Ամբողջ աշխարհն այս օրերին պայքարում է կորոնավիրուսի դեմ, որով պայմանավորված բազմաթիվ տեղաշարժեր ու փոփոխություններ են տեղի ունենում: Փարիզում փակվել է Լուվրը, մի շարք երկրներում՝ դպրոցները, հետաձգվել են կարեւոր մի շարք միջոցառումներ ու մարդիկ դադարել են միմյանց ձեռք սեղմել:
Համարձակներին, սակայն, այն չի խանգարել մասնակցել նորաձեւության շաբաթին, Քանյե Ուեսթը նորովի է ներկայացրել իր հավաքածուն, Սելին Դիոնը ցույց է տվել՝ ինչպես դիմավորել գարունը, Քեթի Փերին հայտնել է հղիության լուրը, պարզվել է նաեւ, որ մոտ է Ջեք Ճնճղուկի վերադարձը:
Կորոնավիրուսն ու Լուվրը
Երկուշաբթի առավոտյան Լուվրի մոտ, ինչպես միշտ, բազմաթիվ մարդիկ էին հերթ կանգնել, սակայն նրանց հիասթափություն էր սպասվում: Մարտի 1-ից թանգարանը կորոնավիրուսի պատճառով փակվել է անորոշ ժամկետով:
300 աշխատակից արտահերթ ժողով են հրավիրել ու ձայների մեծամասնությամբ որոշել փակել թանգարանը: Ֆրանսիայում աշխատողները նման քվեարկության իրավունք ունեն օրենսդրությամբ, եթե իրենց առողջությանը լուրջ սպառնալիք կարող է հասցվել:
Թանգարանի ղեկավարները հայտնել են, որ աշխատակիցների՝ վիրուսով վարակվելու հավանականությունը բարձր է, քանի որ իրենք այցելուներ են ունենում ամբողջ աշխարհից:
Քանյե Ուեսթի փարիզյան շոուն
Իսկ նորաձեւության շաբաթը Փարիզում ամեն դեպքում կայացավ ու առանց անակնկալների չանցավ: Քանյե Ուեսթը Փարիզ ժամանեց շաբաթ երեկոյան՝ Քիմ Քարդաշյանի եւ դստեր հետ, եւ մեկ օրվա ընթացքում հասցրեց իր վրա սեւեռել նորաձեւության աշխարհի ուշադրությունը: Բոլոր հրավիրատոմսերը նա ուղարկել էր էլեկտրոնային փոստով՝ միջոցառումից 24 ժամ առաջ:
Մարտի 1-ին հայտնիները հավաքվեցին Փարիզի 10-րդ թաղամասում գտնվող Bouffes du Nord թատրոնում, որտեղ ասես կիրակնօրյա պատարագ լիներ: Sunday Service երգչախմբի բոլոր անդամները ռեփերի Yeezy բրենդի հագուստներով էին ու կատարեցին «Soul II Soul Keep on Movin’» եւ «That’s How The Good Lord Works» երգերը՝ անչափ հուզելով հյուրերին: Ներկաների առաջ հանդես եկավ նաեւ Քանյեի ու Քիմի 6-ամյա դուստր Նորթ Ուեսթը:
Ցուցադրությունը հեռարձակվեց ամբողջ աշխարհով ու արդեն հասցրել է բացառիկ դառնալ: Այն նորաձեւության շաբաթին նոր ու թարմ շունչ է հաղորդել:
Քարդաշյանի համար Փարիզ ուղեւորությունը 2-րդն է եղել 2016-ից հետո, երբ նրան այնտեղ կողոպտել էին:
Բոն Ջովիի եւ արքայազն Հարրի դուետը
Արքայազն Հարրին Լոնդոնում Ջոն Բոն Ջովիի հետ մասնակցել է երգի ձայնագրության: Կատարումից մի հատված կա Instagram-ում:
View this post on Instagram
«Unbroken» ստեղծագործությունը ձայնագրվել է Լոնդոնի «Էբբի Ռոուդ» ստուդիայում, որտեղ իրենց հիթերն են ձայնագրել հայտնի The Beatles-ը, Pink Floyd-ը եւ Oasis-ը:
Սպասվում է, որ կատարումը դառնալու է «Անպարտելիների խաղերի» օրհներգը: Մարզական խաղերին մասնակցում են հաշմանդամություն ձեռք բերած նախկին եւ գործող զինծառայողներ: Այս տարի այն նախատեսված է մայիսին ու կկայանա Հաագայում: Խաղերն անցկացվում են 2014 թվականից՝ արքայազն Հարրիի նախաձեռնությամբ:
Մի քանի օր անց ամուսնուն է միացել նաեւ Մեգան Մարքլը: Նրանք իրենց թագավորական վերջին պարտականություններն են կատարել՝ Mansion House-ում մասնակցելով «Endeavour Fund Awards» մրցանակաբաշխությանը: Զույգը շատ ուրախ է եղել, ասես Կանադա տեղափոխության հետ կապված լարվածություն բնավ էլ չկա:
Միդլթոնի կանաչ շաբաթը
Մարտի սկիզբը արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի համար նշանավորվեց Իռլանդիա 3-օրյա աշխատանքային այցով: Երբ նրանց ինքնաթիռը ժամանեց Դուբլին, Քեյթն ամբողջովին կանաչ էր: Հյուրընկալող երկիրը նա այդպես է հարգել՝ ընտրելով կանաչի 50 երանգները:
Իռլանդիայում լինելու օրերին Քեմբրիջի դքսուհին դիվանագիտական ու բարեգործական մի քանի միջոցառման է մասնակցել, ինչպես նաեւ եղել դիտարժան վայրերում:
Զույգը նախ հանդիպել է Իռլանդիայի նախագահին, ապա այցելել Գարեջրի թանգարան, որը տեղացիների ամենամեծ հպարտություններից մեկն է:
2-րդ օրվա համար Միդլթոնն ընտրել է փայլուն կանաչը, իսկ Ուիլյամը հավատարիմ է մնացել իրեն ու կապույտ փողկապ կրել: Կարճ էքսկուրսիայից հետո նրանց հրավիրել են տեղական «Գրավիտացիա» գարեջրատուն, որը թանգարանի վերջին՝ 17-րդ հարկում է: Ուիլյամը ներկաների առջեւ անգլերենով եւ իռլանդերենով ելույթ է ունեցել ու շեշտել, որ իր համար մեծ պատիվ է կրկնել իր տատիկ Եղիսաբեթ II-ի ուղին. թագուհին 2011-ին իր շրջագայության ժամանակ եղել էր նույն վայրում:
Այցի ընթացքում Քեյթն ու Ուիլյամը, չնայած կորոնավիրուսի տարածմանը, չեն խուսափել ձեռքսեղմումներից: Ինչը չես ասի թագուհու մասին. նա Մեծ Բրիտանիայի պատվավոր քաղաքացիներին պարգեւատրելու ժամանակ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ երկար սպիտակ ձեռնոցներ է կրել:
Իսպանիայի նորաձեւ թագուհին
Պատմենք թագավորական եւս մեկ ընտանիքի մասին: Նախօրեին աշխարհում Իսպանիայի հեղինակության տարածմանը նվիրված պաշտոնական արարողություն է տեղի ունեցել, որին ներկա էր Իսպանիայի թագուհի Լետիցիան: Նա իր ամուսնու՝ թագավոր Ֆիլիպ VI հետ հայտարարեց Իսպանիայի դեսպանների անունները:
Ամեն տարի թագավորական ընտանիքն ընտրում է տարբեր ոլորտների հայտնի մարդկանց, որոնք Իսպանիան ներկայացնում են միջազգային հարթակներում:
Լետիցիան սիրում է համադրել հայտնի բրենդների ու սովորական խանութների զգեստներն ու չի վախենում այդպես հայտնվել անգամ նման կարեւոր միջոցառումների ժամանակ:
Մադրիդի Սարսուելա պալատում թագուհին տարբերվել է վառ նարնջագույն բլուզով, հովազային պրինտով կիսաշրջազգեստով ու «Մանոլո Բլանիկ» կոշիկներով:
Սելին Դիոնը ճաշակը
Սելին Դիոնը համարձակ եւ անհավանական թվացող համադրումների սիրահար է: Երգչուհին խոստովանել է, որ նման հագուստն իրեն օգնում է ավելի կանացի ու գրավիչ լինել: Նրա յուրաքանչյուր զգեստ երկար քննարկվում է նորաձեւության աշխարհում: Այդ ամենը Սելին Դիոնին հաջողվում է ոճաբան Լոու Ռոուչի շնորհիվ:
Այս շաբաթ երգչուհին ներկայացել է 2 շատ տարբեր կերպարով: Բրուքլինում իր համերգից առաջ նա սպորտային հանդերձանքով էր ու սպիտակ մարզակոշիկներով: Վառ կերպարն ընտրել էր գարնան առաջին օրվա համար:
Իսկ դրանից օրեր անց Սելին Դիոնը սեւի ու սպիտակի համադրության իր տարբերակն էր ներկայացրել: Նա Նյու Յորքի փողոցներում զբոսնում էր ընդգրկուն զգեստ-վերարկուով: 60-ականների ոճով 51-ամյա երգչուհու կերպարը բարձրացրել է անցորդների տրամադրությունը:
Ստորագրություններով կոստյում
Կոստյումների համար եռակի օսկարակիր նկարիչ Սենդի Փաուելը բարեգործական հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել:
Այս տարի արդեն 13-րդ անգամ Օսկարի առաջադրված Փաուելն արձանիկների հանձնման արարողությանը ներկայացել էր իր հեղինակած սպիտակ կոստյումով եւ հայտնիներին խնդրել ստորագրել դրա վրա: Պեդրո Ալմոդովարը, Ռոբերտ Դե Նիրոն, Խոակին Ֆենիքսը, Սքարլեթ Յոհանսոնը, Ռենե Զելվեգերը, Լորա Դերնը, Բրեդ Փիթը, Լեոնարդո ԴիԿապրիոն եւ այլ աստղեր ստորագրողների թվում են:
Հիմա նա կոստյումը աճուրդի է հանել, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը: Լոտի նախնական արժեքը 5000 ֆունտ ստերլինգ է: Գումարը նա օգտագործելու է հատուկ նպատակով. անվանի նկարիչ, ռեժիսոր եւ ակտիվիստ Դերեք Ջարմենի պատմական քոթեջը վտանգի տակ է ու կարող է քանդվել: Փաուելը որոշել է բնակավայրը հանրային թանգարանի վերածել:
Շատ երկար մազեր
Քայլի Ջենները հայտնի է մազերի հետ տարատեսակ փորձարկումներ անելով: Նա սիրում է զարմացնել ոչ միայն բազմազան գույներով, այլ նաեւ՝ անսովոր սանրվածքներով: Քայլին վերջերս էր փոխել մազերի գույնը, հիմա էլ անչափ երկար հյուսքով է ներկայացել:
Իր նոր ֆոտոշարքում նա ասես Ռապունցելը լինի՝ անվերջ ձգվող հյուսով: Նման երկարության մազեր ունենալը չափազանց բարդ է: Դրա համար էլ նա դիմել է հմուտ վարսավիրի օգնությանը: Սանրվածքը շատ տպավորիչ է ու անգամ անձրեւի տակ ընկնելու դեպքում չի փչանա:
Աստղերի շրջանում երկար մազերով հաճախ հայտնվում են նաեւ Ջենիֆեր Լոպեսը, Բելա Հադիդը, Արիանա Գրանդեն, Բեյոնսեն:
Գեղեցիկ զույգը
Դերասան Ջեյք Ջիլենհոլն ու մոդել Ժաննա Կադյեն արդեն մի քանի տարի է՝ միասին են, սակայն նրանց միասին բռնացնել միշտ չէ, որ ստացվում է: Պարզվում է՝ չափազանց գաղտնապահ են ոչ միայն Լեոնարդո ԴիԿապրիոն եւ Ջարեդ Լետոն, այլ նաեւ Ջիլենհոլը:
Այս անգամ Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը Նյու Յորքում երեկույթի է մասնակցել, երկուսն էլ չափազանց էլեգանտ են եղել:
Նրանց սիրավեպի մասին հայտնի է դարձել 2018-ի դեկտեմբերին: Երկուսն էլ շատ քիչ են համատեղ լուսանկարներ հրապարակում, սակայն նրանց փոխարեն դա պապարացիներն են անում:
Փոքրիկի սպասող Փերրին
Մարտի 5-ին ներկայացվել է Քեթի Փերրիի Never Worn White երգի տեսահոլովակը, որի շնորհիվ էլ հաստատվել է երգչուհու հղիության լուրը:
Հոլովակը նվիրված է Օռլանդո Բլումի հետ նրա սպասվող հարսանիքին, իսկ ամենավերջում երգչուհին կիսաթափանցիկ զգեստով ցուցադրում է իր կլորիկ փորը:
«Կարող եմ միայն ասել, որ այս ամառը շատ հագեցած է լինելու»,- գրել է Փերրին:
Երկրպագուները բուռն են արձագանքել հոլովակին ու շնորհավորել ապագա ծնողներին:
Փերրին առաջին երեխային է սպասում, Օռլանդո Բլումը որդի ունի առաջին կնոջից՝ մոդել Միրանդա Քերից:
«Ֆորսաժի» նոր դերասանը
«Ֆորսաժ» ֆիլմի դերասանական կազմում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել: Թիմին է միացել Բեն Սթիլլերը: Նշվում է, որ նրա կերպարը հայտնվելու է 9-րդ մասում: Հավանաբար, նա կարեւոր դերակատարում չի ունենալու, քանի որ «Ֆորսաժի» նկարահանումներն ավարտվել են դեռ 2019-ի նոյեմբերին: Հայտնի չէ՝ արդյոք նա կնկարահանվի նաեւ 10-րդ մասում:
Universal կինոստուդիայի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել լուրը: Ավելի վաղ ֆիլմում է հայտնվել նաեւ Ջոն Սինան, որին բաժին է ընկել Դոմինիկ Տորետոյի եղբոր դերը:
«Ֆորսաժը» կինովարձույթում հայտնվելու է մայիսին: Ֆիլմի թրեյլերը, որը ներկայացվել է Սուպերբոուլից առաջ, միլիոնավոր դիտումներ է հավաքել ու ամենապահանջված հոլովակներից մեկը դարձել:
Ջեք Ճնճղուկը վերադառնո՞ւմ է
Ջոնի Դեփը կարող է նորից մարմնավորել Ջեք Ճնճղուկին «Կարիբյան ծովի ծովահենների» 6-րդ մասում: Հայտնի է դարձել, որ նրա դերը փոքր է, իսկ գլխավորը լինելու է կին ծովահենը:
Դեփը խաղացել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նախորդ 5 մասերում՝ դառնալով ամենասիրված եւ էպատաժային կերպարներից մեկը: Ֆիլմի առաջին մասից, որը նկարահանվել է 2003 թվականին, արդեն 17 տարի է անցել:
Նոր սցենարի վրա աշխատում են «Չեռնոբիլ» սերիալի համահեղինակ Քրեյգ Մազինն ու Թեդ Էլիոթը, որը մասնակցել է ծովահենների մասին պատմող նախորդ 5 ֆիլմերի ստեղծմանը:
«Մեռնելու ժամանակ չկա» մինչեւ նոյեմբեր
Ջեյմս Բոնդի մասին պատմող «Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է: Այն պետք է ներկայացվեր ապրիլին, սակայն հնարավոր կլինի դիտել նոյեմբերից ոչ շուտ: Մեծ Բրիտանիայում պրեմիերան նշանակված էր ապրիլի 12-ին, իսկ Միացյալ Նահանգներում՝ 25-ին:
«Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմում 5-րդ ու վերջին անգամ Բոնդի դերում հանդես է գալիս Դանիել Քրեյգը, նրա թշնամու դերում Ռամի Մալեքն է:
Նորաթուխ ծնողները
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ ռուս դերասաններ Դանիլա Կոզլովսկին ու Օլգա Զուեւան ծնողներ են դարձել: Նրանք հղիության ողջ ընթացքը գաղտնի են պահել, փոքրիկը ծնվել է ԱՄՆ-ում, որտեղ դերասաններն առաջին անգամ հանդիպել են:
Փոքրիկի ծնվելու լուրը Զուեւան հայտնել է Instagram-ի իր էջում.«Իմ սեր, իմ հպարտություն, իմ ամենակարեւոր դասն այս կյանքում, ամեն օր միասին աճելու իմ հնարավորություն: Շնորհակալություն, որ ինձ ես ընտրել»:
Մի քանի օր անց էլ հուզվելու հերթը հայրիկինն էր.«Իմ տիեզերք: Հայրիկ լինելու ժամանակն է»:
View this post on Instagram
Դերասանները հանդիպում են 2015 թվականից, թեեւ իրենց սիրո պատմությունը դրանից միայն 3 տարի անց են ներկայացրել: Դանիլան պատմել է, որ առաջին հանդիպման ժամանակ Օլգան իրեն զարմացրել է տարօրինակ տեսքով. թեք մազափնջով է եղել, ուռած այտով ու շատ մեծ բաճկոնով:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: