×


«Երկրորդ երեխա անպայման կունենանք». Սուրենի ու Յանայի ընտանիքը 10 տարեկան է

2009 թվականի հոկտեմբերի 30-ին միմյանց հավերժ սիրելու խոստում տված Սուրեն Փահլեւանյանի եւ Յանա Դանիելյանի ընտանիքը 10 տարեկան է: BRAVO.am-ի հետ հաղորդավարուհին խոսել է այս տարիների ընթացքում ունեցած խնդիրների, ձեռքբերումների եւ հուզվելու առիթի մասին:

«Կեսգիշերին Սուրենն աշխատանքից ծաղկեփնջով եկավ տուն ու շնորհավորեց ինձ: Առավոտը սովորականի պես է սկսվել. աշխատանքի եմ, ու հատուկ ոչ մի բան չենք ծրագրել, երբ գնամ տուն, Սուրենը դուրս կգա, ու որեւէ բան կազմակերպելու ժամանակ չենք ունենա: Նվերներ էլ չենք պատրաստել. հատուկ առիթի չենք սպասում՝ իրար համար նվերներ գնելու կամ հաճելի անակնկալներ մատուցելու համար: Փորձում ենք մեր ամեն օրը տոն դարձնել»,-ասել է հաղորդավարուհին:

Յանա Դանիելյանը եւ Սուրեն Փահլեւանյանն՝ իրենց դստեր հետ


Տարիներն ակնթարթի պես են անցել.«Երկուսիս համար էլ այս տարիները հագեցած էին գեղեցիկ ու հիշվող իրադարձություններով, դրական հույզերով ու ձեռքբերումներով: Ամենակարեւորը, որ ստեղծել ենք, մեր աղջիկն է՝ Ադելը: Երկրորդ երեխա անպայման կունենանք, բայց՝ երբ, դեռ չենք ծրագրել:)»:

Վեճերը հեշտ մոռացվում են.«Բոլոր զույգերի պես, մենք էլ ճգնաժամային շրջաններ, տարաձայնություններ ու փոքրիկ վիճաբանություններ ունենում ենք, բայց ամեն բան անում ենք, որ տան անդորրը չխաթարվի, գիտակցում ենք, որ մենակ չենք ապրում, ունենք երեխա, ով պետք է սիրո եւ ջերմության մթնոլորտում մեծանա: Լուրջ վեճեր չենք ունեցել, դրա համար էլ զիջելու կամ առաջին քայլն անելու խնդիր երկուսիս դեպքում էլ չի եղել. ամեն հարցի շուրջ զրուցում ենք ու այդ կերպ լուծում խնդիրը:

Վերջին հինգ տարիներին առհասարակ չենք էլ վիճում, այնքան լավ ենք ճանաչում իրար, որ կես բառից ու հայացքից հասկանում ենք, թե դիմացինն ինչ է ուզում»,- նշել է Յանան:



Հոբելյանական օրը լի է եղել հիշողություններով.«Արխիվային լուսանկարներն ու հարսանիքի հոլովակը դիտելիս մի պահ հուզվել էի. ախր, այնքան արագ անցան տարիները: Միշտ ասում եմ՝ այս տարիները ոչինչ են սպասվող կյանքի դիմաց, որ դեռ միասին ապրելու ենք»,- եզրափակել է հաղորդավարուհին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին