ENIGMA-ի «ոսկե ձայնը»` Էնդրյու Դոնալդսը, այսօր ներկայանալու է երեւանյան հանդիսատեսին: Համերգից առաջ Bravo.am-ի լրագրողը մի քանի հարց է ուղղել երաժշտին եւ պարզել, որ նա Հայաստանի հետ հուզական կապ ունի։
- Էնդրյու, ինչո՞ւ որոշեցիք գալ Հայաստան եւ այստեղ ելույթ ունենալ։ Ձեզ համար սա առանձնահատո՞ւկ այց է:
- Շատ տարիներ ես հետաքրքրված եմ եղել Հայաստանով եւ ցանկացել եմ գալ այստեղ։ Չգիտեմ՝ գիտե՞ք, թե՞ ոչ, բայց որդուս մայրը հայուհի է, տատիկը նույնպես հայուհի է, զարմիկը՝ հայ։ Որդիս կիսով չափ հայ է, կիսով չափ՝ ճամայկացի։ Նրանք բազմիցս եղել են այստեղ, իսկ ես՝ ոչ։ Այնպես որ, Հայաստան գալու եւ այստեղ ելույթ ունենալու հնարավորությունն, իհարկե, շատ հետաքրքիր է։ Սա պատմական քաղաք է՝ քրիստոնեության պատմությամբ, եւ այս ամենը խորը մթնոլորտ է ստեղծում, մանավանդ որ այստեղ իմ արյունն է։
- Ձեր որդու հայկական արմատնե՞րն են ազդել Երեւանում ելույթ ունենալու Ձեր որոշման վրա։
- Մասամբ՝ այո, որովհետեւ շատ էի ցանկանում գալ այստեղ եւ ելույթ ունենալ։ Հույս ունեի, որ նա կկարողանա ներկա լինել, բայց, ցավոք, չստացվեց:
- Ի՞նչ կարող է ակնկալել հայ հանդիսատեսը Ձեր համերգից, եւ ի՞նչ եք սպասում Դուք նրանց հետ հանդիպումից։
- Գիտեք՝ ես 10 տարի աշխատել եմ ENIGMA-ի հետ։ Դիեգոյի մայրիկից էլ լսել եմ, որ ENIGMA-ն միշտ հայտնի է եղել Երեւանում եւ ընդհանրապես Հայաստանում։ Այդ պատճառով ուզում եմ, որ մարդիկ լսեն իսկական, բնօրինակ ձայներն ու այն երգերը, որոնց ստեղծմանը ես մասնակցել եմ։ Աշխատել եմ հինգ ալբոմի վրա, ինչպես նաեւ Միխայել Կրետուի եւ Սանդրայի հետ երկու սոլո ալբոմ եմ թողարկել։ Ելույթ եմ ունեցել լարային նվագախմբի հետ։ Իսկ երեւանյան բեմում ինձ կմիանա երգիչ Դավիթը:
Ամեն ինչ լինելու է ձայնի, իհարկե, նաեւ հիանալի երգերի ու մշակումների մասին։ Մարդիկ կարող են վստահ լինել, որ ունկնդրելու են 100 տոկոս կենդանի վոկալ երկուսուկես ժամ շարունակ՝ առանց դադարի։ Դա մի քիչ դաժան է, որովհետեւ անդադար վոկալային մարզում է։
Իհարկե, ունեցել եմ նաեւ իմ սեփական սոլո հիթերը՝ Michelle, A Lot of Love, Simple Obsession։ Հուսով եմ՝ կկարողանամ մարդկանց այնպիսի տպավորություններ պարգեւել, որոնցով նրանք տուն կգնան եւ երբեք չեն մոռանա այդ երեկոն։ Ուզում եմ, որ նրանք հիշեն համերգն ու ասեն. «Աստվա՜ծ իմ, ես Էնդրյու Դոնալդսի կատարմամբ լսեցի ENIGMA-ի երգը։ Ապշեցուցիչ էր»։
- Դուք ելույթ կունենաք լարային նվագախմբի եւ մանկական երգչախմբի հետ։ Ինչպե՞ս դա կանդրադառնա ENIGMA-ի ծանոթ հնչողության վրա։ Ձեր կարծիքով՝ ո՞ր երգերն առավել հետաքրքիր կհնչեն այսպիսի կատարմամբ։
- Քանի որ Միխայել Կրետուն ստեղնաշարային գործիքների փայլուն կատարող էր, ինչպես նաեւ կոնցերտմայստեր ու դիրիժոր, շատ երգեր լավ են համադրվում լարային գործիքների հնչողության հետ: Դա նրանց լրացուցիչ հմայք է հաղորդում նոր մշակումների ու հակամեղեդիների շնորհիվ։ Օրինակ՝ իմ սոլո ալբոմներից Snowing Under My Skin-ը, որը ստեղծել եմ Կրետուի հետ։ Մենք ունենք հատուկ տարբերակ՝ գեղեցիկ դաշնամուրային նվագակցությամբ։ Բայց, իհարկե, սա սիմֆոնիկ լարայինների եւ խելահեղ, վայրի ռոք-ն-ռոլային վոկալի համադրություն է՝ միախառնված էթնիկ կարիբյան բացականչությունների, ոռնոցի եւ խենթ այլ դրսեւորումների հետ։ Այդ համադրությունն իսկապես հիանալի է, որովհետեւ շատ էկլեկտիկ է, իսկ ես դրան ավելացնում եմ իմ կարիբյան համը։
Զրույցը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի/Bravo.am/


×
47





