×


«Վինիլ»-ի նկարահանումներին

«Դա ազնիվ է հեռուստադիտողի հանդեպ». Արման Մարգարյան

BRAVO.am-ն արդեն պատմել է, թե ինչու է հաղորդավար Արման Մարգարյանը դուրս եկել Առաջին ալիքի «Առավոտ լուսո» ծրագրից: Նա հեռուստադիտողին ներկայանում է երաժշտական նոր՝ «Վինիլ» նախագծով, որի մեկնարկը տրվել է մարտի 10-ին:

Մեզ հետ զրույցում մելոման հաղորդավարն ասաց, որ հաղորդաշարի առաջին թողարկումից հետո դրական շատ արձագանքներ են եղել.«Բոլորն ասում էին, որ հայկական հեռուստատեսությամբ վաղուց նման որակով երաժշտական ծրագիր չէր եղել»:

«Վինիլ»-ի նկարահանումներին


Արմանն անկեղծացավ, որ «Վինիլ»-ին վաղուց էր սպասում.«Մեր ղեկավարությանը հայտնել էի երաժշտական նոր նախագիծ սկսելու ցանկությանս մասին: Բազմաթիվ ժողովներից ու քննարկումներից հետո ընտրեցինք այն ձեւաչափը, որը հետաքրքիր կլինի ոչ միայն մեկ կամ երկու երաժշտաոճի սիրահարների, այլեւ ավելի լայն շրջանակի համար: Ամենակարեւորը՝ բոլորն ինձ հետ համաձայնեցին, որ կատարումները պետք է լինեն կենդանի, ինչը, կարծում եմ, ազնիվ է հեռուստադիտողի հանդեպ»:

Նրա խոսքով՝ հաղորդումը ոճային սահմանափակում չունի. ամեն շաբաթ օր պատմելու են համաշխարհային երաժշտության զարգացման գործում իրենց ավանդն ունեցած հայերի, Հայաստանում ու աշխարհում հաջողությունների հասած տաղանդավոր ու սիրված երաժիշտների, երաժշտական համերգների, փառատոնների մասին.««Վինիլ»-ի իմ սիրած հատվածում էլ կներկայացնենք Հայաստանում ապրող եւ ստեղծագործող տաղանդավոր, նաեւ սկսնակ երաժիշտներին, որոնց մինչեւ այս հեռուստատեսությամբ չէինք տեսնում: Հայ տաղանդավոր երաժիշտները «Վինիլ»-ի միջոցով այսուհետեւ իրենց տեղը կունենան Հանրայինի եթերում, ինչը խթան կհանդիսանա նրանց հետագա գործունեության համար»:

«Վինիլ»-ի նկարահանումներին


Անդրադառնալով հաղորդման «Վինիլ» անվանը՝  Արմանն ասաց, որ կա ամերիկյան համանուն երաժշտական սերիալ, որի պրոդյուսերները Միք Ջագերը եւ Մարտին Սկորսեզեն էին.«Իհարկե, դիտել եմ այդ սերիալը, եւ երբ քննարկում էինք, թե ինչպես պետք է կոչվի նախագիծը, մտածեցի՝ լավագույն տարբերակը դա է: Ավագ սերունդը, կարծում եմ, դեռ հիշում է այն ժամանակները, երբ վինիլներով էին երաժշտություն լսում, դիջեյներից շատերն էլ վինիլներով են իրենց սեթերը նվագում»:

Զրույցի վերջում էլ հաղորդավարը հավելեց, որ հաջորդ շաբաթ «Վինիլ»-ը կպատմի «Սավարշավանա» ռոք խմբի եւ Արսեն Սաֆարյանի մասին:

Տեքստը՝ Քրիստինա Բոյաջյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին