×


«Գործակալ 044»-ի պրեմիերան ԿինոՊարկում եւ Մկոյի փորձությունները

Մկրտիչ Արզումանյանին վերջերս հաճախ կարելի է տեսնել նոր կերպարներով, որոնք տարբերվում են թատրոնում եւ կինոյում խաղացած նրա նախորդ դերերից: Այս անգամ նա հանդես է եկել անհաջողակ գործակալի կերպարում, որին մարմնավորելու համար ստիպված է եղել անցնել մի շարք փորձությունների եւ արկածների միջով: «Գործակալ 044»՝ այսպես է կոչվում Մկոյի մասնակցությամբ նոր կատակերգական ֆիլմը, որն առաջին անգամ մեծ էկրաններ բարձրացավ «Երեւան Մոլ»-ի «ԿինոՊարկ» կինոթատրոնում: Պրեմիերային ներկա էին նկարահանող անձնակազմի անդամները, դերասանները, հյուրեր տարբեր ոլորտներից, ինչպես նաեւ «ԿինոՊարկ»-ի հավատարիմ հաճախորդները:

Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Հենզել Բրուտենցը, անհաջողակ գործակալ է, որին, սակայն, հաջողվում է բացահայտել ու ավարտին հասցնել «Գեղարդ» օպերացիան: Պատմությունը հետեւյալն է՝ Հռոմի Պապի հայաստանյան այցին ընդառաջ՝ Սուրբ Գեղարդը տեղափոխվում է թանգարան, սակայն Պապի ժամանումից ընդամենը 7 օր առաջ այն գողանում են թանգարանից: Հատուկ կազմված հանձնաժողովը Գեղարդի գողության բացահայտումը վստահում է արգենտինահայ գործակալ Հենզել Բրուտենցին: Նա ստիպված է գործել ծայրահեղ գաղտնիության պայմաններում, ինչի պատճառով անընդհատ կերպարանափոխվում է եւ հայտնվում զավեշտալի տարբեր իրավիճակներում:

«Գործակալ 044» ֆիլմի պրեմիերան ԿինոՊարկում


Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Մկրտիչ Արզումանյանը, Հայկ Սարգսյանը, Մարիամ Ադամյանը, Արմեն Մարգարյանը, Մարիամ Դավթյանը եւ Մակար Գալստյանը: Բեմադրող ռեժիսորն է Հայկ Կբեյանը, իսկ սցենարի հեղինակը՝ Նարեկ Ավագյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ գաղափարն ի սկզբանե եղել է Մկոյի մասնակցությամբ ֆիլմ նկարահանելը: Ըստ այդմ՝ փնտրել են ու գտել նրա կերպարին համապատասխան պատմություններ: Բայց երբ հասկացել են, որ շատերը չգիտեն՝ Գեղարդն իրենից ինչ է ներկայացնում, որոշել են հենց այս պատմությունը բեմադրել, որպեսզի մարդկանց միաժամանակ ցույց տան Գեղարդի նշանակությունը:

«Ընդհանուր աշխատանքները տեւեցին մոտ մեկ տարի: Երկար ժամանակ մտածում էինք գաղափարի շուրջ եւ ընտրեցինք հենց այս սյուժեն: Հենզելի կերպարը բոլորովին նոր է` ի ուրախություն ինձ: Նրան ստեղծել ենք թիմային բարդ աշխատանքի արդյունքում: Իրականում իսկապես բարդ էր նման կերպար մարմնավորելը, քանի որ տարիքի հետ կապված՝ պետք է ավելի պլաստիկ լինեի, ավելի արագ ու ճարպիկ: Հույսեր ունենք, որ Հենզելի կերպարը երկար կապրի ու տեղ կգտնի նաեւ հաջորդ նախագծերում»,- ասաց Մկրտիչ Արզումանյանը:

Իրինա եւ Լուսինե Թովմասյանները


Նա նաեւ պատմեց, որ նկարահանումները նույնպես շատ հետաքրքիր են ընթացել՝ փորձություններով ու արկածներով լի: Դրվագներից մեկի նկարահանման ժամանակ նույնիսկ թեւն է լուրջ վնասել.«Շատ փորձությունների ենթարկվեցի ոչ միայն ես, այլեւ մյուս դերասաններն ու տեխնիկական անձնակազմը: Հիմա թեւս արդեն լավ է, բայց այն ժամանակ մեծ այտուց կար»:

Ֆիլմի գծային պրոդյուսեր Վահան Գրիշկյանն էլ տեղեկացրեց, որ հայտնի տեսարաններից մեկում, որտեղ Հենզելը պարանով իջնում է բարձրահարկ շենքից, իրականում հենց Մկոն է իջել, ոչ թե նրան փոխարինող կասկադյորը.«Առաջին դուբլերը նկարահանելու ժամանակ կատուների նման կախվել էի պարաններից, բայց հետո հասկացա, որ պետք է գոնե մի քիչ խաղալ: Այդպես արթնացա ու սկսեցի շարժումներ անել, որոնք էլ հենց տեղ են գտել ֆիլմում»,- պատմեց Մկոն:

Մկրտիչ Արզումանյանը եւ Լուիզա Ներսիսյանը՝ դստեր հետ


Ֆիլմը նպատակ ունի գրավել եւ դուր գալ յուրաքանչյուր կինոդիտողի, քանի որ պարզ է, մեծ մասամբ գրական հայերենով ու առանց գռեհիկ հումորների: Ֆիլմում տեղ գտած կատակերգական դրվագները կարող են ծիծաղեցնել տարբեր տարիքի ու հումորի տեր մարդկանց: Այն տարբերվում է իր բոլոր հայկական նախատիպերից, քանի որ դետեկտիվ պատմության ինտրիգն ու շղթայական բացահայտումները մինչեւ վերջին պահն են, եւ առիթ չկա ընթացքում ձանձրանալու: Ռեժիսորը վստահ է՝ կատակերգությունները պետք է հնարավորինս պարզ նկարահանվեն՝ առանց արագ, խճճված ու մոնտաժային բարդ հնարքների: Չնայած դրան՝ Հայկ Կբեյանն ասաց, որ յուրաքանչյուր կադրը ստանալու համար 10-15 դուբլ են նկարահանել:

Արա Երնջակյանը, Հրանտ Մովսիսյանը եւ Արշո Հարությունյանը


Առաջիկայում «Գործակալ 044»-ը կցուցադրվի նաեւ մարզերում: Արտասահմանում ցուցադրելու միտք նույնպես ունեն, այժմ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի գործընկերների հետ: Իսկ նրանք, ովքեր սպասում են, որ պիտի Ամանորին ֆիլմը դիտեն հեռուստատեսությամբ, ապա տեղեկացնենք, որ այն եթերում է հայտնվելու միայն 2019 թվականի ավարտին: Այնպես որ, շտապեք նոր կատակերգությունը դիտել «ԿինոՊարկ»-ում, քանի դեռ այն մեծ էկրաններին է:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport