Ինչպես արդեն պատմել ենք, փոլ-դենսի աշխարհի չեմպիոն Varda-ն օրերս Մոսկվայից Երեւան էր ժամանել` մասնակցելու բարեգործական համերգի: Կարճատեւ այցով հայրենիքում գտնվող պարուհին հասցրել է լուսանկարվել BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում եւ, իհարկե, պատասխանել մեր հարցերին:
Varda-ն
- Ամառն արդեն անցյալում է, ինչպե՞ս անցկացրիր:
- Բազում աղջիկների իմ բրենդային լողազգեստներով ուղարկեցի հանգստի, իսկ ես մնացի:): Արդեն երկու տարի է, ինչ ամառն ու առհասարակ տարվա բոլոր եղանակներն աշխատանքային բուռն մթնոլորտում են անցնում: Երբեմն համերգային շրջագայությունների ընթացքում մեկ-երկու օր ժամանակ եմ գտնում լիցքաթափվելու համար, բայց իմ գերզբաղված առօրյայի պարագայում դա հանգիստ համարել չեմ կարող:
- Քարդաշյան քույրերին, երբ Երեւանում էին, եւս նվիրել եք Ձեր բրենդի լողազգեստներից: Ինչպե՞ս ընդունեցին նվերը:
-Սկզբում միայն մեկ օրինակ ուղարկել էի Քիմին: Հաջորդ օրն ինձ հետ կապ հաստատեց այստեղ նրանց սպասարկող ընկերության մենեջերն ու ասաց, որ Քիմին նվերս շատ է դուր եկել, ոգեւորված է եւ եւս երկուսն է խնդրում: Մի քանիսն ուղարկեցի նրա, քույրերի ու փոքրիկ Նորթի համար: Ինչ խոսք, շատ էի ուրախացել` իմանալով, որ նա ոչ միայն չի անտեսել նվերս, այլեւ շատ է հավանել:
Varda-ն
Մինչ լողազգեստները նրանց ուղարկելը, էսքիզները տեղադրել էի “Ինստագրամ”-ում, նույն օրը քույրերն էջիս հետեւելու հայտ էին ուղարկել: Քլոեն անգամ հավանել էր նկարներս:):
- Իսկ արդյո՞ք արդեն կրել են այդ լողազգեստները:
- Կարծես դեռ ոչ, բայց հույս ունեմ, որ առաջիկայում կհագնեն, պապարացիներն էլ կլուսանկարեն ու կտարածեն համացանցում:)
- Խոսենք ստեղծագործական նորություններից: Ի՞նչ զուգերգերի, տեսահոլովակների եւ շոուների սպասեն Ձեր երկրպագուներն առաջիկայում:
- Վերջերս հայկական դուդուկի ներքո նոր երգ եմ ձայնագրել, որի տեասահոլովակը ցանկանում եմ Հայաստանում նկարահանել, այնպես որ, շուտով կրկին հայրենիք վերադառնալու հնարավորություն կունենամ: Ինչ վերաբերում է զուգերգերին, նշեմ, որ Միհրան Ծառուկյանի հետ համագործակցությունից հետո կտրուկ աճել է հայ երգիչների թիվն, ովքեր ցանկանում են երգել, ինչու չէ, նաեւ պարել ինձ հետ:): Մինչեւ տարեվերջ նոր զուգերգ հաստատ չեմ ունենա, դրանից հետո էլ ժամանակը ցույց կտա:
Varda-ն
- Առաջին անգամ էիք բարեգործական համերգի մասնակցում: Ինչպիսի՞ն են զգացողությունները:
- Բարեգործությամբ զբաղվելու համար մարդ նախ պետք է ինքն ապահով ու կայուն վիճակում լինի, ինչպես հոգեպես, այնպես է ֆինանսապես: Կարծում եմ՝ ես պատրաստ եմ բարեգործությամբ զբաղվել: Նախկինում էլ տարբեր փոքրիկների օգնելու համար բացված հաշվեհամարներին փոխանցումներ եմ արել՝ չիմանալով դրանք ծառայում են նպատակին, թե ոչ: Ուրախ եմ, որ այսօր իրական բարեգործությամբ եմ զբաղվում: Հիմա ես ու կազմակերպիչները կարող ենք հետեւել փոքրիկների վիրահատությանը եւ հետվիրահատական շրջանին:
-Ինչպե՞ս անցավ Ձեր եւ մանկատան սաների հանդիպումը:
- Շատ հուզիչ: Օգնության կարիք ունեցող երեխաները բազմաթիվ են, որոնց նայելուց հասկանում էի, թե դեռ ինչքան շատ գործ ունենք անելու: Ինչ խոսք, ինձ մի տեսակ տարօրինակ էի զգում, չգիտեի` ինչ խոսել, ինչպես շփվել նրանց հետ: Վերջիններս, ի տարբերություն ինձ, շատ ջերմ դիմավորեցին մեզ. երգեցին, պարեցին, իրենց ննջարաններն ու խաղասենյակները ցույց տվեցին: Մյուս անգամ կաշխատեմ պատրաստված գնալ եւ ավելի երկար շփվել:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Նկարահանում իրականացվել է «Հավանա» ռեստորանային համալիրում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: