինանսական դժվարությունների պատճառով չէի կարող գնալ-գալ: Թող այստեղ էլ ընտրությունը բարդ լինի, բոլորի համար բաց քասթինգ անցկացնեն, տասն անգամ մերժեն, բայց ի վերջո ընտրեն:

Աննա. Մենք պատրաստ ենք այդ տանջանքին ու քասթինգներին, թող ամեն ինչ մարդավարի ու արդար լինի: Ինձ համար դերասան լինելը մեծ ու անդադար աշխատանք է: Օրինակ, դու ի՞նչ ներքին աշխատանք ես անում չլճանալու համար:


Հայարփի. Հենց թատրոնն է օգնում: Եթե տասը տարի առաջ խաղացածդ դերը նայես, ինքդ քեզ վրա կծիծաղես: Կերպարից կերպար աճում ես:

Աննա. Բայց դա նաեւ քեզնից է կախված. եթե ոչինչ չանեիր ու նույն կերպ մնայիր, խաղդ էլ չէր փոխվի կամ ավելի վատը կդառնար։ Էլի եմ կրկնում՝ դերասանն անդադար պետք է աշխատի ու կատարելագործվի։ Չես կարող քեզ տաղանդավոր համարել ու դրանով սահմանափակվել։

Հայարփի. 50/50 է, միայն տաղանդ ունենալը դեռ քիչ է։ Շատ տաղանդավոր մարդկանց եմ ճանաչում, որոնք չեն կարողանում իրենց դրսեւորել։ Չեմ ընդունում, երբ ասում են․ «Կարեւորը՝ այս հինգս հասկանում ենք, արդեն բավական է»։ Բա ինչո՞ւ ենք ներկայացում անում, եթե հասկացողը պիտի հասկանա։ Դու հանդիսատեսի համար ես խաղում. դատարկ դահլիճում հաճույք չես ստանա։

Աննա. Հանդիսատեսի գնահատականը չլինի, մեր մասնագիտությունն էլ ո՞ւմ է պետք։ Բայց կան նաեւ դերասաններ, որոնք ոչ թե հանդիսատեսի համար են անում, այլ հենց իրենց, ու խոսքն անգամ հաճույք ստանալու մասին չէ. պարզապես ուզում են հայտնի դառնալ:

Հայարփի. Արի միմյանց սիրելի դերերն ասենք, բայց նախ ես քոնը կնշեմ: Շատ եմ սիրում «Յամա»-ի քո կերպարը։

Աննա. Դու էլ ներկայացման խորեոգրաֆն էիր ու մեծապես նպաստել ես գործի կայացմանը:


Հայարփի. Ընդ որում՝ շատ պատահական ստացվեց: Գոռը գիտեր, որ պարարվեստի ուսումնարանն եմ ավարտել ու առաջարկեց ներգրավվել աշխատանքներում: Հետո էլ Տաթեւիկ Մելքոնյանը հրավիրեց Մհեր Մկրտչյանի թատրոնում մասնակցել «Այս կանաչ, կարմիր աշխարհ»-ի բեմադրությանը:

Աննա. Ու նոր մասնագիտություն ստացար:

Հայարփի. Վերականգնեցի սովորածս, ու երբ Թատերականի ռեկտորը նայեց ներկայացումը, ինձ հրավիրեց բեմական շարժում եւ պլաստիկա դասավանդել։ Բայց հարցից շատ շեղվեցի։ Քանի որ «Յամա»-ն ծավալուն գործ է, բոլոր կերպարներին անդրադառնալ հնարավոր չէր: Հինգժամանոց ներկայացում կստացվեր: Իհարկե, Ռուսաստանում կամ Անգլիայում մարդիկ այն կնայեին, բայց ոչ մեզ մոտ: Դրա համար կրճատումներ արեցինք, ու թեեւ բոլորի դերերն են քիչ, քոնը, առանց չափազանցնելու, երկու տող դարձավ։ Բայց դու ֆենոմենալ աշխատանք տարար եւ այդ երկու տողից հսկայական կերպար ստացար, որն ամենահիշվողներից մեկն է։

Տեսարանը՝ «Յամա» ներկայացումից


Աննա. Անգամ ուզում էի այդ դերից հրաժարվել, որովհետեւ ընդհանրապես գործողություն չկար: Մտածում էի. «Ի՞նչ պետք է խաղամ»։ Երբ Գոռի հետ սկսեցինք աշխատել, այն իմ ամենասիրելի դերերից մեկը դարձավ: Ամեն անգամ խաղալիս մեծ հաճույք եմ ստանում: Իսկ քո դերերից կառանձնացնեմ «Գարդենիա»-ում իմ մոր կերպարը: Այդ դերով բացահայտում էիր ինձ համար:

Հայարփի. Մինչ այդ ինձ դեր չէին տալիս։

Աննա. Մինչ այդ շատ նեղված էիր ու ասում էիր. «Թատրոնից դուրս եմ գալու: Ինչքան կարելի է այսպես չգնահատված լինել»։ Հիմնականում փոքր դերեր էիր խաղում, բայց միեւնույն է՝ քեզ հիշում էին: Որպես դերասան՝ քեզ իսկապես կարելի է հասկանալ. տարիներ շարունակ քո աշխատանքից հաճույք չէիր ստանում:


Հայարփի. Նույնիսկ մտածում էի՝ գուցե իմ մասնագիտությունը չէ, այդպես էլ է լինում, փորձեմ այլ բանով զբաղվել: Բայց դու պնդեցիր. «Չէ, մի քիչ էլ սպասիր»։

Աննա. Խնդրեցի սպասես, քանի որ զգում էի՝ մի բան կլինի, ու «Գարդենիա»-ն եղավ:

Հայարփի. Չգիտեի, որ Գոռն ինձ այդ դերն առաջարկելու է: Մեկ էլ թղթի վրա կարդացի իմ անունը:

Աննա. Ու, իհարկե, էլի չհավատացիր (ծիծաղում ենք,-հեղ.):

Հայարփի. Զարմացել էի, բայց Գոռը պատասխանեց. «Այո: Դու շատ շնորհքով ու տաղանդավոր դերասանուհի ես»։ Ու եղավ այն դերը, որից հետո ամսական 16 ներկայացում խաղացի: Պետք է կարողանաս դիմանալ ու քո պահին սպասել:

Աննա. Եթե դերասանն աշխատելու ցանկություն ունի, ընդամենը մեկ շանս է պետք՝ իրեն ցույց տալու համար:


Հայարփի. Բայց դիմանալն այդքան էլ հեշտ չէ, իսկ այսօր մրցակցությունն իսկապես մեծ է։ Ոչ մեկին չեմ ուզում թերագնահատել, բայց բոլորը դերասան են։ Հիմա տաղանդավոր լինելու չափորոշիչները շատ են փոխվել: Բազմաթիվ տաղանդավոր մարդիկ կան, որոնց մասին միայն ես ու դու գիտենք, ես էլ չէի կարողանում ինձ իրացնել, որովհետեւ անհրաժեշտ հարթակն ու առաջարկը չկար։ Գուցե մենք էլ մեր կողմից պետք է որոշ բաներ անենք։ Ընկերներից մեկը խորհուրդ է տալիս. «Պետք է քեզ ներկայացնես ու միշտ երեւաս»: Դրա համար էլ սկսեցինք վիդեոները նկարել, քանի որ մի քանի անգամ քասթինգներից հետո ասել են. «Տաղանդավոր դերասանուհի է, բայց քիչ հետեւորդներ ունի»:

Աննա. Ցավոք, մեր կյանքում նման դեպքեր շատ են եղել։ Դրանցից հետո էլ որոշեցինք Ինստագրամում էջ բացել ու այնքան հետեւորդ ունենալ, որ մեզ էլ երբեք նման բան չասեն:

Հայարփի. Ախր դա շատ վիրավորական է: Գուցե այսօր նաեւ դրա շնորհիվ են հանդիսատեսին գրավում, բայց, բարեբախտաբար, գոնե խաղացանկային թատրոններում այդ երեւույթը չկա: Շատ է եղել, որ ինձ հավանել ու գովել են, բայց հետո նայել են հետեւորդներիս քանակը:

Աննա. Շատ ցավալի դեպք հիշեցի. ինձ մի նախագծում արդեն հաստատել էին, բայց հաջորդ օրը պատահաբար իմացա, որ ընտրել են ավելի շատ հետեւորդներ ունեցող դերասանուհու:

Հայարփի. Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել կամ աչքով տալ, բայց կարծես արտաքինի հետ կապված միտումը փոխվել է:

Աննա. Արդեն քիչ են ընտրում սառն ու միանման դեմքերի. բնականին ու էսթետիկին են նախապատվությունը տալիս: Գոհ ու շնորհակալ եմ, որ իմ կյանքում վատ նախագծերը շատ քիչ են եղել։ Չես կարող անվերջ նստել ու սպասել, թե երբ ամենալավ դերը կստանաս, պիտի աշխատես, բայց ընտրելն ու համաձայնելն էլ է բարդ։


Հայարփի. Աննա ջան, մաղթում եմ, որ չհանձնվես: Գիտեմ, թե ինչքան շատ ես սիրում այս մասնագիտությունը։ Շատ օրեր են լինում, երբ ասում ես. «Էլ չեմ զբաղվելու», բայց հուսադրում եմ քեզ, որ լավ կլինի, նույնն էլ դու ես ինձ ասում: Կարծում եմ՝ հիմա դերասան լինելու լավագույն տարիքդ է՝ շատ երիտասարդ չես, բայց նաեւ մեծ էլ չես, բացի այդ, փորձառու ես ու քո ապրած կյանքի շնորհիվ այլ հայացք ունես: Իսկ հայացքը մեր մասնագիտության մեջ ամենակարեւորն է: Շատ լավ ժամանակներ ենք ապրում, եւ կյանքը հրաշալի է։ Մեզ բազում լավ նախագծեր են սպասվում:

Աննա. Համաձայն եմ։ Ես էլ քեզ ուզում եմ ասել, որ շատ սիրուն ես, որովհետեւ էկրանին քեզ այդքան էլ չես հավանում։ Միշտ կողքիդ կլինեմ ու կհուշեմ, որ սիրուն, բնական եւ տաղանդավոր ես: Գուցե քեզ դեռ այդքան էլ շատ չեն գնահատում, բայց գիտեմ, որ դրան էլ կհասնես։

Հայարփի. Այդ բարդույթն այն ժամանակ է առաջացել, երբ իմ փոխարեն ուրիշին էին նկարել: Սկսել էի մտածել, որ ճիշտ չափանիշը նա է, բայց Փառք Աստծո, հետո ամեն ինչ հասկացա:


Աննա. Պարզապես դու ճիշտ տեղում չէիր: Մաղթում եմ, որ լավ նախագծերում հայտնվես, որտեղ քեզ իսկապես կգնահատեն, քանի որ տաղանդավոր ես: Չեմ ասում այն պատճառով, որ ընկերուհիս ես, այլապես կլռեի ու կմաղթեի, որ առողջ ու երջանիկ լինես։

Հայարփի. Բայց դա նույնպես լավ մաղթանք է:

Աննա. Իհարկե, առանց դրա չի լինի: Բայց քանի որ մեր զրույցն ավելի շատ մասնագիտական ստացվեց, ուզում եմ ասել՝ Հայարփի, շատ քիչ է մնացել, համբերիր, ու ամեն ինչ շատ լավ կլինի:

Հայարփի. Ես էլ մի բան ավելացնեմ՝ դու հրաշալի մայրիկ ես ու միշտ քեզ մեղավոր ես զգում, որ երեխայիդ քիչ ժամանակ ես հատկացնում: Բայց դու ամեն ինչ Նեոյի համար ես անում: Ասել եմ, հիմա էլ կկրկնեմ՝ ամեն ինչ շատ լավ ես անում, հիանում եւ հպարտանում եմ քեզնով։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW