×


Փիթեր Բալաքյան. «Իմ կյանքի մեծագույն ձախողումներից մեկը հայերեն չխոսելն է»

Ամերիկահայ գրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Փիթեր Բալաքյանին հյուրընկալել էին «Զանգակ» գրատանը՝ «Արի» գրականության հիմնադրամի կազմակերպած «Զուգահեռներ» գրականության միջազգային փառատոնի շրջանակում։ Նա հայ ընթերցողին ներկայացնելու էր եկել իր երկու նշանակալի գործերի՝ «Ճակատագրի սեւ շունը» հուշագրության եւ «Օզոնային օրագիր» բանաստեղծական ժողովածուի հայերեն հրատարակությունները։

«Շնորհակալ եմ, որ այս նոյեմբերյան երեկոն ինձ հետ եք անցկացնում։ Իմ կյանքի մեծագույն ձախողումներից մեկն այն է, որ հայերեն չեմ խոսում... Կյանքիս մեծ մասն անցկացրել եմ փոքրիկ գյուղական շրջանում գտնվող համալսարանում դասավանդելով եւ մեծ քաղաքում չեմ ապրել, որպեսզի հայերենի դասերի հաճախեմ։ Եվ սրանում միայն մասամբ կարող եմ ծնողներիս մեղադրել»,- ասում է Բալաքյանն ու ծիծաղ առաջացնում լսարանի շրջանում։

Փիթեր Բալաքյանը


«Ինձ համար մեծ ուրախություն է, որ այս գրքի հայերեն տարբերակն ամենալիարժեքն է: Այն համալրված է եւս երկու նոր գլխով, որոնք պատմում են Սիրիա եւ Դեր Զոր իմ կատարած այցի մասին»,- նշում է հեղինակը եւ շարունակում. «Մութ անցյալի մասին բացահայտ չէին խոսում, սակայն տրավմատիկ հարցերը միշտ ինչ-որ ճեղքերից ջրի երես էին դուրս գալիս։ Երբ կարդաք հուշագրությունը, հատկապես տատիկիս՝ որպես Ցեղասպանությունը վերապրածի պատմությունը, կտեսնեք, թե ինչպես է այս ամենը փոխանցվում սերնդեսերունդ։ Այդ ցավոտ պատմությունները հոսում էին հեքիաթներով ու մղձավանջներով, եւ ես տարեցտարի սկսեցի ապակոդավորել ու գաղտնազերծել պատահաբար լսած խոսակցությունները»։

Արամ Պաչյանը գրքի խմբագիրն է, ում առաջարկով գիրքը թարգմանվել է հայերեն։ Նա արագ-արագ կապում էր բառերը՝ մտքերն ավելի սեղմելու համար, բայց ասելիք շատ կար:

Արամ Պաչյանը


«Հետաքրքրական այս հուշավեպն անհրաժեշտ էր, որ լինի ընթերցողի սեղանին: Փիթեր Բալաքյանի գրականությունը մեծապես ճանաչելու անհրաժեշտություն կա։ Մինչ օրս, կարծեմ, հայ-ամերիկյան գրական կապերի այդ ամբողջ երգը սկսվում ու ավարտվում է Վիլյամ Սարոյանով։ Ու կարծում եմ՝ շատ կարեւոր է դուրս գալ նաեւ այդ պարադիգմից, այդ նարատիվից եւ ծանոթանալ մի այլ յուրօրինակ գրողի ու մի այլ աշխարհի։ Եվ եթե մի փոքրիկ կամրջով կապեցի ընթերցողին եւ հրատարակչությանը, ուրախ եմ։ Շատ բան չեմ արել»,- նշեց նա:

Խոստովանում է՝ երբեք չի մոռանա Նաֆինային՝ հեղինակի տատիկին, որն իր համար էլ է տատիկ դարձել. «Եթե չլիներ Արտեմ Հարությունյանի՝ շուրջ 25 տարի առաջ լույս տեսած թարգմանությունը, չէի կարդա գիրքը եւ չէի ծանոթանա Փիթեր Բալաքյանի հուշագրությանը: Ես այն գրադարանից էի վերցրել։ Տարիներ անցան, բայց գիրքը չկար ընթերցողի սեղանին։ Շնորհակալ եմ Փիթերին, որ գրել է այս գրքերը»։

Հովհաննես Գալստյանը


Թարգմանությունը Հովհաննես Գալստյանինն է։ Ասում է՝ իրեն թարգմանիչ չի համարում, բայց երբ Արեւիկն ու Արամն առաջարկել են, համաձայնել է. «Սա մեծ արձակ է՝ բանաստեղծի արձակ, որը մեր առաջ բացվում է կարծես լայնահուն պողոտա, փողոց։ Եվ հանկարծ, անսպասելի, ասես մի վայրկյանում ամեն ինչ փոխող հայացքը բացում է խոր ետնաբակեր, նրբանցքներ, իրեր։ Այդտեղ թաքնված են մեծ պատմական խճանկարի պատառիկները, որոնք քիչ-քիչ հավաքվում են։ 

Գիրքը Ցեղասպանության պատմությունը պատմում է հեքիաթային, առասպելական լեզվով։ Նույնիսկ երբ հեղինակը գրքի երկրորդ հատվածում փորձում է իմաստավորել այդ արքետիպային տարածությունը եւ դրան այլ մեկնություն տալ, միեւնույն է, առասպելական տարածության սահմանը չի հատում։ Եվ քանի որ այդ սահմանը չի հատվում, ինձ համար այս գրքի գեղարվեստական ամենամեծ արժանիքն է, որովհետեւ այն չի վերածվում փաստագրական պատումի»:


Փիթեր Բալաքյանի մյուս գիրքը «Օզոնային օրագիր» բանաստեղծական ժողովածուն է, որն 2016 թվականին արժանացել է հեղինակավոր Պուլիցերյան մրցանակի: Այն գրական եւ հիշողության մի մեծ կտավ է, որում միահյուսվում են անցյալն ու ներկան, պատմական ողբերգությունն ու անհատական փորձառությունը։ Հեղինակն իրար է համակցել անհամադրելին, այն չի ճանաչում ժամանակ եւ տարածություն: 

«Այս շարքի աշխարհագրությունը բավական մեծ է․ գրեթե յուրաքանչյուր բանաստեղծություն ինչ-որ աշխարհագրական կետում է գտնվում. մեկը կլինի Անին, մյուսը՝ Նայրոբին, Նյու Յորքը, Հալեպը, սիրիական անապատը, Իրաքը... Բայց ի՞նչն է ժողովածուում այս բոլորն իրար կապում Արիադնեի թելի պես։ Որոշ պատկերներ, որոնք կրկնվում են տարբեր բանաստեղծություններում, բայց արդեն կերպարանափոխված ձեւով»,- նկատում է թարգմանիչ Կարեն Ղարսլյանը։

Կարեն Ղարսլյանը


Կարենի համար գիրքը թարգմանելը նաեւ ուսանելի ճանապարհորդություն էր բանաստեղծական որոշ հնարքներ բացահայտելու առումով։ Դրանք, թերեւս, հնարավոր էր նկատել միայն թարգմանության ընթացքում։

«Շնորհակալ եմ այն բոլոր ժամերի համար, երբ միասին նստած՝ փորձում էինք ճանապարհ հարթել այս հինավուրց լեզվի համար, որ մկանները խաղացնի, մի քիչ ճկվի ու ազատ հորդի։ Փիթերին դուր է գալիս իրար կպցնել առանձին թեմաներ, իրար քիչ համապատասխանող պատկերներ ու կերպարներ, եւ հենց այդ դղրդյունն է, որ բերում է բանաստեղծական լիցքը։ Թարգմանելիս սկսեցի նկատել, թե ինչ միջոցներով է նա ամրացնում այդ կոլաժային պատկերները։ Նկատեցի, որ սոսինձը, որով կոլաժի կտորները միանում են իրար, հաճախ առձայնույթներն ու բաղաձայնույթներն են»,- ասաց նա: 


Փիթեր Բալաքյանը երեկոն եզրափակեց՝ շնորհակալություն հայտնելով թարգմանիչներին, ինչպես նաեւ Արեւիկ Աշխարոյանին՝ հրատարակչական գործունեության համար։ Ասաց՝ գրականությունն այն սոսինձն է, որը պահում է հասարակությունը եւ իրար կապում տարբեր սերունդներ։

Տեքստը՝ Անահիտ Ամիրխանյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 

Կարդալ ավելին

Quality Sign BW