×


«Բումերանգ» ներկայացման քաղաքական երանգներն ու սիրային արկածները

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երեկ հանդիսատեսը դիտել է քաղաքական տրագիկոմեդիա կամ պարզապես մելոդրամա՝ տարբեր կերպ կարելի է մեկնաբանել, թե ինչ ժանրում է բեմադրված ներկայացումը, եւ թե ինչ ուղերձներ է փոխանցում հերոսներից յուրաքանչյուրը: «Բումերանգը» Սեդրակ Գոջամանյանի նոր բեմադրությունն է, որի թեման ապրիլյան հեղափոխությունից հետո տեղի ունեցող իրադարձություններն են: Ներկայացման ընթացքին հետեւել է BRAVO.am-ը, լուսանկարել է ստեղծագործական կազմին եւ զրուցել նրանց հետ:

«Բումերանգ» ներկայացումը՝ Պարոնյանի անվան թատրոնում


Պիեսը, որի հիման վրա բեմադրվել է ներկայացումը, գրել է սցենարիստ Արմեն Վարդանյանը: Ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ միասին են որոշել անդրադառնալ հետհեղափոխական շրջանի դեպքերին ու դեմքերին.«Սա արդեն իմ երրորդ համագործակցությունն է Արմեն Վարդանյանի հետ: Միասին փուլ առ փուլ գրեցինք պիեսը` նախապես ընտրելով թեմաներն ու դերասաններին: Իհարկե, բեմադրելու ընթացքում արվեցին որոշ փոփոխություններ` հաշվի առնելով նաեւ դերասանների կարծիքներն ու խաղային խառնվածքը»:

«Բումերանգ» ներկայացումը՝ Պարոնյանի անվան թատրոնում


Ռեժիսորը նշեց՝ կոնկրետ մարդու կամ իրադարձության մասին չէ ներկայացումը. բոլորը հավաքական կերպարներ են, նաեւ նկատեց՝ քաղաքական մոտիվներով բեմադրության բարդ կողմերից մեկն այն է, որ ընտրված թեմաներն ու անունները կարող են ժամանակի ընթացքում փոփոխության ենթակա լինել: Չնայած դրան՝ կարծում է՝ ներկայացումը կարող է արդիական լինել ոչ միայն մեր ժամանակներում եւ հայկական իրականության մեջ, այլեւ Հայաստանից դուրս, եթե գործող անձինք եւ տեղային իրադարձությունները որոշակի փոփոխության ենթարկվեն ու հարմարեցվեն տվյալ միջավայրին:

«Բումերանգ» ներկայացումը՝ Պարոնյանի անվան թատրոնում


Դերասանական կազմում են Լեւոն Հարությունյանը, Լուիզա Ներսիսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ժաննա Հովակիմյանը, Վահե Զիրոյանը եւ Միլենա Ավանեսյանը /Եվա Զոհրաբյանը: BRAVO.am-ի հետ զրույցում գլխավոր դերակատար Լեւոն Հարությունյանը, խոսելով իր կերպարի մասին, ասաց՝ այդպիսի մարդիկ դեռ կան, բայց հույս ունի՝ մոտ ապագայում վերացող տեսակ կլինեն.«Աստված տա՝ վաղն ու մյուս օրն այնքան լավ լինի ամեն ինչ, որ ես իմ արածի վրա ծիծաղեմ: Բայց այսօր դեռ արդիական է ներկայացման թեման, որի հիմքում մեր ասելիքն ու դիրքորոշումը կա: Հանդիսատեսի շարքերում նստած մարդկանցից շատերն իրենց կգտնեն մեր այս կերպարներում, ոմանք էլ կարող են ծիծաղել այս ամենի վրա՝ առանց գիտակցելու եւ ընդունելու, որ հենց իրենց մասին է խոսքը»:

«Բումերանգ» ներկայացման կազմը


Եթե կարծում եք, որ «Բումերանգ» ներկայացման գործողություններում քաղաքական նմանակումներ եք տեսնելու, ապա նշենք, որ այս բեմադրության հիմքում այդպիսի հումոր չկա: Արձագանքներն էլ կարող են շատ տարբեր լինել՝ հաշվի առնելով այն, թե ինչպիսի նախատրամադրվածությամբ ու սպասումներով եք գնացել ներկայացումը դիտելու: Թեեւ «Բումերանգն» ընդգրկված չէ թատրոնի խաղացանկում, քանի որ կոմերցիոն ներկայացում է, ռեժիսորը խոստանում է ամսվա մեջ երկու-երեք անգամ հանդիսատեսին ներկայացնել իրենց նոր աշխատանքը:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport