×


«Բիդի էսե՜մ, բիդի էսե՜մ… Տո ի՞նչ բիդի էսես»:)

Հաճախ, երբ այլ մարդկանց հետ կիսվում ենք ոչ ստանդարտ մտքերով, այլասերվածի պիտակավորում ենք ստանում միայն այն պատճառով, որ դիմացինն ուղղակի տեղյակ չի՝ ինչի մասին է խոսքը: Այս անդրադարձը վերաբերելու է BDSM մշակույթին ու դրան պատկանող անձանց: Որպեսզի BDSM-ի (արտաբերվում է՝ բի-դի-էս-էմ) մասին խոսելիս չվերածվեք՝ «բիդի էսե՜մ, բիդի էսե՜մ… Տո ի՞նչ բիդի էսես» արեւմտահայերեն անեկդոտի: Սեքսուալ շրջանակներում ծեծը, կապկպելը, ձեռնաշղթաները, ստորացումը, հպատակեցումն ու, Աստված չանի, այդ ամենից հաճույք ստանալու միտքը Հայաստանում մեծ մասի մոտ կայուն զարմանք ու շոկ են առաջացնում՝ իմ դիտարկմամբ: Կամ, նվազագույնը, այդպես է ցույց տրվում: Որովհետեւ այդ ամենի մասին խոսելիս շոկ չցուցադրելը նույնպես վտանգավոր է. երբեք չես իմանա՝ դիմացինդ ինչ կմտածի, եթե ասես՝ սիրում եմ, երբ բերանս ու ձեռքերս կապում են, մաշկիս եռման մոմ են կաթեցնում ու ստրուկի պես բռնաբարում, կամ ավելի վատ՝ այդքանից հետո չեն բռնաբարում:

Հետաքննենք BDSM-ը
Տառերի այս հավաքածուն հապավում-սեղմանուն է: Ձեւավորվել ու վերջնական տեսքի է եկել 1990-ականների սկզբին: Մասնատենք ու տիրենք տառերին.

*BD (Bondage & Discipline). բոնդաժ՝ կապել, շարժումները սահմանափակել, եւ դիսցիպլինային ու դերային խաղեր՝ ենթարկել, նվաստանալ, պատժել:

*DS (Domination & Submission). իշխում ու հպատակեցում, այլ կերպ ասած՝ նախապես պայմանավորված հարաբերություններ, որտեղ զուգընկերներն անհավասար դիրքերում են:


*SM (Sadism & Masochism). սադոմազոխիզմ՝ երբ զուգընկերները հաճույք են ստանում ֆիզիկական ցավ պատճառելուց կամ ստանալուց:
Ընդ որում, ի սկզբանե BDSM-ի BD ու SM հատվածները սադոմազոխիզմի մեջ էին մտած, ինչն այս մշակույթի ներկայացուցիչներին չէր գոհացնում: Ինչն իր հերթին շատ տրամաբանական է, քանզի սադիստներին դուր է գալիս մարմնական ցավ պատճառել, մազոխիստներին՝ ցավ զգալ: Մինչդեռ, իշխելն ու հպատակեցնելն ավելի շատ հոգեբանական զգացումներ են, իշխանության սեքսուալ դերերի բաշխում, որը կարող է այդքան էլ կապ չունենալ ցավի հետ: Ոչ բոլոր մազոխիստներն են հպատակվող, ոչ բոլոր սադիստներն են դոմինանտներ, եւ հակառակը: Եվ այսպիսով, որոշ քննարկումներից հետո ներմուծվեց BDDSSM հավաքական անվանումը, որն էլ միանգամից կրճատվեց մինչեւ BDSM սեղմանունը:

Ինչպիսին է սեքսը BDSM աշխարհում
Կարեւոր է հասկանալ, որ BDSM-ը հոգեսեքսուալ ենթամշակույթ է: Դրա հիմքում, ինչպես արդեն պարզ դարձավ, իշխանության ու հպատակության հետ էրոտիկ խաղերն են, դերերի փոխանակությունը: Մարդը BDSM-ից հոգեսեքսուալ գրգիռ է ստանում՝ գիտակցաբար խախտելով որոշ սոցիալ-հոգեբանական նորմեր ու տաբուներ: Չմոռանանք նաեւ ֆիզիկական ցավի (չնայած՝ ոչ միշտ) առկայությունը:



Ինչո՞վ է տարբերվում BDSM-ը ագրեսիվ-հանցալի գործողություններից
Հիմնականում նրանով, որ այստեղ կիրառվում է «ապահով-գիտակից-ինքնակամ» բանաձեւը: Սա կարեւոր է, քանզի BDSM ակտիվության ժամանակ մասնակիցները միմյանց վրա բարոյապես, հոգեպես ու ֆիզիկապես են ազդում, ու պետք է այդ ամենը դադարեցնելու մեխանիզմներ լինեն: BDSM-ականները դա անվանում են stop-ազդանշան՝ stop-բառ, ժեստ կամ շարժում, որով տանջվողը կամ, ինչու չէ, նաեւ տանջողը կարող են վայրկենապես դադար պահանջել:

Այնպես, որ եթե վերը նշված հապավումների ու նկարագրերի մեջ ինքներդ ձեզ կամ ձեր սեքս-զուգընկերոջը տեսաք, ապա ամենայն հավանականությամբ BDSM սեքս-մշակույթի ներկայացուցիչներ եք:

BDSM վիճակագրություն եւ թվեր
Վերջին հարցումների արդյունքում մոտավոր թվեր են դուրս բերվել.

Դոմինանտի եւ իշխելու դերն ընտրում են՝
* 71%-ը հետերոսեքսուալ տղամարդկանց,
* 11%-ը հետերոսեքսուալ կանանց,
* 12%-ը հոմոսեքսուալ տղամարդկանց:

Հպատակվելու դերն ընտրում են՝
* 29%-ը հետերոսեքսուալ տղամարդկանց,
* 89%-ը հետերոսեքսուալ կանանց,
* 88%-ը հոմոսեքսուալ տղամարդկանց:

Սիմվոլիզմ եւ գեղեցկություն
BDSM-ականները սեքսուալ գործունեության ու նույնիսկ առօրյայում ֆետիշ-ատրիբուտիկա ու ֆետիշ-նորաձեւություն են գործածում: Դասական ատրիբուտներ են հագուստի կաշվե տարրերը, մետաղյա դեկորատիվ աքսեսուարները, լատեքսից համազգեստները, վզագոտիները, ձեռնաշղթաները, դիմակները եւ այլն:


BDSM-ը ունի նաեւ իր պատկերանշանը
Համացանցի տարբեր ֆորումներում ու խմբերում BDSM խորհրդանիշ ունենալու անհրաժեշտությունը քննարկվում էր 1990-ականների սկզբից: Արդյունքում, 1995-ին այն ստեղծվեց Սթիվ Քուագմյուրի կողմից՝ հիմնված կելտերի, վիկինգների, սաքսերի կողմից օգտագործվող եռահատված այս նշանի վրա: Բացի այդ, պարզ զգացվում է դաոսյան հայտնի ին-յանի  «ազդեցությունը»:

Եռատարր այս պատկերանշանի դիզայնը կարելի է տարբեր ձեւերով մեկնաբանել.
*որպես 3 զույգ հապավումների՝ BD, DS, SM, փոխադարձ կապ,
*որպես եռավալենտ բանաձեւի արտացոլում՝ «ապահով-գիտակից-ինքնակամ»: Պատկերանշանը լայնորեն կիրառվում է զարդերի, հագուստի, թեմատիկ ապրանքների արտադրության մեջ, BDSM կայքէջերում, պաստառներում եւ այլն:

Նյութը՝ Լանա Սիմոնյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport