×


«Փորձում ենք թանգարանային միջավայրն այնպես փոխել, որ մարդն իրեն ազատ զգա». Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն

Այս տարի լրանում է Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը: BRAVO.am-ը հոբելյանական տարվա ընթացքում իրականացվող ծրագրերի, միջոցառումների մասին զրուցել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի հետ։

Կոմիտասին նվիրված միջազգային գիտաժողովները

Միջազգային գիտաժողովի բաղադրիչը մեզ մոտ սկիզբ առավ 2016 թվականին, առաջինը թանգարանում արեցինք, այնուհետեւ շարունակվեց Հաղպատի վանական համալիրում։ Նախորդ տարի միջազգային գիտաժողով տեղի ունեցավ Սորբոնի համալսարանում։ Այս տարի գիտաժողովը սկսվեց Բեռլինում՝ Հումբոլդտի անվան համալսարանում, որտեղ 1896-99թթ.-ին Կոմիտասն ուսանել է։ Երկու երկրների կառավարության մակարդակով կարողացանք իրականացնել այս գիտաժողովը, որտեղ գերմանական կողմից ներկա էին պետքարտուղարը, Հումբուլդտի անվան համալսարանի ղեկավարությունը, Գերմանիայում գտնվող ՀՀ դեսպանը, իսկ մեր կողմից նաեւ ԿԳՄՍ նախարարն էր ներկա։ Մեզ համար կարեւոր է, որ հենց Բեռլին քաղաքը բավական ուշադիր է Կոմիտասի, հայ երաժշտության հանդեպ։ Հաջորդ երկու նիստը տեղի ունեցավ Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանում, որտեղ ներկա էին ութ երկրից գիտնականներ՝ Գերմանիայից, Կանադայից, Ռուսաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից եւ այլն։ Կոմիտասը, համամարդկային կերպար լինելով, կարողանում է իր շուրջը համախմբել մարդկանց եւ մեր աշխարհագրությունն ընդլայնելու հնարավորություն է տալիս, որ ամբողջ աշխարհում ներկայանանք մեր մշակույթով։ Շատ կարեւոր է պետական աջակցությունը, որը թանգարանի բացումից ի վեր առկա է, հատկապես կարեւոր է արտերկրում պետական հովանավորչությամբ ներկայանալը։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը


Համախմբել աշխարհը Կոմիտասի շուրջ

2019 թվականը բավական հագեցած էր, եւ փորձում ենք մինչեւ տարեվերջ անել առավելագույնը, որ հավուր պատշաճի ընթանա հոբելյանական տարին։ Երեւանում եւ Արցախում համերգային ծրագրերով հանդես եկանք՝ ներգրավելով երաժիշտների, որոնց մեծ մասն առաջին անգամ էր Հայաստանում եւ, վստահաբար, դեռեւս կգան. փոխանակման ծրագրեր կանենք իրենց ուսանողների հետ։ Համերգային ծրագիրն այդ երաժիշտների շրջանում հետաքրքրություն առաջացրեց Կամիտասի երաժշտության նկատմամբ, հնարավորություն տվեց իրենց հետագա ծրագրերի մեջ ներառել նաեւ նրա երգերը։ Փառատոնը տարեցտարի պետք է զարգանա, ընդլայնվի, եւ մենք պետք է անենք ամեն ինչ, որ այն լինի մի հարթակ, որն օրերից մի օր միգուցե ամբողջ աշխարհը համախմբի հենց Կոմիտասի, նրա թողած ժառանգության շուրջ, քանի որ մեր ազգի համար Կոմիտասը խորհրդանիշ է։ Փառատոնը նաեւ դեպի մարզեր ենք ընդլայնելու. չենք ուզում, որ ամեն ինչ այստեղ կենտրոնացված լինի: Այս ընթացքում համերգներով հանդես ենք եկել Լոռիում, նաեւ Կոմիտասին այդքան հարազատ Հառիճավանքում։

Ինստիտուտի գործունեությունը

Գիտաժողովի ընթացքում հնչած զեկուցումները ե՛ւ նոր տեղեկություններ են տալիս, ե՛ւ քննարկումներ են ծավալում: Միանշանակ, ամբողջ իմաստը հենց դրանում է, որ նոր գաղափարներ ծնվեն, համագործակցություն լինի։ Զեկույցները հետագայում տպագրվում են մեր տարեգրքում։ Արդեն երեք հատոր լույս է տեսել եւ մինչեւ տարեվերջ նաեւ չորրորդ հատորը լույս կընծայվի։ Մեր գրեթե բոլոր հրատարակությունները լինում են երկլեզու կամ եռալեզու, որ արտերկրի ընթերցողը եւս կարդալու հնարավորություն ունենա։ Առավելագույն կերպով փորձում ենք տեղ հասցնել լսարանին. ուղարկում ենք համալսարանների, գրադարանների, ակադեմիական այլ հաստատությունների, առանձին անձանց, եւ այստեղից էլ մարդիկ գալիս, հետաքրքրվում, վերցնում են։ Համացանցային հարթակը հնարավորություն է տալիս, որ տարածվի այս ամենը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ պատրաստվում ենք երկհատորյակով Կոմիտասի մեներգերն ու խմբերգերը հրատարակել։ Կրթական ծրագրեր ունենք, գիտական հանդիպումներ... տարին դեռ չի ավարտվել, բայց անկախ նրանից՝ տարին հոբելյանական է, թե՝ ոչ, թանգարանի համար նույն պատասխանատվությունն է. ամեն օրը, վայրկյանը թանկ է մեզ համար։


Թանգարանը՝ բազմակի այցելության վայր

Կրթական ծրագրերը տարբեր տարիքայինների համար ենք իրականացնում, ունենք աշակերտներ, ուսանողներ, որոնք այցելում են թանգարան, ու կարեւորն այն է, որ չեն գալիս մեկ անգամ եւ ավարտում․ դրանից հետո կարող ենք նրանց տեսնել համերգի ժամանակ, կարող ենք տեսնել ամառային դպրոցում, եւ դա կարեւոր բաղադրիչ է, որ մարդը հետաքրքրություն է ունենում, վերադառնում է, հետզհետե զարգացնում իր գիտելիքներն՝ այս միջավայրի հետ շփվելով։ Ամառային դպրոցում ներգրավված էին նաեւ ոչ պրոֆիլային մարդիկ՝ բժիշկներ, իրավաբաններ, որոնք հետաքրքրված էին, ինչը ողջունելի է։ Մասնակիցներ կային Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից եւ այլ երկրներից, որոնք եկել էին հատուկ ամառային դպրոցին մասնակցելու համար։

«Ուսուցիչը» ցուցահանդեսը

Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի հետ միտքը ծնվեց եւ փորձեցինք համատեղ իրականացնել, նաեւ Ազգային արխիվից մի քանի փաստաթուղթ կա։ Փորձել ենք Կոմիտասին որպես ուսուցիչ ներկայացնել, իր կրթադաստիարակչական մոտեցումները, պատգամները երեխաներին, դեպի ապագան։ Թեմատիկ մի քանի սրահում անդրադարձ է կատարվում ինչպես Կոմիտասին, այնպես էլ իր անվանի աշակերտներին՝ Սպիրիդոն Մելիքյանին, Արմենակ Շահմուրադյանին, Վահան Տեր-Առաքելյանին, Մարգարիտ Բաբայանին։ Ցուցադրված է 200 փաստաթուղթ, որոնք ներկայացնում են երեխաների հետ կապված Կոմիտասի մոտեցումները։


Լուսաբանման խնդիրը

Վերջերս, եթե բացասական դեպք է լինում, բոլորը գնում, լուսաբանում են, բայց եթե լավ բան ենք ուզում անել, որ միասին փորձենք լայնորեն ներկայացնել, պասիվ են։ Ես խնդրում եմ այս մասը չկտրել եւ չխմբագրել, ուղղակի որպես խնդրանք՝ ավելի ուշադիր լինենք, որովհետեւ այս հարցում միասին պետք է գործենք։ Ամբողջ գաղափարն այն էր, որ ստեղծվեր Կոմիտասի այն տունը, որն ինքն իր կյանքի օրոք չի ունեցել, եւ հիմա ստեղծվել է, ու յուրաքանչյուրս, անկախ նրանից՝ ով որտեղ է գտնվում, պետք է մեր լուման ունենանք եւ փորձենք միասին քարը քարի վրա դնել։ Թեեւ լուսաբանումներ եղան, բայց ինձ զարմացնում է, որ մասնավորապես այս տարի պասիվ էր։ Բացասականը կա ու կա, պետք է փորձենք դրականը ներկայացնել։

Թանգարանը՝ շնչող օրգանիզմ

Թանգարանը ցուցանմուշ չէ, շնչող օրգանիզմ է, եւ ամեն օր պետք է կարողանաս այնպես անել, որ մարդը միատարր դառնա այդ ամենի հետ։ Դա ամեն օրվա, ամեն վայրկյանի աշխատանք է, որ պիտի տարվի, ու չկա հստակ թեորեմ՝ ինչպես պիտի արվի։ Կյանքը բավական արագ փոփոխվում է, տեխնոլոգիաները փոփոխվում են եւ մարդկանց ընկալումն է փոխվում, փորձում ենք թանգարանային միջավայրն այնպես փոխել, որ մարդն ազատ լինի թանգարանում եւ հարմարավետ զգա իրեն։ Որքան էլ նմուշ դնես, Կոմիտասի անձն է մարդկանց այստեղ բերում. ամեն մեկն իր Կոմիտասին է փորձում տեսնել։


Ցանկանում եմ նաեւ կոչ անել բոլոր մարդկանց, ովքեր ունեն Կոմիտասի հետ կապված որոշակի նյութեր, թող դիմեն մեզ, եւ մենք սիրով կընդունենք դրանք։ Փորձենք միասին հարստացնել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի արխիվները, այդ նյութերը կյանքի կոչել, հրատարակել։ Թանգարանն ի սկզբանե ստեղծվել է, որ ամբողջացնի Կոմիտասի ժառանգությունը. մի մասը ցաքուցրիվ է եղել, եւ ես կոչ եմ անում, որ այս հոբելյանական տարվա ընթացքում միասին փորձենք այդ ամենը հավաքել։

Զրուցեց Նանե Պետրոսյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին