×


BRAVO.am-ի հրապարակումը` հանրահայտ պարուհի Վիկտորյա Անանյանին Երեւան հրավիրելու առիթ :)

Բալետի հայազգի հայտնի մենապարուհի Վիկտորյա Անանյանի մասին BRAVO.am-ը պատմել է դեռ 2012-ի փետրվարին: Նա մեզ հետ զրույցում նշել էր, որ աշխարհի ամենատարբեր երկրների բեմերում պարելուց հետո երազում է Հայաստանում հանդես գալու մասին եւ ուզում է` հայ ազգը ճանաչի իրեն:):

Բալետի պարուհի Վիկտորյա Անանյանը


BRAVO.am-ի հարցազրույցը կարդալուց հետո ռեժիսոր Խաչիկ Եղոյանը որոշում է համացանցի միջոցով կապ հաստատել պարուհու հետ եւ նրան հրավիրել Հայաստան: Վիկտորյա Անանյանը 5-օրյա այցով հայրենիքում է:): Թեեւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այս անգամ նա չի պարի, բայց հնարավորություն ունի իր փորձով կիսվելու հայ պարուհիների հետ:

Վիկտորյա Անանյանը` Լեյլա Սարիբեկյանի տեսահոլովակի նկարահանումներին


Խաչիկ Եղոյանի առաջարկով բալերինան երեկ` մարտի 5-ին, վարպետության բաց դաս է անցկացրել Սոֆի Դեւոյանի պարի եւ հոգու թատրոնի սաների համար: Վիկտորյան մեծ սիրով ու ոգեւորությամբ իր փորձով կիսվում էր երիտասարդ պարուհիների հետ, բացատրում ճկուն ու գեղեցիկ բալետ պարելու տեխնիկան: 

“Ուզում եմ ցույց տալ` ինչ կարող եմ անել: Շատ երկրներում եմ եղել, հիմա էլ անընդհատ նոր հրավերներ են լինում, օրինակ` հենց այսօր պատասխանում էի Լոնդոնից ուղարկված նամակին, բայց հայաստանյան հանդիսատեսին ներկայանալն ինձ համար իրոք շատ կարեւոր է”,-նշել է նա:

Վիկտորյա Անանյանը վարպետության դաս է անցկացրել Սոֆի Դեւոյանի սաների համար


Նախորդ տարի որոշ ժամանակով Միացյալ Նահանգներում աշխատելուց հետո Վիկտորյա Անանյանն այժմ կրկին աշխատում է Նիդեռլանդներում. տեղի պետական բալետի ստուդիայի մենապարուհիներից է: Ազատ ժամանակ գտնելու դեպքում ուզում է նորից վերադառնալ ԱՄՆ` իրականացնելու իր պարային նախագծերը. “Ամերիկան ինձ դուր է գալիս, կուզեի շուտ-շուտ գնալ, որովհետեւ հետաքրքիր միջավայր է: Չեմ ուզում ասել, որ Հայաստանում այդ ամենը չկա, բայց այնտեղ ֆինանսավորումը մեծ է, բայց Հայաստանի օդը, մարդկանց էլ շատ եմ սիրում: Միգուցե ինձ այստեղ զբոսաշրջիկի պես են վերաբերվում, բայց ես հայ եմ:)”:

Բալետի պարուհի Վիկտորյա Անանյանը


Նրա օրակարգում ամեն ժամը նախապես պլանավորված է, ամեն օր պարտադիր պետք է պարապի, Երեւանում էլ բացառություն չի անում. “Գնում եմ պարարվեստի ուսումնարան, որտեղ բոլորը ծնողներիս կոլեգաներն են: Իմ սիրելի Էլվիրա Մնացականյանի հետ փորձ արեցինք: Երբ փոքր էի, շատ էի հավանում նրա պարը, ինձ համար նա էր հայ գեղեցիկ պարուհին”:

Բալետի պարուհի Վիկտորյա Անանյանը


Բալետային մեծ ընտանիքում ծնված Վիկտորյան 7 տարեկանում ընտանիքի հետ գնացել է Հայաստանից, կարծում է` եթե մնար հայրենիքում, դժվար թե բալետի պրոֆեսիոնալ պարուհի դառնար. “Առաջին ու ամենախիստ ուսուցչուհիս մայրս էր, հետո տարբեր երկրներում բնակվելով` ունեցել եմ բալետի աշխարհում շատ հայտնի ուսուցիչներ”:

Սոֆի Դեւոյանի կարծիքով` իր սաներն այս բաց դասը երկար կհիշեն. “Վիկայի պապիկին ու ծնողներին ճանաչել եմ: Ուրախ եմ, որ նա կարող է երիտասարդներին փոխանցել իր պարային փորձը”:

Վիկտորյա Անանյանը եւ Սոֆի Դեւոյանը թոռնիկի հետ


Խաչիկ Եղոյանն էլ բացի վարպետության դասից, բալետի պարուհուն առաջարկել է նկարահանվել Լեյլա Սարիբեկյանի նոր տեսահոլովակում, որի պրեմիերան կլինի մոտ տասն օրից.“Իսկապես շատ էի ուզում, որ պարուհուն իր հայրենիքում ճանաչեն. նա լեգենդի ճանապարհով է գնում, ելույթ է ունենում հանրահայտ բեմերում: Եթե առօրյա հոգսերից բացի, մի քիչ էլ մտածենք հոգեւոր սննդի մասին, մեր մշակույթը չի վերանա: Ունենք հրաշալի պարուհի, օտար երկրներում գիտեն նրա մասին, իսկ մեր երկրում` ոչ”:

Խաչիկ Եղոյանը, Սոֆի Դեւոյանը եւ Իռեն Ուլիխանովան


Վիկտորյա Անանյանը մարտի 7-ին կմեկնի Հայաստանից, բայց` նորից վերադառնալու ակնկալիքով: Միգուցե հաջորդ տարի նա իր բալետային խաղընկերների հետ հայ հանդիսատեսին ներկայանա դասական ու մոդեռն բալետների համակցված շոու-համերգով, նաեւ կկարողանա սեփական աչքերով տեսնել իր սիրելի Տաթեւի վանքը, ուր ժամանակի սղության պատճառով այս անգամ չի հասցնի գնալ: 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW