×


«Ինչքան շատ ես խոսում երազանքների մասին, այնքան դրանք չեն կատարվում». Հասմիկ Կարապետյան

Հասմիկ Կարապետյանի եւ Շանթ Քիրմիզյանի համար դեկտեմբերի 15-ը տոնական է: Երեկ նրանք նշել են իրենց դստեր՝ Տաթեւի տարեդարձը: Պարելու եւ նկարելու սիրահար աղջնակի 3-ամյակը ծնողները տոնել են նրա նախընտրած տարբերակով:

«Մեծ խնջույքները դեռ իրեն հետաքրքիր չեն: Նրան ուրախացնելու համար որոշեցինք այցելել երեւանյան ժամանցի կենտրոններից մեկը, որտեղ կկարողանար խաղալ եւ հետաքրքիր ժամանակ անցկացնել»,-BRAVO.am-ին պատմել է երգչուհին:

Հասմիկ Կարապետյանը՝ դստեր հետ


Ծնողներն օգնել են Տաթեւին տոնական տորթի մոմերը փչելու հարցում.«Բոլոր տարեդարձերին գեղեցիկ տորթեր է ունեցել, այս տարին էլ բացառություն չէր: Շատ նպատակներ ունենք իր հետ կապված, բայց ամենակարեւորն այն է, որ կարողանա իր ճիշտ տեղը գտնել կյանքում, լավ մասնագիտություն ընտրի, հաղթահարի բոլոր խոչընդոտներն ու միշտ առաջ շարժվի: Ուզում եմ երջանիկ ու հաջողակ լինի»:

Նրանք Նոր տարին Երեւանում են նշելու.«Այն չեմ ասոցացնում համադամ ուտեստների, ճոխ սեղանների հետ: Ամանորն ինձ համար հրաշքի սպասում է, գեղեցիկ, փայլփլուն խաղալիքներով զարդարված տոնածառն ու հեքիաթային մթնոլորտը»:

Հասմիկի հետ ամփոփել ենք անցնող տարին.«2019 թվականը լավ տարի էր. կորուստներ չենք ունեցել, առողջ ենք, աշխատում ենք, ընտանեկան ուրախ կյանք ունենք: Միայն որպես երգչուհի կարող եմ ասել, որ դատարկ տարի էր. այնքան էի տարվել ընտանիքովս, որ չեմ հասցրել ստեղծագործել»:

Շանթ Քիրմիզյանը եւ Հասմիկ Կարապետյանը


Չի սիրում խոսել սպասելիքների եւ անելիքների մասին.«Հասկացել եմ, որ ինչքան շատ ես խոսում երազանքներիդ մասին, այնքան դրանք չեն կատարվում: Միայն կուզեմ, որ 2020-ը հաջող տարի լինի, առողջ լինենք: Եթե գաղտնի երազանքներիս գոնե կեսն իրականանան, արդեն իսկ երջանիկ կլինեմ: Ընտանիքի համալրման ցանկության մասին էլ մի բան կասեմ՝ ամեն բան Աստծո ձեռքերում է»:

Երգչուհին հավատում է Ամանորի խորհրդին.«Դեռ մանկուց եմ հավատացել հրաշքների գոյությանն ու անպայման Ձմեռ պապիկին նամակ եմ գրել: Առհասարակ, կարծում եմ, որ եթե մի բանի մասին շատ ես մտածում ու երազում, ու այդ երազանքն արդար է եւ ոչ ոքի չի վնասում, անպայման իրականանում է: Վերջին երեք տարիներին իմ բոլոր երազանքները նվիրված են դստերս՝ Տաթեւին»:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հասմիկ Կարապետյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին