×


«Կյանքը հիասքանչ է Հերմինե Ստեփանյանի հետ». հաղորդավարուհին նոր նախագիծ ունի

«Life is Beautiful with Hermine Stepanyan»՝ սա դերասանուհի, հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանի հեղինակային նոր հաղորդաշարի խորագիրն է, որը, ինչպես եւ ծրագրի բովանդակությունը, պատահական չէ ընտրված: Հաղորդավարուհու նոր նախագիծն այս անգամ ոչ թե հեռարձակվում է հեռուստատեսությամբ, այլ հրապարակվում է Յութուբի ու Ֆեյսբուքի պաշտոնական էջերում: Այդպես որոշել է ինքը՝ Հերմինեն՝ նախընտրելով ստեղծագործելու, ժամանակի ու տարածության ազատությունը: BRAVO.am-ը նրա հետ զրուցել է նոր նախագծի, հայաստանյան ճամփորդությունների եւ նկարահանումների ժամանակ տեղի ունեցած հետաքրքիր դրվագների մասին:

«Ես ընդհանրապես շատ եմ սիրում ճամփորդել ու հատկապես մեքենայով, քանի որ այդ ընթացքում բազմաթիվ հետաքրքիր պատմություններ եմ գտնում: Երբեմն լուսանկարներ էի հրապարակում եւ հասկացա, որ մարդկանց այդ պատմությունները դուր են գալիս: Եվ մտածեցի՝ ինչու ոչ, թող մարդիկ էլ մասնակից դառնան իմ ճամփորդություններին, հատկապես որ Հայաստանում բազմաթիվ անհայտ ու հետաքրքիր վայրեր կան, որոնք բրենդավորված չեն: Այդպես, որոշեցի ցույց տալ այն ամենը, ինչի մասին գուցե նաեւ տեղի բնակիչները չգիտեն»,- պատմում է հաղորդավարուհին:

Հերմինե Ստեփանյանը


Իսկ ինչո՞ւ «Կյանքը հիասքանչ է Հերմինե Ստեփանյանի հետ». խոսելով հաղորդման վերնագրի մասին` Հերմինեն նշում է, որ ինքն իր ընկերների, ծանոթների շրջապատում հայտնի է որպես մարդ, ով կարողանում է բոլորի հոգում հույս արթնացնել ցանկացած իրավիճակում.«Այսինքն՝ միշտ գտնում եմ մի բան, որը կարող է մարդուն դրդել հետաքրքիր ապրելուն: Սա, իհարկե, նրանց կարծիքն է, ոչ թե՝ իմ: Ես անընդհատ ասում եմ՝ երջանկությունը, հետաքրքրությունն ու գեղեցկությունը շատ փոքր երեւույթների մեջ են: Ճամփորդելու ընթացքում ինձ կարող է ոգեւորել ու տպավորել նույնիսկ ծառի նորահաս բողբոջը: Եվ իմ այդ դրական մոտեցումը, թե ինչ սիրուն է կյանքը, ինչ հիասքանչ է բնությունը, ինչ լավն են մարդիկ, բերեց նաեւ վերնագրի ընտրությանը»:

Բացի այն, որ Հերմինեն փնտրում ու գտնում է Հայաստանի տարբեր քաղաքների, գյուղերի քիչ հայտնի ու յուրօրինակ վայրերը, մարդկանց, նա նաեւ հատուկ ուշադրություն է դարձնում թանգարաններին ու պատկերասրահներին`որպես պատմամշակութային արժեք ունեցող վայրեր: Դրանց կողքին հաղորդավարուհին տեսնում է նաեւ, թե ինչպես է զարգանում գյուղական տուրիզմը.«Ամեն մարդ պիտի վերջիվերջո հասկանա, որ Հայաստանի տնտեսությունը ոչ թե հանքեր շահագործելու հաշվին պետք է զարգանա, այլ մարդկային ռեսուրսները ճիշտ օգտագործելու: Ես փորձում եմ ամեն հաղորդման մեջ ցույց տալ այնպիսի մարդկանց, որոնք այլ ճանապարհ են ընտրել՝ իրենց կյանքը բարելավելու եւ երկիրը զարգացնելու համար»:


Պարզվում է` նկարահանումների ժամանակ քիչ չեն լինում նաեւ հետաքրքիր ու զվարճալի դեպքերը: Հերմինե Ստեփանյանը պատմում է, որ ռաֆթինգի ժամանակ նույնիսկ ընկել է Դեբեդ գետը եւ ի զարմանս բոլորի՝ կարողացել է միայնակ հաղթահարել գետի հոսանքն ու դուրս գալ ջրից.«Ես համարում եմ, որ սա իմ ամենահաջողված նախագծերից մեկն է, քանի որ հնարավորություն է տալիս իմ բոլոր երազանքներն ու ցանկություններն իրականացնել՝ կապված Հայաստանի եւ ճամփորդության հետ: Իհարկե, հույս ունեմ, որ Հայաստանն ամբողջությամբ ներկայացնելուց հետո արդեն նաեւ հնարավոր կլինի երկրի սահմաններից դուրս գալ, բայց կրկին նույն սկզբունքով՝ մեքենայով, մարդկանց հետ շփվելով, տեղական խոհանոցը փորձելով, այսինքն՝ մարդկանց իրական կյանքին հաղորդակից դառնալով»,- եզրափակեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Հերմինե Ստեփանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport