×


Անտոնիո Ալեսանդրիան

Իտալացի հայտնի օծանագործ Անտոնիո Ալեսանդրիան Երեւանում ներկայացրել է «Իտալիայի բույրերը»

Իտալական օծանելիքի բույրերն իրենց ողջ շքեղությամբ երեկ տարածվել էին Մատենադարանի մեծ սրահում, որտեղ անցկացվեց «Իտալիայի բույրերը» խորագրով հանդիպում-քննարկում` նվիրված հեղինակային օծանելիքի արտադրությանը: Հայաստանում Իտալիայի դեսպանատան հրավերով Երեւան է ժամանել միջոցառման գլխավոր զեկուցող Անտոնիո Ալեսանդրիան՝ պատմելու օծանագործի ստեղծագործական աշխատանքի եւ տեխնիկական հմտությունների մասին: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է հյուրերին եւ զրուցել իտալացի հայտնի օծանագործի ու Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ:

Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն


Անտոնիո Ալեսանդրիան Հայաստան է եկել իր հեղինակային օծանելիքների մի քանի նմուշներով, որոնց մասին պիտի խոսեր զեկույցի ընթացքում: Մինչ այդ, սակայն, հասցրինք մի քանի հարց ուղղել բույրերի սիրահար իտալացի մասնագետին: Վերջինս խոստովանեց, որ յուրաքանչյուր օծանելիք մի պատմություն է իր համար, եւ յուրաքանչյուր ցնդող բույր՝ մի առանձին հիշողություն.«Այդ պատմություններն ու հիշողությունները կադրերի պես հաջորդում են միմյանց, եւ ես հենց այդ ընթացքն եմ ուզում ներկայացնել այսօր»,- նշեց օծանագործը:

Ինչպես նկարիչն է օգտագործում իր հումքը՝ գունավոր ներկերը՝ որեւէ կտավ ստանալու համար, այնպես էլ Անտոնիոն է օգտագործում բույրերը՝ որպես գույներ: Պարզապես իր ստեղծած գեղանկարը ոչ թե տեսողական է, այլ հոտառական: «Կարծում եմ՝ եթե ուզում ես բուրմունքի միջոցով հաղորդագրություն թողնել ինչ-որ մեկին, ապա բույրը քեզ մոտ պիտի գերակայող լինի: Այս ոլորտի սկսնակ մասնագետները պետք է հասկանան դա: Օծանելիքն անէական երեւույթ է, բայց հիմնական նշանակություն ունի»,- ընդգծեց նա:

«Իտալիայի բույրերը» խորագրով գիտաժողովին


Իր զեկույցի համար նա երեք թեմա էր առանձնացրել: Առաջին հատվածում իտալացի մասնագետը խոսեց օծանագործության պատմության մասին, որից հետո անդրադարձավ օծանելիք ստեղծելու տեխնիկական գաղտնիքներին, իսկ վերջում ներկայացրեց իր հեղինակած օծանելիքը՝ պատմելով, թե ինչից եւ ինչպես է այն ստացել: Հայ օծանագործներն էլ, ովքեր ներկա էին հանդիպմանը, ներկայացրին իրենց պատկերացումները Հայաստանում բնական ճանապարհով պատրաստվող օծանելիքի արտադրության վերաբերյալ:

Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն BRAVO.am-ի հետ զրույցում նշեց՝ Անտոնիո Ալեսանդրիային Հայաստան են հրավիրել նախ եւ առաջ այն պատճառով, որ նա շատ հայտնի ու կարեւոր դեմք է իտալական օծանագործության ոլորտում.«Նրա ստեղծագործությունները, այսինքն՝ բույրերը, շատ յուրահատուկ են, քանի որ նա ծննդով Սիցիլիայից է՝ Իտալիայի հարավից, որը շատ հարուստ է պատմությամբ, մշակույթով: Այդ ամենն արտացոլվում է նրա հեղինակած բույրերում: Բացի այդ, օծանագործությունն Իտալիայում զարգացած է դեռեւս Հին հռոմեական կայսրության ժամանակաշրջանից: Հայերը նույնպես ունեն հիանալի գոհարներ այդ ոլորտում դեռեւս շատ վաղ ժամանակաշրջանից: Այնպես որ, այս միջոցառումը ճանաչողական նշանակություն ունի երկու կողմի համար էլ»,- նկատեց դեսպանը:

Արման Նուռը՝ դստեր հետ


Նշենք, որ «Իտալիայի բույրերը» խորագրով գիտաժողովը շարունակվելու է նաեւ հաջորդող օրերին՝ մինչեւ սեպտեմբերի 27-ը: Այդ ընթացքում տեղի են ունենալու հետաքրքիր այլ այցելություններ, սեմինարներ եւ քննարկումներ ոլորտի մասնագետների շրջանում: Հայաստանում Իտալիայի դեսպանատունը, որն էլ նախաձեռնել է այս միջոցառումը, խոստանում է, որ ինչպես նախկինում եւ հիմա, այնպես էլ առաջիկայում շարունակելու են իրականություն դարձնել իրենց հետաքրքիր գաղափարները` տարբեր ոլորտների հայ եւ իտալացի մասնագետներին համախմբելով յուրօրինակ ծրագրերի շուրջ:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին