×


Show Must Go On կամ առաքելությունն իրականացված է…

Ինչպես գիտեք, նախորդ տարի ողջ աշխարհում նշվել է բրիտանական լեգենդար “Queen” խմբի կազմավորման 40-ամյակը:): Այդ առիթով աշնանը bmi-ը (British Midland International) եւ Մեդիամաքս լրատվական գործակալությունն իր BRAVO.am կայքով նախաձեռնեցին հերթական համատեղ մրցույթը, որի մասնակիցները պետք է շարադրություն գրեին “Queen խմբի իմ ամենասիրելի երգը” թեմայով:

bmi-ի եւ Մեդիամաքսի համատեղ մրցույթի հաղթող Հասմիկ Մադաթյանը Լոնդոնում


Ժյուրիի միաձայն որոշմամբ, մրցույթի հաղթող ճանաչվեց Երեւանի Ավան թաղամասի բնակիչ Հասմիկ Մադաթյանը, որը,  ինչպես եւ խոստացել էինք, ստացավ բացառիկ մրցանակ՝  էկոնոմ դասի երկու տոմս Երեւան-Լոնդոն-Երեւան երթուղով, Լոնդոնի հյուրանոցի կացության ծախսեր 3 գիշերվա համար ու “We will rock you” մյուզիքլի 2 տոմս:):

Եվ այսպես, Հասմիկն արդեն հասցրել է վայելել այս ֆանտաստիկ մրցանակը:): Մեր ընթերցողներին կոչ ենք անում շարունակել ակտիվորեն մասնակցել Մեդիամաքսի եւ BRAVO.am-ի  զանազան միջոցառումներին, իսկ ստորեւ ներկայացնում ենք վերոնշյալ մրցույթի հաղթողի տպավորություններն իր լոնդոնյան այցից:

Հասմիկ Մադաթյան.

Երկուսով երեք անմոռանալի օր անցկացրեցինք Լոնդոնում` Օլիմպիական խաղերին նախապատրաստվող, Թագուհու գահակալության 60-ամյակը նշող, ավանդապաշտ ու ժամանակակից, զուգված-զարդարված, ու որքան էլ անհավանական հնչի` արեւոտ ու շենշող Լոնդոնում…

bmi-ի եւ Մեդիամաքսի համատեղ մրցույթի հաղթող Հասմիկ Մադաթյանը Լոնդոնում


Իսկ մինչ այդ` Լոնդոնը վայելելու հնարավորություն ընձեռող մրցույթի մասին հայտարարությունը պարզապես հետապնդում էր ինձ… Մեդիամաքս-ի եւ bmi-ի կողմից կազմակերպված այս նախաձեռնությունը բառիս բուն իմաստով հանգիստ չէր տալիս ինձ ոչ տանը, ոչ աշխատավայրում…

«Մեկ է, չես հաղթելու»… Երբ ինքս ինձ ուղղված խիստ տրամաբանական եւ տիպիկ հայկական ծանրակշիռ բոլոր փաստարկներս վերջնականապես կորցրեցին իրենց ուժն ու ազդեցությունը, հրաշքի սպասումը հերթական անգամ սկսեց տոնել իր վաստակած հաղթանակը: 

Ու որքան էլ որ սառը տրամաբանությունը համառում էր, որ չարժեր ամենաթանկ ու ամենանվիրական հույզերը հանձնել Մեդիամաքս-ի եւ bmi-ի դատին, որ միեւնույն է, գործնականում ոչ մի պատահական մարդ չի շահում ուղեւորություն դեպի Լոնդոն, եւ այն էլ bmi-ով, ներքին հրաբուխի տարերային հոսքն այլեւս դարձել էր կանոնավոր շարադրանք ու հանգիստ տեղավորվել էլեկտրոնային մեկ էջի վրա` «Queen» խմբի իմ ամենասիրելի երգը`Show Must Go On…

"Լոնդոնը վայելելու հնարավորություն ընձեռող մրցույթի մասին հայտարարությունը պարզապես հետապնդում էր ինձ". Հասմիկ Մադաթյան


Համակարգչիս էկրանի վրա «Send» կոճակը սեղմված է… Առջեւում դեռ լարված աշխատանքային շաբաթ է, իսկ ներսումս` վատ թաքնված անհանգստություն:

Մեդիամաքս-ի տնօրենի հեռախոսազանգը որքան որ անսպասելի, նույնքան էլ սպասված էր…

Լոնդոնը մեզ ընդունեց գրկաբաց: Թագավորական քաղաքը առատաձեռնորեն շռայլեց իր հմայքն ու շքեղությունը` հաղորդելով դրական լիցքեր, անմոռանալի տպավորություններ, անջնջելի պահեր ու կրկին այցելելու շատ մեծ ցանկություն…

BRAVO.am
Լուսանկարները` Հասմիկ Մադաթյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW