×


«Փորձում եմ վատ կերպարով լավ ներկայանալ հեռուստադիտողին». Հրանտ Միքայելյան

Երիտասարդ դերասան Հրանտ Միքայելյանը, ով նկարահանվում է «Անհասցե ծնվածներ» սերիալում, վերջերս դերակատարում ունեցավ նաեւ «Թղթե երազանք» հեռուստանովելում: Նա BRAVO.am-ին պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում կերտել բացասական կերպարներ, եւ ինչի համար է թողել թատրոնը:


«Անհասցե ծնվածների» մասին

Տվյալներս վաղուց կային «Արմենիա» հեռուստաընկերությունում, նկարահանվելու ցանկություն նույնպես ունեի: Ստացա առաջարկն ու ծանոթանալով կերպարին՝ հասկացա, որ կարող եմ խաղալ: «Անհասցե ծնվածներ» սերիալի անձնակազմի կեսին ճանաչում եմ դեռ «Բախտաբեր» սերիալից: Անձնակազմը շատ լավն է, լավ մթնոլորտ է նկարահանման հրապարակում, մեծ հաճույքով գնում եմ նկարահանման:

Հրանտ Միքայելյանը



«Թղթե երազանքի» մասին

«Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմում նույնպես բացասական կերպարում եմ: Անկեղծ չգիտեմ, թե ինչու են ռեժիսորներն ինձ բացասական կերպարում տեսնում: Ամեն դեպքում դժվարություններ սիրում եմ ու փորձում եմ վատ կերպարով լավ ներկայանալ հեռուստադիտողին:


Բացասական կերպարների մասին

Մի փոքր բարդ է բացասական դերով հանդես գալը, քանի որ լավ խաղի դեպքում հեռուստադիտողը քեզ նույնացնում է կերպարի հետ: Բայց երբ այդ նույնացնելուն, չսիրելուն արժանանում ես, ուրեմն՝ ասելիքդ տեղ ես հասցրել: Բացասական ցանկացած կերպար կերտելիս պետք է խորապես հասկանալ, թե ինչու է այն բացասական դարձել:

Աշոտ Ղազարյանը եւ Հրանտ Միքայելյանը



Թատրոնի մասին

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներգրավված էի մի շարք ներկայացումներում: Հրաժարվեցի իմ բոլոր դերերից, քանի որ ֆիզիկապես չէի հասցնում: Անկեղծ՝ կարոտում եմ թատրոնն ու կարծում եմ՝ մի օր կվերադառնամ, քանի որ դերասանի տունը թատրոնն է: Հեռուստատեսությունը ճանաչում է տալիս, բայց թատրոնի դերասանի կարգավիճակ ունենալը շատ կարեւոր է դերասանի կարիերայում:


Նոր ֆիլմի մասին

Հիմա ունեմ նոր դեր մի ֆիլմում, որը ներկայացվելու է «Կաննի» միջազգային կինոփառատոնում: Փակագծերը դեռ չեմ ուզում բացել, քանի որ նկարահանման փուլում ենք, բայց շատ հետաքրքիր աշխատանք է լինելու:

Զրուցեց Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/

Լուսանկարները՝ դերասանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին