Դեռ հնագույն ժամանակներից մարդկանց հետաքրքրել են դինոզավրերը, որոնք ապրել են մեզնից միլիոնավոր տարիներ առաջ: Հսկա գիշատիչների մնացորդները կարելի է տեսնել թանգարաններում, սակայն նրանց շարժման մեջ տեսնելու լավագույն տարբերակը, իհարկե, ֆիլմերն ու մուլտֆիլմերն են: Այս իմաստով վերջին ժամանակների ամենահայտնի ու սպասված ֆիլմերից է «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը» (Jurassic World: Fallen Kingdom) արկածային մարտաֆիլմը, որի երկրորդ մասը նույնպես արդեն համաշխարհային կինոէկրաններին է: Ֆիլմի հայաստանյան պրեմիերան երեկ էր՝ «ԿինոՊարկ»-ում:
«Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը 2» ֆիլմի փակ դիտումը ԿինոՊարկում
Եթե նպատակ ունեք ֆիլմի շնորհիվ իսկական դինոզավրեր տեսնել եւ ճանաչել նրանց տեսակները, ապա հիշեք, որ սա ոչ թե գիտական ստեղծագործություն է, այլ ֆանտաստիկ ժանրում նկարահանված կինոնկար, որտեղ կենդանիները շատ ավելի մեծ եւ սարսափելի պետք է լինեն, քան իրականում եղել են: Ինչպես ֆիլմարտադրողներն են նշում՝ «Ձեզ ոչ ոք չէր խոստացել իսկական դինոզավրեր ցուցադրել»: Նրանք նաեւ ընդգծում են` ֆիլմում դինոզավրերը պատկերված են ոչ թե որպես սարսափելի հիմար կենդանիներ, այլ որպես խելացի արարածներ: Նշենք, որ ի սկզբանե որոշվել էր՝ ռեժիսորի դերում պետք է հանդես գար Քոլին Թրեւորոուն, ով էլ նկարահանել էր ֆիլմի առաջին հատվածը, սակայն նրան փոխարինելու է եկել Խուան Անտոնիո Բայոնան, իսկ Թրեւորոուն մնացել է նախագծում որպես սցենարիստ եւ պրոդյուսեր:
Ֆիլմում ներկայացվում է Իսլա-Նուբլար կղզում գտնվող լքված զվարճանքի կենտրոնը, որտեղ իշխում է վայրի բնությունը: Սակայն առանց մարդկանց կղզում այնքան էլ հանգիստ չէ, ինչպես կարող է թվալ: Չնայած ակտիվ հրաբխին՝ կենտրոնի հիմնադիրները որոշում են վերակառուցել այգին: Հրաբուխն արթնացել է եւ սպառնում է կղզու բոլոր բնակիչների կյանքին: Այգու կառավարիչ Քլեր Դերինգը համոզում է կենդանիների հոգեբան Օուեն Գրեդին վերադառնալ նախկին այգի եւ փրկել ոչնչացող դինոզավրերին: Չէ՞ որ դա միակ վայրն է, որտեղ մեր ժամանակներում ապրում են իսկական դինոզավրեր: Կհաջողվի՞ արդյոք Քլերին եւ Օուենին փրկել կենդանիներին, եւ ի՞նչ կլինի հետո, եթե աշխարհում նորից հաստատվի դինոզավրերի ժամանակաշրջանը, կարող եք պարզել՝ դիտելով ֆիլմը «Երեւան Մոլ»-ի կինոթատրոնի էկրաններին:
«Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը 2» ֆիլմի փակ դիտումը ԿինոՊարկում
Ֆիլմի առաջին մասի համեմատ՝ «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը 2»-ում փոխվել է ոչ միայն սյուժեն, այլեւ իրենք՝ հերոսները: Դերասանուհի Բրայս Դալլաս Հովարդը հարցազրույցներից մեկում նշել է, որ իր մարմնավորած հերոսուհին այժմ լրիվ այլ կերպար է.«Սկզբում Քլերը կրում էր դասական կոստյում՝ բարձրակրունկ կոշիկների հետ, սակայն այժմ նա լրիվ ուրիշ մարդ է: Այնպես որ, բարձրակրունկների մասին ավելի լավ է չհիշեցնել»,- անկեղծացել է դերասանուհին:
«Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը 2» ֆիլմի փակ դիտումը ԿինոՊարկում
Ֆիլմի փակ նախադիտմանը ներկա էին ինչպես հրավիրված հյուրերը, այնպես էլ «ԿինոՊարկ»-ի հավատարիմ հաճախորդները: Նրանցից շատերն արդեն դիտել էին ֆիլմի առաջին մասը եւ այժմ տեսնելու էին եկել երկրորդը՝ նոր սպասելիքներով եւ ադրենալինի ավելի մեծ չափաբաժնի ակնկալիքով: Տիգրանը, օրինակ, ով տպավորված էր առաջին ֆիլմով, նախքան երկրորդ մասի դիտումը մեզ հետ զրույցում խոստովանեց՝ կցանկանար՝ վիզուալ էֆեկտներն ավելի հաջողված լինեն, իսկ վերջաբանն ավելի հետաքրքիր. նախորդն ավարտվել էր «Happy End»-ով: Տիգրանի սպասելիքները, հավանաբար, արդարացան, եւ նույնիսկ ակնկալվում է, որ ֆիլմը կարող է նոր շարունակություն ունենալ: Իսկ մինչ այդ հասցրեք ստանալ ադրենալինի ձեր չափաբաժինը`դիտելով «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը 2»-ի հերոսների վտանգավոր նոր արկածները:
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: