×


“ReAnimania 2012”-ի հաղթող ֆիլմերի անունները հայտնի են

2012 թվականի “ReAnimania”-ն արդեն պատմություն է. 4-րդ անգամ Երեւանում  կայացել է անիմացիոն միջազգային կինոփառատոնը, որի ընթացքում ութ օր շարունակ ցուցադրվել է շուրջ 400 անիմացիոն ֆիլմ:

Լուսինե Քասարջյանը եւ Վրեժ Քասունին


Կինոփառատոնի փակման արարողությունը նոյեմբերի 8-ին էր` “Մոսկվա” կինոթատրոնում, որտեղ էլ ժյուրիի անդամները հայտարարել են հաղթողների անունները, որոնց կարող ես ծանոթանալ ստորեւ:

Իրենց ելույթի ընթացքում փառատոնի կազմակերպիչներն ու ժյուրիի անդամները կարեւորել են  փառատոնի առկայությունը, իսկ Բրազիլիայից եւ Գերմանիայից ժամանած հյուրերը շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: “Առաջին անգամ եմ Հայաստանում, շնորհակալ եմ, որ սիրալիր ու ջերմ եք եղել, եւ ինձ շատ լավ եմ զգացել այս օրերին”, - ասել է լիամետրաժ ֆիլմերի ժյուրիի անդամ բրազիլացի Մարսելո Մարաոն: 

Հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանը


Հաղթողների անունները հայտարարելուց հետո ցուցադրվել է կինոփառատոնի երեւանյան պրեմիերաներից մեկը` իսպանական արտադրության 89 րոպե տեւողությամբ “Կնճիռներ” անիմացիոն ֆիլմը, որը հանդիսատեսին ներկայացվել է անգլերեն եւ հայերեն ենթագրերով:

Պակո Ռոկոյի համանուն կոմիքսի հիման վրա ստեղծված "Կնճիռներ"-ը 2D անիմացիոն լիամետրաժ ֆիլմ է չափահաս հանդիսատեսի համար: Այն ծերանոցում հայտնված Էմիլիոյի ու Միգելի մասին է, որոնց միջոցով ցույց է տրվում ծերանոցի առօրյան: 

"Ռեանիմանիա 2012"-ի փակմանը ցուցադրվել է “Կնճիռներ” անիմացիոն ֆիլմը


Նշենք, որ “Մեկ հովանոցի ներքո” խորագիրը կրող փառատոնը մեկնարկել էր նոյեմբերի 3-ին, որի շրջանակում ներկայացվել են մրցութային եւ հատուկ ծրագրեր: Փառատոնը հյուրընկալել է անիմատորների Բրազիլիայից, Գերմանիայից եւ Ռուսաստանից, որոնք հայաստանյան ժյուրիի անդամների հետ որոշեցել են այս տարվա հաղթող ֆիլմերը, նաեւ անցկացրել սեմինարներ ու վարպետության դասեր:

Մինչ ֆիլմի դիտումը փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին 5-րդ "ՌեԱնիմանիա"-ն հայտարարել է բացված. “Բոլորիդ սպասում ենք 2013-ի նոյեմբերի 2-ին ներկա գտնվելու 5-րդ թողարկմանը”:

Արթուր Իսպիրյանը եւ Վիգեն Չալդրանյանը


“ReAnimania 2012”-ի մրցանակակիր ֆիլմերն են՝

Լիամետրաժ մրցույթային ծրագիր -“Մարդու ողբերգությունը” (Հունգարիա, Մարսել Ջանկովիչ),
Կարճամետրաժ մրցույթային ծրագիր – “Չինտի” (Ռուսաստան, Նատալիա Միրզոյան),
Ավարտական մրցույթային ծրագիր - “366 օր” (Գերմանիա, Յոհաննես Շիեսել),
Հեռուստատեսային /գովազդ մրցույթային ծրագիր – “Կանգնելով հանուն ազատության” (Չեխիա, Իսպանիա, Կարլոս Լասկանո),
Ժյուրիի հատուկ նշում – “WWF 100 % վերականգնվող էներգիա” (Ճապոնիա, Ամիկա Կուբո Տորի)
Երաժշտական ծրագիր – “Դաշնամուրի ոգիները” (Լեհաստան, Մագդալենա Օսինսկա),
Մանկական ժյուրիի ընտրություն – “Հանդուրժիր ինձ” (Գերմանիա, Կասիա, Վիլք)։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW