Երկար սպասված «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան նախատեսված է այսօր` նոյեմբերի 1-ին, մեծ էկրաններին դիտելու հնարավորություն ունեն նաեւ հայ կինոսերները: «ԿինոՊարկ»-ում երեկ տեղի ունեցավ ֆիլմի փակ նախադիտումը, որին ներկա էին ինչպես տարբեր ոլորտներից հայտնի հյուրեր, այնպես էլ լրագրողներն ու «Երեւան Մոլ»-ի կինոթատրոնի հավատարիմ այցելուները: BRAVO.am-ը լուսանկարել է հյուրերին եւ հետաքրքիր մանրամասներ պարզել ֆիլմի մասին:
«Բոհեմական ռապսոդիա»-ն պատմում է լեգենդար երաժիշտ, «Queen» ռոք-խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի մասին: Դեպի հաջողություն տանող նրա գլխապտույտ ճանապարհը ստիպում է ամեն անգամ նոր տեսանկյունից բացահայտել Մերկուրիի եւ նրա խմբի անհավանական պատմությունը: Ֆիլմի ստեղծման շուրջ բանակցությունները սկսվել էին դեռ 2008թ.-ին, երբ «Queen» խմբի կիթառահար Բրայան Մեյը եւ թմբկահար Ռոջեր Թեյլորն իրենց համաձայնությունը տվեցին նկարահանմանը: Իհարկե, ճիշտ չի լինի ասել, որ ֆիլմը կինոդիտողին կարող է ծանոթացնել «Queen» խմբի երաժշտությանը: Ավելի շուտ այն ցանկություն է առաջացնում մանրամասն ծանոթանալ խմբի բոլոր սկավառակներին ու քիչ հայտնի գործերին: Չէ՞ որ աշխարհում դժվար թե գտնվի մեկը, ով լսած չլինի նրանց հիթերը:
Լիլիթ Մուրադյանը եւ Վահե Խանամիրյանը
Ֆրեդի Մերկուրին իր տեսակով ու գործունեությամբ մարտահրավեր նետեց բոլոր կարծրատիպերին ու վստահորեն հաղթահարեց դրանք, որպեսզի դառնար աշխարհի ամենասիրված արտիստներից մեկը: «Նրանք գրել են օրհներգեր, որոնք դարձել են մեծամասշտաբ միջոցառումների, հատկապես սպորտային իրադարձությունների անբաժանելի մասը: Եվ անհնար է չերգել ու չծափահարել բոլորի հետ: «Queen» խմբի երգերը համախմբում են մարդկանց: Ֆիլմում մենք ցանկացել ենք ցույց տալ հենց դա»,- իր հարցազրույցներից մեկում նշել է ֆիլմի պրոդյուսեր Գրեմ Քինգը:
Ֆիլմը պատմում է 70-ականների սկզբին խմբի անդամների ծանոթությունից մինչեւ 1985թ.-ի հուլիսի 13-ին «Live Aid» փառատոնում ունեցած նրանց հանրահայտ ելույթն ընկած ժամանակաշրջանի մասին, երբ ավելի քան 80 հազար մարդ եկել էր Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտ եւ մոտ 2 միլիարդ մարդ էլ ամբողջ աշխարհում դիտում էր ուղիղ հեռարձակումը: Ֆիլմի ստեղծողները փորձել են դետալային ներկայացնել խմբի ելույթներն ու աշխատանքը ստուդիայում, ճշգրտորեն հետեւել են կիթառահար Բրայան Մեյի եւ թմբկահար Ռոջեր Թեյլորի ցուցումներին: Ինչպես նշվում է, արդյունքներից նրանք գոհ են մնացել:
Արման Մարգարյանը
«Ոչ ոք չէր հավատում, որ սա հնարավոր է. ֆիլմի աշխատանքները մոտ տասը տարի տեւեցին: Բայց մենք հասկանում էինք, որ եթե չվերահսկեինք ողջ ընթացքը, ապա Ֆրեդիի պատմությունը կարող էր ճիշտ չպատմվել: Ես ֆիլմը դիտել եմ մի քանի անգամ, եւ ամեն անգամ այն ինձ հուզում է մինչեւ արցունքներ»,- խոստովանել է խմբի կիթառահար Բրայան Մեյը:
Ֆիլմի գլխավոր հերոսի՝ Ֆրեդի Մերկուրիի դերակատար Ռամի Մալեկն էլ պատմել է, որ իր աշխատանքին մեծ պատասխանատվությամբ է մոտեցել, քանի որ Ֆրեդին եղել եւ մնում է միլիոնների սիրելին: Ասում է՝ լավագույն արդյունքի հասնելու համար իր դերից դուրս չի եկել նույնիսկ ռեժիսորի «ստոպ, նկարահանված է» հրահանգից հետո. «Նույնիսկ ընդմիջումների ժամանակ ես փորձում էի մարդկանց հետ խոսել Ֆրեդիի նման: Գիտեք, երբ հնարավորություն է ընձեռվում լինել Ֆրեդի Մերկուրի, ցանկանում ես այդ հաճույքը երկարաձգել: Բացի, իհարկե, կատուների հետ տեսարաններից, քանի որ ես նրանցից ահավոր ալերգիա ունեմ»:
Ժակը՝ կնոջ հետ
Իհարկե, «Queen» խմբի հին եւ հավատարիմ երկրպագուները ֆիլմը դիտելուց հետո գուցե հերթական անգամ վիճեն Ֆրեդի Մերկուրիի կյանքի ու մահվան լեգենդների շուրջ: Բայց մի բան հստակ է՝ խմբի երկրպագուների շարքերը կհամալրվեն նոր մարդկանցով:
«ԿինոՊարկ»-ի ներկայացուցիչ Մարինա Ղամբարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ֆիլմն իրենց մոտ ցուցադրվելու է առնվազն չորս շաբաթ՝ օրական 9 անգամ: Ի դեպ, «Երեւան Մոլ»-ի կինոթատրոնում «Բոհեմական ռապսոդիա»-ն հնարավոր կլինի դիտել ինչպես ռուսերեն կրկնօրինակմամբ, այնպես էլ օրիգինալ լեզվով՝ անգլերենով: Բացի այդ, ֆիլմը ցուցադրվելու է ոչ միայն 2D, այլեւ 2D Atmos ֆորմատով, որն ավելի լավ ձայնային էֆեկտներ է ապահովում հատկապես երաժշտական ֆիլմերի դեպքում: Այնպես որ, շտապեք «ԿինոՊարկ»` լեգենդար երաժիշտների մասին ավելին իմանալու եւ պարզապես լավ ֆիլմ դիտելու:
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: