Ֆրանսիայի Վորեալ քաղաքի «Ֆորում» համերգասրահը հյուրընկալել է ջազային ամենաինքնատիպ դաշնակահարներից մեկին՝ Տիգրան Համասյանին։ Երեկոն նվիրված էր ժամանակակից ջազի, պրոգրեսիվ ռոքի եւ հայկական ավանդական երաժշտության միահյուսմանը եւ անցկացվեց «Jazz au fil de l’Oise» 30-րդ փառատոնի շրջանակում։
Տաղանդաշատ երաժիշտ եւ կոմպոզիտոր Տիգրան Համասյանն ունի անմիջապես ճանաչելի երաժշտական ոճ. նրա դաշնամուրը՝ մեկ հզոր, մեկ նուրբ ու խորապես ռիթմիկ հնչողությամբ, երկխոսության մեջ է մտնում արեւմտյան երաժշտական հնչյունների եւ հայրենի Հայաստանի ավանդական մեղեդիների հետ:
Երաժիշտը ներկայացրեց նոր՝ «Մանիֆեստ» (Manifeste) հեղինակային ալբոմը՝ բեմում հանդես գալով երաժիշտներ Արման Մնացականյանի, Եսայի եւ Մարկ Կարապետյանների հետ։ Ստեղծագործություններում միահյուսվում են ժամանակակից ջազի բարդ կառուցվածքները, ռոքի էներգիան եւ հայկական արմատների խորությունը։ Արդյունքում ստեղծվում են հարուստ ու հակադրություններով լի երաժշտական պատկերներ։
Վորեալի համերգը նաեւ վկայում էր «Jazz au fil de l’Oise»-ի եւ դաշնակահարի երկարամյա կապի մասին։ Փառատոնը նրան հյուրընկալել էր դեռեւս այն ժամանակ, երբ նա երիտասարդ ու խոստումնալից տաղանդ էր։ Քսան տարի անց Տիգրան Համասյանը, արդեն միջազգային ջազի նշանավոր դեմքերից մեկը, կրկին հանդիպեց Վալ-դ'Ուազ շրջանի հանդիսատեսին՝ ներկայացնելով մի նախագիծ, որն արտացոլում է նրա ստեղծագործական հասունությունն ու երաժշտական աշխարհի հարստությունը։
Այս համերգը եւս մեկ գեղեցիկ օրինակ էր ֆրանսիական այս փառատոնի առաքելության՝ բացահայտել բացառիկ արվեստագետների եւ հանդիսատեսին հաղորդակից դարձնել ինքնատիպ, կենդանի ու խորապես ներշնչող երաժշտական աշխարհներին։
Հանդիսատեսի հիացմունքն ու երաժշտությունը, որը մեզ տարավ Երեւան
Լեփ-լեցուն դահլիճի մեծ մասը ֆրանսիացի հանդիսատես էր, որոնցից շատերն արդեն ծանոթ էին Տիգրան Համասյանի երաժշտությանը։ Համերգի ընթացքում ակնհայտ էր նրանց հիացմունքը. ներկաները տպավորված էին ոչ միայն Տիգրանի երաժշտությամբ ու բացառիկ տաղանդով, այլեւ նրան նվագակցող երաժիշտների բարձր կատարողական վարպետությամբ։ Երաժիշտ հյուրերից մեկն առանձնահատուկ կերպով ընդգծեց թմբկահար Արման Մնացականյանի յուրօրինակ նվագաոճը։
Գայտանը, որը համերգի ընթացքում մեր կողքին էր պարում, Bravo-ի հետ զրույցում ուրախությամբ պատմեց, որ վաղուց է լսում Համասյանի երաժշտությունը: «Մի քանի անգամ ցանկացել եմ Փարիզում ներկա գտնվել նրա համերգներին, սակայն ամեն անգամ ինչ-որ բան խանգարել է։ Իսկ այս անգամ, կարծես, ճակատագիրն իսկական նվեր է մատուցել ինձ․ համերգը կազմակերպվել է հենց իմ քաղաքում։ Մենք հիացած ենք»,-ասաց նա։
Երաժիշտ Քրիստոֆն էլ իր տպավորությունները կարճ, բայց խոսուն ձեւով արտահայտեց․ նրա համար սա բացառիկ համերգ էր՝ հատկապես հզոր ռիթմերով ու յուրօրինակ նվագաոճով աչքի ընկնող թմբկահարի մասնակցությամբ։
Համերգի ընթացքում էկրանին հայտնվում էին գրաֆիկական ու գծանկարային պատկերներ, ծաղկային մոտիվներ, որոնք յուրահատուկ տեսողական ուղեկցություն էին դառնում երաժշտությանը։ Բայց մի պահ այդ պատկերները կարծես կենդանացան, շունչ առան՝ վերածվելով հարազատ վայրերի ու հիշողությունների պատկերների։
Եվ հենց այդ պահին երաժշտությունը դադարեց պարզապես հնչյունների գեղեցիկ համադրություն լինելուց։ Հուզիչ ու նուրբ մեղեդիներն ինձ տարան Երեւան։ Հայրենիքի պատկերներն ու զգացողությունները միախառնվեցին մեր մայրաքաղաքին նվիրված երաժշտությանը՝ ստեղծելով մի անբացատրելի հուզմունք։
Տիգրանի երաժշտությունը պարզապես հայկական արմատներ ունեցող երաժշտություն չէ. այն կամուրջ է հայրենիքի եւ աշխարհի, հիշողության եւ ներկայի, երաժշտի ու ունկնդրի միջեւ։ Եվ գուցե հենց սա է իսկական արվեստի ամենամեծ ուժը՝ յուրաքանչյուրին տանել դեպի իր ամենահարազատ վայրը։
Տեքստը եւ լուսանկարները՝ Էլլադա Ղուկասյան/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/


×
38






