Կյանքի կայարաններով ու հուշերի կանգառներով. Մայր թատրոնի բեմում Հայաստանի վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանը պատմում է 75 տարիների անցած-գնացածը՝ մանկությունից մինչեւ այսօր: Ընտանիքի 14-րդ երեխան էր, կամ ինչպես ինքն է կատակով ասում, «պահանջված ավելորդը»։ Առաջին կանգառը, իհարկե, մանկությունն էր։
«Մի անգամ մայրիկիս ասացի. «Մա՛մ, դու ինչի՞ ես այդքան ծեր: Իմ բոլոր ընկերուհիների մայրերը շատ ջահել են»: Մայրս նայեց դեմքիս, նեղվեց ու խղճահարված ասաց. «Ախր դու չպիտի ծնվեիր էլի»»։
Դերասանուհին հիշում է, թե ինչպես պատանեկության կանգառում ընտանիքից գաղտնի եւ հարեւանից գումար պարտք վերցնելով, Գյումրիից հասավ Երեւան՝ Թատերական ինստիտուտ ընդունվելու։ Ընտանիքում բոլորն էին դեմ դերասանուհի դառնալուն՝ թե՛ խիստ հայրը, թե՛ եղբայրները, բայց փայլուն արդյունքներով ընդունվեց, ու սկսվեց դերասանական կարիերան։ Մասնագիտական առաջին կանգառը Ստեփանակերտի թատրոնն էր։
«Գնացի Ստեփանակերտ: Իմ կյանքի մասնագիտական կարիերայի հիմքը դրվեց այնտեղ»։
17 տարի անց հաջորդ հանգրվանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնն էր, ապա՝ Մայր թատրոնը, «Բոհեմը» եւ «Հանդարտ» մշակութային այգին։
«Ոտքս դրեցի «Հանդարտ», մնացի զարմացած։ Գոռացի՝ հերանցս տուն եմ եկել։ Սարերի մեջ այնտեղ ոչ ծանր վարագույր կա, ոչ լուսավորություն, ոչ բարձր առաստաղ։ Բեմի վերեւում երկինքն է, վարագույրը բացում է քամին, ու երբեմն քո խոսքին պատասխանում են ծառերը»։
Անձնական կյանքի կայարանում արտիստուհին արդեն երկու աղջիկ ուներ, երբ հանդիպեց ապագա ամուսնուն՝ դերասան Սամվել Բաղինյանին։
«Պահանջված ավելորդը» փաստավավերագրական ներկայացում էր՝ դուրս դասական ձեւաչափից ու համեմված կենսագրական, դրամատիկ ու զավեշտալի պատմություններով։ Հանդիսատեսը մոտ երկու ժամ շունչը պահած հետեւում էր դերասանուհու կյանքի պատմությանը՝ հուզվելով, ծիծաղելով ու ապրելով ամեն դրվագը։
Բեմադրիչ Տիգրան Գյուլումյանի խոսքով՝ հոբելյանական երեկոն անակնկալ էր հենց դերասանուհու համար։
«Ստեղծագործական առումով 25 տարեկան է, որովհետեւ այդ եռանդն ունի։ Ճիշտն ասած՝ ինքը չէր նախատեսում։ Մտահղացումն իմն էր՝ օրն անպայման պետք է նշանակալի դառնար, եւ դա պետք է տեղի ունենար հենց բեմում։ Այդպես նախաձեռնեցի սցենարային ու բեմադրական աշխատանքները»։
Ներկայացումից հետո դերասանուհին խոստովանեց՝ ընդամենը մի քանի օր առաջ էր ստացել սցենարն ու իմացել, որ Մայր թատրոնի բեմում նշվելու է իր 75-ամյակը։
«Ուրախացել էի, որ թատերաշրջանն արդեն վերջացավ, ամեն ինչ հանդարտվեց։ Ասացի՝ կգնամ իմ վաստակած հանգստին, ու հանկարծ Տիգրան Գյուլումյանը՝ սցենարը թեւի տակ, եկավ ու ասաց՝ պիտի անեմ քո հոբելյանը։ Երկու օրում պատրաստվեցի։ «Հիմա դուք ինձ ասեք՝ ես պահանջվա՞ծ եմ, թե՞ ավելորդ։ Որովհետեւ լինում է դադար, ոչ ոք ոչ մի խոսք չի ասում, ձայն չկա, ես տառապանքների մեջ եմ, ու հանկարծ անձրեւի պես վրա է հասնում։ Եթե պահանջված եմ՝ ինչո՞ւ եմ ավելորդ, իսկ եթե ավելորդ եմ՝ ինչո՞ւ եմ պահանջված»։
Կյանքի ու բեմի բոլոր կայարաններում նրա կողքին է ամուսինը՝ դերասան Սամվել Բաղինյանը։ Այսօր էլ ամենայն մանրամասնությամբ հիշում է իրենց սիրո պատմությունն ու խոստովանում՝ Ջուլիայի հետ ե՛ւ դժվար է, ե՛ւ հեշտ։
«Մի առիթով ասել եմ, որ զարմանալի ձեւով մոռանում եմ, որ նա իմ կինն է, երբ նրան բեմում եմ տեսնում: Ես հենց սկզբից Ջուլիային սիրահարվել եմ որպես դերասանուհու՝ բեմի վրա։ Ես ինձ երջանիկ եմ զգում իմ Ջուլիայի հետ»։
Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը խոստովանեց, որ Ջուլիետա Ստեփանյանը բարդ ու պահանջկոտ արտիստ է, պատմեց ուշագրավ մի դրվագ իրենց զրույցներից։ Ստեփանյանը մի առիթով խոսել էր իր մեծ երազանքի մասին՝ գլխավոր դերով հանդես գալ «Ծառերը կանգնած են մահանում» ներկայացման մեջ։ Երազանքն արդեն իրականություն է. Մայր թատրոնը պատրաստվում է բեմադրել պիեսը, որում գլխավոր դերը ստանձնելու է հենց Ջուլիետա Ստեփանյանը։
«Կարծում եմ, որ այն, ինչ տիկին Ջուլիան արել է Սունդուկյան թատրոնում, դեռ բավարար չէ։ Նա դեռ շատ անելիք ունի այստեղ՝ իր հանդիսատեսի, մեզ բոլորիս եւ, ի վերջո, հայ թատրոնի համար։ Որովհետեւ բնությանն այդքան մոտ, այսքան բնական արտիստներ շատ հաճախ չեն լինում»։
Հոբելյանական երեկոն միայն բեմական ներկայացմամբ չեզրափակվեց։ Հետո տեղի ունեցավ Անուշ Ասլիբեկյանի հեղինակած «Պահանջված ավելորդը» գրքի շնորհանդեսը, որում ամփոփված է արտիստուհու կյանքն ու թատերական ուղին։
75 տարիների կայարաններով անցած արտիստուհու համար հոբելյանական երեկոն ոչ թե ամփոփում էր, այլ նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ։
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սիփան Գյուլումյանի


×
86





