×


Սիրուշոն՝ Մայիսի 28-ի համերգին

«Քանի դեռ երեխաներս փոքրիկ են, չեմ կարողանում». Սիրուշո

2016 թվականին Սիրուշոն ներկայացրեց իր «Արմատ» ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված երգերը հայկական մոտիվներով են ու ներկայացնում են ազգային երաժշտությունը՝ երգչուհու մեկնաբանությամբ: Ալբոմի շնորհանդեսից կարճ ժամանակ անց Սիրուշոն մեկնեց համերգային շրջագայության եւ «Արմատ տուր»-ի շրջանակում եղավ աշխարհի տարբեր երկրներում: Երեկ BRAVO.am-ը առիթ ունեցավ հանդիպել նրան Հայաստանի առաջին Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված գալա-համերգին եւ ետնաբեմում զրուցել տարբեր քաղաքներում կայացած համերգներից եւ առաջիկա նախագծերից:

Սիրուշոն դժվարացավ հիշել, թե քանի երկրում են հասցրել լինել, բայց նշեց՝ համերգներ են ունեցել Բոստոնում, Նյու Ջերսիում, Բրյուսելում, Մոնրեալում, Բեյրութում եւ այլուր: Ասաց՝ շատ լավ տպավորություններով է վերադարձել Հայաստան, քանի որ հանդիսատեսն ամենուր շատ ջերմ է ընդունել իրենց ելույթները.«Եթե դիտել եք այն տեսանյութերը, որ ներկայացնում եմ սոցիալական ցանցերի իմ էջերում, ապա նկատած կլինեք, որ ամեն մի համերգ յուրովի կապ է ստեղծում հանդիսատեսի հետ: Չեմ կարող դա խոսքերով փոխանցել, պետք է պարզապես այնտեղ լինել, որպեսզի զգալ ու տեսնել, թե ինչ է կատարվում: Եվ հետո այն խոսքերը, որ լսում եմ, այն դրական լիցքերն ու էներգիան, որ ստանում եմ, այնքան ոգեւորող են, եւ հենց դրա համար էլ «Արմատը» շարունակական դարձավ: Այս պահին էլ ունենք հրավերներ տարբեր երկրներից, բայց հիմա մի փոքր դադար ենք տվել ու, հավանաբար, սեպտեմբերին կշարունակենք, որովհետեւ առաջիկա ամիսների ընթացքում այստեղ շատ աշխատանքներ ունենք, որ պետք է հասցնենք անել»:

Սիրուշոն՝ Մայիսի 28-ի համերգին


Երգչուհին նշեց, որ պլանավորում են «Արմատը» ներկայացնել նաեւ Հայաստանում, քանի որ այն իր ամենահայկական համերգային ծրագիրն է, որում ներկայացվում են իրեն ոգեշնչած հայկական դրվագները.«Ամեն դեպքում ցանկությունը մեծ է այստեղ ելույթ ունենալու, բայց չգիտեմ՝ ինչու, միշտ այնպես է լինում, որ չի ստացվում: Հավանաբար, մեր ամբողջ խմբով շատ բծախնդիր ենք եւ ուզում ենք, որ ամեն ինչ մեր պատկերացրածի նման լինի: Այս պահին դեռ հնարավոր չի լինի այստեղ համերգն իրականացնել, բայց կարծում եմ՝ շատ չի հետաձգվի»:

Սիրուշոն նշեց, որ շրջագայության ընթացքում անընդհատ վերադառնում է Երեւան, քանի որ չի կարողանում երկար մնալ որեւէ քաղաքում.«Երկու փոքրիկ երեխաներ ունեմ, եւ այդ պատճառով էլ երկարատեւ շրջագայություններ չենք կարողանում անել: Այսինքն՝ մեկնում ենք երկու-երեք օրով, այդ ընթացքում հասցնում ենք անել տասն օրվա գործ եւ վերադառնում ենք Հայաստան, որ հետո նորից մեկնենք երկու-երեք օրով: Նախկինում անում էինք մեկ ամբողջական շրջագայություն եւ միանգամից այցելում էինք մի քանի երկիր, բայց այժմ քանի դեռ երեխաներս փոքրիկ են, չեմ կարողանում: Հետո երեւի էլի կկարողանամ (ժպտում է,- հեղ.)»:

Սիրուշոն՝ Մայիսի 28-ի համերգին


BRAVO.am-ի հետ զրույցում Սիրուշոն հայտնեց, որ մոտ մեկ շաբաթից երկու նոր տեսահոլովակ են նկարահանելու Հայաստանում: Նա չցանկացավ փակագծերը բացել ու մանրամասներ հայտնել, բայց նշեց, որ երգերից մեկը լինելու է «Արմատ»-ից, մյուսը՝ ոչ.«Գիտեք, շրջանների է բաժանվում իմ ստեղծագործական գործունեությունը: Մի շրջան ոգեշնչումներ են, հետո մի շրջան էլ արդեն աշխատանքն է: Այս պահին շատ տարբեր կուտակումներ կան իմ մեջ, շատ մտքեր են հավաքվել, որ պետք է դարձնել նոտաներ ու հանձնել թղթին: Ես էլ չգիտեմ՝ ինչ ակնկալել, ինչ տեսք կունենա նոր աշխատանքը, ինչ լեզու կունենա, ինչպիսին կլինի, ինչի մասին կխոսի: Բայց ամեն դեպքում այս պահին ներսումս լիքն է ու չգիտեմ՝ ինչպես կարտահայտվի, տեսնենք»,- եզրափակեց երգչուհին:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին