×


«Թավշյա» պրեմիերա Հայկ Պետրոսյանից

«Ողջույն, Հայաստանի հպարտ քաղաքացիներ»՝ ահա այսպես սկսեց դերասան Հայկ Պետրոսյանն իր «Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու կամ հեղափոխության 55 երանգները» խորագրով ներկայացումը։ Հունիսի 5-ին տեղի ունեցած պրեմիերային Հայկը պատրաստվել էր մոտ 15 օր։ Ներկայացումը գրեթե ամբողջությամբ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության մասին էր՝ քաղաքական գործիչներից մինչեւ ցուցարարներ, քոչարիից մինչեւ հեղափոխական կոչեր։

Հայկի խոսքով՝ այս ներկայացումն իր համար նոր մարտահրավեր էր, քանի որ առաջին անգամ բեմում լինելու էր միայնակ՝ առանց բենդի.«Երբ գիտես, որ քեզ հետ բեմում եւս 5 հոգի կա, մտածում ես՝ եթե ինչ-որ բան այնպես չստացվի, տղաները կնվագեն, մինչեւ ես անելիքս հասկանամ։ Այս անգամ դա չկար, բայց հուսով եմ՝ ներկայացումը շատ երաժշտական ստացվեց»։

Հայկ Պետրոսյանը


Նա իր ներկայացումների սցենարները միշտ նախապես ուղարկել է հորը՝ Վարդան Պետրոսյանին՝ լսելու նրա գնահատականը։ «Ամեն ինչ ԼԱՅՎ Ա լինելու»-ի դեպքում ժամանակը չներեց, եւ այս առումով ներկայացումը եւս առանձնացավ։ Դերասանը նաեւ անկեղծացավ, որ ներկայացումների ժամանակ միշտ ինչ-որ բան բաց է թողնում։ Այս բեմելը կրկին տարբերվեց. ոչինչ չի մոռացել։

Հայկը կարծում է՝ մեկ դերասանի թատրոնի սկզբունքով ներկայացումներում մարդիկ ասես իրենք իրենց կողքից դիտելիս լինեն։ Կարող են ծիծաղել կամ հուզվել իրենց արածից, գնահատական տալ։ Նրա խոսքով՝ շատերն իրենց տեսան հեղափոխությանը նվիրված ներկայացման մեջ, եւ թերեւս դա էր պատճառը, որ տոմսերը շատ արագ սպառվեցին։

Հայկ Պետրոսյանի նոր ներկայացմանը


«Որոշել էինք՝ միայն մեկ ներկայացում կլինի, սակայն երկու շաբաթ առաջ տոմսերն ամբողջովին վերջացան։ Անգամ այնպես ստացվեց, որ մայրս 12 հրավիրատոմս էր խնդրել, սակայն ես միայն 7-ը կարողացա տալ։ Քանի որ մարդիկ ցանկանում են դիտել, հուլիսի 8-ին նորից կխաղանք»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց դերասանը՝ հավելելով, որ ցանկանում է մինչ այդ հանդես գալ նաեւ Գյումրիում եւ Վանաձորում ճիշտ այնպես, ինչպես հեղափոխության ժամանակ քայլարշավն անցավ Գյումրիով եւ Վանաձորով, իսկ հետո վերադարձավ Երեւան։

Տեքստը՝ Գայանե Ենոքյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW