×


«Շատ անհամբեր եմ այդ հարցում». Սրբուկը՝ Եվրատեսիլին մասնակցելու մասին

Մայիսի 14-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կմեկնարկի «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը, որում Հայաստանը կներկայացնի երգչուհի Սրբուհի Սարգսյանը: Այսպես որոշվել է Հանրային հեռուստաընկերության եւ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարության կողմից: Սա նշանակում է՝ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթն այս տարի չի անցկացվի: Փոխարենը հայտարարվել է երգի մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: BRAVO.am-ը զրուցել է Սրբուկի հետ եւ հետաքրքրվել, թե ինչպես է հաստատվել իր մասնակցությունը, ինչպիսին են իր սպասելիքները, եւ նախապատրաստական ինչ աշխատանքներ են ընթանում այս պահին:

Երգչուհին նշեց, որ «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանը ներկայացնելու առաջարկը Հանրային հեռուստաընկերությունից է ստացել: Խոստովանեց՝ բավական արագ է համաձայնել մասնակցել, քանի որ վերջին տարիներին անընդհատ իր անունն էր շրջանառվում մրցույթի կոնտեքստում.«Արդեն երրորդ տարին է՝ մեր ներկայացուցչի հարցը քննարկելիս սկսում է նաեւ իմ անունը շրջանառվել: Ու պետք է նշեմ, որ նախորդ տարի եւս շատ մոտ էի մրցույթին մասնակցելուն, սակայն դա հնարավոր չեղավ, քանի որ հենց այդ ընթացքում մասնակցում էի ուկրաինական «The Voice»-ին։ Այնպես որ, շատ ուրախ եմ նման հնարավորություն համար։ Բացի այդ, կարծում եմ՝ յուրաքանչյուր արտիստի համար մեծ պատիվ է սեփական ազգը, պետությունը միջազգային հարթակում ներկայացնելը»:

Սրբուհի Սարգսյանը


Մեր զրուցակցից նաեւ հետաքրքրվեցինք՝ ինչպես է կատարվելու երգի ընտրությունը, այսինքն՝ հեռուստադիտո՞ղն է ընտրելու, թե՞ Հանրայինի ղեկավարությունը: Սրբուկն ասաց, որ ընտրության ձեւաչափը դեռ հայտնի չէ իրեն.«Երգի ընտրությունը եւս չափազանց կարեւոր փուլ է։ Ուզում եմ օգտվել հնարավորությունից ու կոչ անել բոլոր երգահաններին լինել ակտիվ եւ մինչեւ հունվարի 10-ը selection@armtv.com էլեկտրոնային հասցեին ուղարկել առաջարկվող երգերը։ Շատ կարեւոր է, թե ինչ երգով կներկայանանք մրցույթին»:

Սրբուհուն հարցրինք, թե ինչ սպասելիքներ ունի մրցույթից, քանի որ հստակ է՝ հեռուստադիտողն ու երկրպագուները մեծ ակնկալիքներ ունեն նրա ելույթից: «Կարծում եմ՝ բոլորս էլ միշտ մեծ ակնկալիքներ ենք ունենում «Եվրատեսիլ»-ից (ժպտում է,- հեղ.), բայց շատ անշնորհակալ գործ է մրցույթից առաջ կանխատեսումներ անելը, երբ նույնիսկ չգիտես, թե ովքեր են մրցակիցներդ։ Մի բան հստակ է` անելու եմ ամեն ինչ տպավորիչ եւ արժանի ելույթ ունենալու համար»,- ընդգծեց նա:

Սրբուկը նաեւ նշեց, որ այժմ շարունակում է վոկալի պարապմունքները, իսկ մրցույթի ակտիվ նախապատրաստական ընթացքը կսկսվի այն պահից, երբ կկատարվի երգի ընտրությունը.«Ես շատ անհամբեր եմ այդ հարցում:)»,- հավելեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սրբուկի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին