×


Ինժեներական համաժողով-ցուցահանդեսին

«Ֆիլիպ Մորրիս»-ը Վանաձորում մասնակցեց 2-րդ ինժեներական ցուցահանդեսին

Վանաձորում «Ֆիլիպ Մորրիս» ընկերությունը ներկայացրեց իր բարձր տեխնոլոգիական լուծումները, Հայաստանում բացվելիք գիտահետազոտական կենտրոնն ու էկոհամակարգի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։

Վանաձորի երկրորդ ինժեներական ֆորում-ցուցահանդեսն օրերս համախմբել էր բարձր տեխնոլոգիական ապրանքներ եւ լուծումներ առաջարկող ինժեներական ընկերություններն ու հետազոտական ինստիտուտները: Ցուցահանդեսը ներգրավել էր շուրջ 300 մասնակից՝ պետական, գիտահետազոտական, կրթական եւ դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ եւ կայացած ինժեներական ընկերություններից, ոլորտի հայաստանյան եւ օտարերկրյա ներկայացուցիչներից: Ավելի քան 35 տեղական եւ միջազգային կազմակերպություններ իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները ներկայացրին ցուցահանդեսային հատվածում:

Ինժեներական համաժողով-ցուցահանդեսին


Միջոցառման սկզբում կայացավ «Հայաստանի ճարտարագիտության ոլորտը՝ մարտահրավերներ եւ հեռանկարներ» խորագրով համաժողովը, որին ելույթ ունեցան ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարները: Մոտ երկու ժամ տեւած հանդիպման ավարտին բանախոսներն ու համաժողովի մասնակիցները շրջայց կատարեցին ցուցադրված տաղավարներով, ծանոթացան ներկայացված արտադրանքին եւ ծրագրերին: Նրանց թվում էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ով լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ տպավորված է ներկայացված աշխատանքներով եւ պատրաստ է գործուն աջակցություն ունենալ նման միջոցառումների կազմակերպման հարցում:

Նշենք, որ ամենամյա այս միջոցառման նպատակն է ցուցադրել Հայաստանում ինժեներական ոլորտի վերջին ձեռքբերումները, քննարկել ինժեներական կրթության եւ գործարար միջավայրի մարտահրավերները, ինչպես նաեւ խթանել կազմակերպությունների եւ ոլորտի հիմնական դերակատարների միջեւ փորձի ու գաղափարների փոխանակումը: Հիմնական ուղղություններն են՝ էլեկտրոնիկա, կապի տեխնոլոգիաներ եւ 5G, մաթեմատիկական մոդելավորում, ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներ, բիոճարտարագիտություն եւ քիմիա, մեծ տվյալների մշակում եւ այլն:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը խոստովանեց, որ առաջին համաժողով-ցուցահանդեսից հետո շատերն ասում էին՝ բոլորի հավեսը կկորչի, ոչ ոք չի մասնակցի միջոցառմանը: Բայց փաստորեն Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնն ընդլայնվել է, եւ այս տարի ներկայացված են ավելի մեծ թվով կազմակերպություններ ու երիտասարդ ինժեներներ: Նա նաեւ նկատեց, որ երկրորդ ֆորումն առանձնացավ լոռեցիների մասնակցությամբ.

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը


«Դահլիճում ներկա մարդկանց մոտ 70 տոկոսը մարզի բնակիչներն էին, որոնց հետաքրքրում է ճարտարագիտական կրթությունը, ինչը մեզ համար շատ ոգեւորիչ է: Շատ ուրախ ենք, որ ներկայացված կազմակերպությունների մեծ մասն ունի նաեւ կրթական` մագիստրոսական եւ ասպիրանտական ծրագրեր, ինչը մեզ համար շատ կարեւոր է: Հայ ազգի ապագան բարձրագույն կրթությունն է եւ բարդ տեխնոլոգիական լուծումները, որոնք մեզ դնում են համաշխարհային քարտեզի վրա»,- նկատեց պարոն Ենգիբարյանը:

Հիշեցնենք, որ Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը կազմակերպում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Ի թիվս մի շարք գործընկերների` ցուցահանդեսին մասնակցում էր նաեւ «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը` ներկայացնելով իր բարձր տեխնոլոգիական արտադրանքը, գիտական գնահատման 7 փուլ ներառող ծրագիրը, Հայաստանում հիմնադրվելիք գիտահետազոտական կենտրոնն ու դրան առընթեր կրթական ծրագրերը:

«Այսօր մենք ներկայացնում ենք ոչ միայն մեր հեղափոխական առանց ծխի արտադրանքը` IQOS-ը, այլեւ մեր ընկերության զարգացման ուղղությունները, նոր ծրագրերը: «Ֆիլիպ Մորիս»-ի՝ Հայաստանում ներկայումս հիմնադրվող գիտահետազոտական կենտրոնում կատարվելու են քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության եւ այլ ոլորտներում հիմնարար ու կիրառական հետազոտություններ: Մենք վստահ ենք, որ ինժեներական ու տեխնոլոգիական ոլորտների վրա կենտրոնացումը շատ խոստումնալից է Հայաստանի տնտեսության, ինչպես նաեւ մեր երկրի միջազգային վարկանիշի համար»,- իր խոսքում նշեց «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ի կորպորատիվ հարցերով, գիտական ներգրավման ու ինովացիաների գծով կառավարիչ Վահե Դանիելյանը:

Ինժեներական համաժողով-ցուցահանդեսին


Նշենք, որ 2017 թվականինին «Ֆիլիպ Մորիս»-ը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ՀՀ կառավարության, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի հետ` Հայաստանում «Ֆիլիպ Մորիս»-ի գիտահետազոտական կենտրոն ստեղծելու, ինչպես նաեւ կրթական ծրագրերին աջակցելու ուղղությամբ` ներառյալ մագիստրոսական եւ ասպիրանտական գիտական ծրագրերը:

«Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ»-ի ապրանքագիտական եւ մտավոր սեփականության գծով տնօրեն Լուկա Ռոսսին էլ ընդգծեց, որ իրենց արտադրանքի մշակումն ու գնահատումը հիմնվում է գիտական ու տեխնոլոգիական բազմաթիվ ուղղությունների վրա. «Երկու տարի առաջ մենք մեզ համար բացահայտեցինք Հայաստանը՝ գիտական ու տեխնոլոգիական զարգացման ավանդույթների ու ներուժի առումով։ Եվ ահա մենք այստեղ հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց հիմնելու ընթացքի մեջ ենք եւ աջակցում ենք երկրի ամենատաղանդավոր ուսանողների համար գիտական կրթությանը խրախուսող էկոհամակարգի զարգացմանը»,- եզրափակեց նա:

Հավելենք, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի կողմից: Կառույցի առաքելությունն է քաղաքը վերածել տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային եւ միջազգային կենտրոնի:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW