×


«Accent by Gayane Breiova» ռեստորանի պաշտոնական բացումը Երեւանում եւ հայտնի հյուրերը

Մոսկվաբնակ հայ հայտնի ռեստորատոր, խոհարար, բրենդ-շեֆ եւ ռեստորանների ցանցի սեփականատեր Գայանե Բրեյովան (Աֆյան), ում ազգանունն արդեն բրենդ է դարձել ռեստորանային բիզնեսում, այսուհետ իր հեղինակային խոհանոցը կներկայացնի Հայաստանում: Երեւանում՝ Իտալիայի 1 հասցեում, իր դռներն է բացել «Accent by Gayane Breiova» ռեստորանը, որի համեղ ճաշացանկը կազմվել է Գայանե Բրեյովայի հեղինակած բաղադրատոմսերով: Ռեստորանի բացմանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է երեկույթի գեղեցիկ ընթացքը եւ, իհարկե, զրուցել անվանի բրենդ-շեֆի հետ:

«Accent by Gayane Breiova» ռեստորանը


Գայանե Բրեյովան խոստովանում է, որ երբեք ոչինչ նախապես չի պլանավորում: Ասում է՝ եթե բաց ես աշխարհի առջեւ, ուրեմն աշխարհն էլ բաց կլինի քո առջեւ, եւ ցանկություններդ հեշտությամբ իրականություն կդառնան: Այդպես էլ եղել է երեւանյան ռեստորանի դեպքում: Հայաստանից առաջարկություն է ստացել եւ սիրով համաձայնել է ներկայացնել իր հեղինակային խոհանոցը: «Առաջին անգամ ես հանդես եմ գալիս ոչ թե որպես ռեստորանի հիմնադիր կամ համահիմնադիր, այլ որպես բրենդ-շեֆ: Սա մեծ փորձություն է ինձ համար, բայց նաեւ շատ հաճելի է, որ այդ փորձը ես հենց Հայաստանում ունեցա՝ ներկայացնելու իմ հեղինակային խոհանոցը»,- ասում է Գայանեն:

«Accent by Gayane Breiova» ռեստորանը


Նա նաեւ ընդգծում է՝ իրեն հեշտությամբ չի տրվել այդ հնարավորությունը: Պատմում է, որ մեծ համտես է կազմակերպվել, որտեղ իր պատրաստած կերակուրները փորձել է ավելի քան քսան հոգի: Դրանից հետո միայն իրեն թույլ են տվել ներկայանալ սեփական բաղադրատոմսերով: «Ինձ հիմնականում ոգեշնչում է այն միտքը, որ մենք կարող ենք նոր չափանիշ սահմանել հայկական խոհանոցում: Այսինքն՝ հայկական ավանդականը նոր կողմերով ցույց տալ ժամանակակից աշխարհին: Կարծում եմ՝ «Accent by Gayane Breiova» նախագծում մեզ դա իսկապես հաջողվել է»,- խոստովանում է ռեստորանի բրենդ-շեֆը:

Իր խոսքում նա նկատեց, որ ռեստորանի ճաշացանկում ներկայացված ուտեստները բարդ է տան պայմաններում պատրաստելը, քանի որ այդ հարցում մեծ դեր ունի իրենց խոհարարների բարձր պրոֆեսիոնալիզմը.«Պետք է ասեմ, որ արդեն մեկուկես տարի է՝ հրաժարվել եմ միս ուտելուց: Մինչ այդ, սակայն, իմ ամենասիրելի ճաշատեսակը հարիսան էր, այն ինձ համար ուղղակի աստվածային կերակուր է: Բայց քանի որ այլեւս միս չեմ ուտում, մեր ռեստորանում կարող եք ճաշակել րիզոտտա՝ ձավարով, կանեփի հատիկներով ու սնկով: Այսինքն՝ հայկական կերակուրներն այստեղ ավանդական ձեւով չեն պատրաստված, թեեւ յուրաքանչյուր ուտեստում զգացվում է հայկական շեշտադրությունը»:

Բրենդ-շեֆ Գայանե Բրեյովան


BRAVO.am-ի հարցին, թե առավելապես ինչով է առանձնանալու «Accent by Gayane Breiova»-ն երեւանյան բազմաթիվ ռեստորաններից, Բրեյովան ընդգծեց` սա առաջին նախագիծն է, որը կոչված է հենց բրենդ-շեֆի անունով.«Մենք հաճախ լսում ենք, թե այս կամ այն ռեստորանի սեփականատերն ով է, բայց երբեք չենք իմանում, թե խոհարարն ով է: Եվ սա շատ լավ նախադեպ է այդ առումով, որը ցույց է տալիս` ռեստորանային բիզնեսում կարեւորը խոհարարի ձեռագիրն է, փիլիսոփայությունը, որի շնորհիվ էլ տվյալ նախագիծն առանձնանում է մյուսներից: Հուսով եմ` սա լավ օրինակ կհանդիսանա նաեւ հայաստանյան մյուս ռեստորանների համար»:

Խոսելով ռեստորանի առանձնահատկությունների մասին՝ նա նաև ասաց, որ իրենք մշակել են հատուկ ճաշացանկ հումակերների (RAW) և բուսակերների (VEGAN) համար: Գայանեի խոսքով՝ ռեստորանն աչքի է ընկնում նաև «chef's table»-ով, որի շուրջ նստած հաճախորդները կարող են տեսնել, թե ինչպես են հմուտ խոհարարները տարատեսակ կերակուրներ պատրաստում:

«Accent by Gayane Breiova» ռեստորանի բացմանը


Նշենք, որ Գայանե Բրեյովան ռեստորանային բիզնեսում է 1994 թվականից, այսինքն` մոտ 25 տարի, որի ընթացքում հասցրել է մասնագիտանալ Հնդկաստանում, Բալիում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Չեխիայում եւ այլուր: Այդ երկրների ռեստորաններում նա շփվել եւ աշխատել է հայտնի մի շարք շեֆ-խոհարարների հետ, որոնց փորձից ու գիտելիքներից էլ օգտվել է ու ձեռք բերել սեփական խոհարարական հմտությունները: Իհարկե, նա ծնվել ու մեծացել է Երեւանում, սակայն երիտասարդ տարիքում տեղափոխվել է Սլովակիա, որից հետո` Մոսկվա, որտեղ էլ հիմնական հաստատվել է ընտանիքի հետ: Այդ տարիների ընթացքում նա հասցրել է նաեւ երեք գիրք հեղինակել, որոնցից առաջինը դարձել է բեսթսելլեր ու երկրորդ տեղը զբաղեցրել աշխարհի խոհարարական գրքերի ցանկում:

«Accent by Gayane Breiova» ռեստորանի շնորհանդեսի ժամանակ հյուրերը հնարավորություն ունեցան ճաշակելու այնպիսի կերակուրներ, որոնք ներկայացված են նաեւ Գայանեի հեղինակած գրքերում: Բրեյովան շեշտում է, որ չի վախենում մեկ ուտեստում տարբեր համեր միաձուլել.«Միշտ ասել եմ, որ շատ եմ սիրում խառնել համերը: Ասիական խոհանոցն ինձ համար շատ գրավիչ է, եւ երբ այն համադրվում է եվրոպական խոհանոցի հետ ու ավելացվում է նաեւ հայկական շեշտադրումը, ստեղծվում է հենց այն մթնոլորտն ու տրամադրությունը, որ կա իմ խոհանոցում»:

«Accent by Gayane Breiova» ռեստորանի բացմանը


Ի դեպ, ամեն օր՝ առավոտյան ժամը 7-ից, ռեստորանում առաջարկվում են հատուկ նախաճաշեր բոլոր հյուրերի համար: Ժամը 12:00-ից մինչեւ 16:00-ն էլ այստեղ կարելի է համտեսել հատուկ լանչեր, որոնց թարմացվող տեսականու մասին կարող եք տեղեկանալ ռեստորանի ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերում: Նշենք, որ ռեստորանը գործում է 12:00-ից մինչեւ ժամը 24:00-ն: Այստեղ դուք կարող եք նշել ձեր կորպորատիվ երեկոները, ծննդյան կամ գեղեցիկ այլ առիթները, ինչպես նաև ներկա լինել «Accent by Gayane Breiova» ռեստորանի կողմից կազմակերպվող յուրօրինակ միջոցառումներին: Հավելենք, որ ռեստորանում չի գործում սպասարկման վճարը:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին