×


«Չհասկացա էլ` ինչպես համաձայնեցի». Նարինե Գրիգորյանը` վրիժառուի իր կերպարի մասին

«Իմ խաչը»` այսպես է կոչվում Նարինե Գրիգորյանի, Սարգիս Գրիգորյանի, Շանթ Հովհաննիսյանի, Ալեքսանդր Խաչատրյանի, Ռազմիկ Խոսրոեւի, Անի Խաչիկյանի, Հովակ Գալոյանի, Արմեն Մարգարյանի, Գնել Ուլիխանյանի եւ այլոց մասնակցությամբ նոր գեղարվեստական ֆիլմը, որը մեծ էկրան կբարձրանա հոկտեմբերի 4-ից:


Իրական փաստերի հիման վրա նկարահանված ֆիլմը պատմում է 1991-1992 թվականների արցախյան պատերազմում զենք վերցրած եւ ազատագրական պայքար մղած հայ մարդու սխրանքների մասին: Ֆիլմում կարմիր գծի նման անցնում է գլխավոր ասելիքը՝ սա մեր կռիվն է` հանուն պատմական արդարության:

«Իմ խաչը» ֆիլմի նկարահանումներին



BRAVO.am-ը զրուցել է գլխավոր հերոսուհուն՝ Սոնային, մարմնավորող դերասանուհի Նարինե Գրիգորյանի հետ, ով դերի մասին որոշ մանրամասներ է հաղորդել:


«Արցախյան պատերազմից, հորս գերությունից հետո շուրջ 10 տարի մեր տանն այդ ժամանակաշրջանի մասին նույնիսկ չէինք խոսում: Տարիներ անց ես մի քանի անգամ պատերազմին վերաբերող ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ստացա, որոնք, սակայն, մերժում էի: 2014 թվականին շատ պատահական ստացա «Իմ խաչը» ֆիլմում Սոնայի կերպարը մարմնավորելու առաջարկն ու չհասկացա էլ ինչպես` համաձայնեցի:


Սոնան շատ հետաքրքիր կերպար է, ով ֆիլմի ողջ ընթացքում մետամորֆոզ է ապրում՝ զգացմունքային կնոջից վերածվելով սառնասիրտ վրիժառուի: Նա կարողանում է առանց մի պահ անգամ մտածելու մարդ սպանել, այն էլ` ամենադաժան ձեւով: Սոնան հանգամանքների բերումով ծանոթանում է Բաքու գործուղված ֆրանսիացի բժշկի հետ, վերջինս կարողանում է նրա մեջ կրկին դրական զգացմունքներ արթնացնել»,- պատմել է Նարինեն:

Նարինե Գրիգորյանը` «Իմ խաչը» ֆիլմի նկարահանումներին



Նկարահանումները սկսվել են 2014 թվականից, անցկացվել են Հայաստանի լեռնոտ տարբեր վայրերում: Դերասանուհին նկարահանումներից հետաքրքիր դրվագ է մտաբերել.«Մի տեսարան լճի ափին էինք նկարում, որտեղ ահռելի թվով մոծակներ կային: Գիշերային տեսարան էր, նկարահանման համար անհրաժեշտ լույսեր էինք տեղադրել, այնքան էի տարվել դերովս, որ չէի նկատել, թե մոծակներն ինչքան են կծել ինձ. դեմքս ամբողջությամբ այտուցվել էր»:


Նարինեից տեղեկացանք, որ ֆիլմի պրեմիերային ներկա չի լինելու.«Արդեն երկրորդ դեպքն է, որ իմ մասնակցությամբ ֆիլմի պրեմիերային չեմ մասնակցում: Այդ օրերին մեկնելու եմ հյուրախաղերի: Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում ու Բելգիայում ներկայացնելու եմ իմ՝ «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը: Առաջիկա օրերին էլ կմեկնեմ Բելառուս, որտեղ նույն ներկայանցումը կխաղամ ռուսերեն լեզվով»,-ասել է նա:

«Իմ խաչը» ֆիլմի նկարահանումներին



Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Շավարշ Վարդանյանն է, երաժշտությունը հեղինակել է Հայկոն, իսկ պրոդյուսերներն են Հրաչյա Մեսրոպյանը եւ Վալերի Սահարյանը։

Դերասանուհին հաճախ է հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկներ ստանում.«Վերջերս էլ Հրաչ Քեշիշյանի նոր` «Անատոլիական պոտմություն» հեռուստանովելում մասնակցություն ունենալու առաջարկ ստացա, որը, ցավոք, ստիպված եղա մերժել. նկարահանումների ժամանակ Հայաստանում չեմ լինելու: Մեկնելու եմ ԱՄՆ, որտեղ տեղի է ունենալու «Եվա» ֆիլմի ցուցադրությունը»:


Վաստակավոր արտիստուհին թատրոնում էլ շուտով մի շարք նորություններով է հանդես գալու:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/

Լուսանկարները՝ «Իմ խաչը» ֆիլմի եւ Նարինե Գրիգորյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport