«Դեպի, դեպի, դեպի, դեպի ճամբար»` այս տողերով ու չափազանց ուրախ, ռիթմիկ նոտայով էլ սկսվում է նոր` «Դեպի ճամբար» նախագծի սաունդթրեքը: Շատ շուտով` հոկտեմբերի 12-ից, «Արմենիա TV»-ի եթերում կմեկնարկի ճամբարական կյանքի մասին պատմող այս հումորային սերիալը: Նախագծի պրոդյուսեր Գրիգոր Դանիելյանն ու կինը` Հռիփսիմե Ելինյանը, դեռ վաղուց էին ուզում իրականացնել նմանատիպ մի սերիալ, որում ներգրավված կլինիեն իրենց սաներից: Նկարահանումներն արդեն ավարտվել են, բայց մենք հասցրել ենք որսալ պահն ու Հանքավանում ներկա գտնվել աշխատանքային ընթացքին եւ զրուցել Գրիգորի ու կնոջ հետ:
Ինչպես ամուսիններն են նշում, իրենք արդեն քանի տարի է` աշխատում են շատ տաղանդավոր ու շնորհալի երեխաների հետ, եւ շատ ափսոս է, որ նրանք հնարավորություն չեն ունենում ի ցույց դնել այդ ամենն ու ավելի աճել, կատարելագործվել: Հաշվի առնելով այդ ամենը` ծագեց «Դեպի ճամբար» նախագծի գաղափարը, այնուհետև կազմակերպվեց քասթինգ, որի ժամանակ էլ ընտրվեցին մասնակից երեխաները: Ի դեպ, նախագծի համար կազմակերպված քասթինգն անցել է նաեւ ամուսինների որդին` Ալբերտոն, ով կերտում է սերիալի գլխավոր հերոսին, եւ իր շուրջն են պտտվում իրադարձությունները:
Աննա Մանուչարյանը եւ Եվա Զոհրաբյանը
Պրոդյուսերից հետաքրքրվեցինք, թե ինչպես է անցել հենց առաջին օրը Հանքավանում, եւ ինչպես են հարմարվել այդ փոփոխությանն ու հատկապես` այդքան երեխաների խնամքն ու ուշադրությունը վերցրել իրենց վրա. «Ամենադժվարն առաջին օրն էր. խառնաշփոթ էր ու իրարանցում: Գնացինք, բոլորը սկսեցին տեղավորվել, մենք շտապեցինք սնունդ գնել երեխաների համար եւ միաժամանակ իրականացրինք առաջին նկարահանումները: Խոստովանում եմ, որ շատ բարդ էր, մանավանդ` այդքան երեխաների հետ աշխատելը» ,-ասաց Գրիգորն ու հավելեց, որ երեխաները ճամբարում իրենց հետ մնացել են առանց ծնողների, եւ ոչ մեկը չի դժգոհել, հակառակը` այնքան են մտերմացել եւ ընկերացել, որ այլեւս չէին պատկերացնում իրարից առանձին ապրելը:
Ամեն առավոտ` ժամը 5-ից կամ 6-ից, նկարահանող խումբն ու դերասանները կազմ-պատրաստ սկսել են իրենց աշխատանքը, հետո միասին ճաշել, հանգստացել, պարել ու լավ ժամանակ անցկացրել: Դե՛ իսկ նկարահանումներն էլ տեւել են շատ երկար` մինչ ուշ գիշեր. «Մենք մի ընտանիք էինք դարձել այնտեղ, տնավորվել եւ անգամ չէինք պատկերացնում, որ այդ ամենն ավարտվելու է, եւ վերադառնանք Երեւան: Միայն թե ես ու Հռիփսիմեն շատ էինք կարոտում մեր փոքր որդուն` Ռոբերտոյին, ում չէինք կարող տեսել այդ օրերի ընթացքում` անդադար նկարահանումներ ունենալու պատճառով»,- պատմեց Գրիգորը:
Ռաֆայել Երանոսյանը
Հումորային սերիալում գլխավոր դերակատարին ընտանեկան խնդիրների պատճառով ուղարկում են ճամբար, որտեղ եւ նա ինքն իրեն նորովի է բացահայտում: Սյուժետային գծերում առկա են նաեւ մանկական սեր, ջոկատավարների միջեւ սիրային հարաբերություններ, խաղեր, մրցույթներ ու ինտրիգներ: Այս ամենի հետ մեկտեղ, պրոդյուսերը վստահեցնում է, որ սերիալը կարող են հանգիստ դիտել թե՛ մեծերը, թե՛ փոքրերը` վստահ լինելով, որ այն պարունակում է դաստիարակչական շատ տարրեր։
Նշենք նաեւ, որ գաղափարն իրագործել եւ սցենարային լուծումներ գտնել Գրիգորին օգնել է նրա լավ ընկեր, դերասան Գարիկ Սեփխանյանը, ով նախագծում հանդես է գալիս որպես ե՛ւ համապրոդյուսեր, ե՛ւ սցենարիստ, ե՛ւ դերասան:
Եվա Զոհրաբյանը, Աննա Մանուչարյանը եւ Մարիամ Ալեքսանյանը
Զրույցի ընթացքում պրոդյուսերը խոստովանեց, որ դերասանական կազմի ընտրությունը բավականին բարդ է եղել իրենց համար: Կարեւորել են ընտրել ոչ միայն հայտնի, այլեւ շատ սիրված դեմքերի: Նախագիծն իրենց խաղով կգեղեցկացնեն հայտնի դերասաններ Ռաֆայել Երանոսյանն ու Անդրանիկ Հարությունյանը, Սաթենիկ Հազարյանը, Մարիամ Ալեքսանյանը, Աննա Մանուչարյանը, Լիաննա Հակոբյանը, Բորիս Բաղդասարովը, Գոշ Ակոբսը, Եվա Զոհրաբյանը, Մաշան (Wing_21), կան նաեւ էպիզոդիկ ու շատ գունեղ կերպարներ:
Լինելով Հանքավանում` մենք հասցրինք լսել նաեւ այն երգը, որը շուտով կհնչի շատերի բնակարաններից: Խոսքերի հեղինակն ու, ինչպես նաեւ, երաժշտական ձեւավորումն արել է Գոռը Հակոբյանը: Իսկ Հռիփսիմեն, բացելով փակագծերն, ասաց, որ իր` սերիալում նկարահանվելն այդպես էլ չստացվեց. «Կար տարբերակ, որ ես նկարահանվեի, խաղայի որպես գլխավոր հերոսի մայր, բայց դերասանությունն ինձ համար չէ, եւ ինձ մոտ չստացվեց: Փոխարենը` ես վստահ էի, որը երգը կստացվի, և որոշեցինք, որ այն ես կատարեմ: Շատ ուրախ, դինամիկ ու ռիթմիկ երգ է ստացվել»,- նշեց նա:
Զրույցի վերջում ամուսինները նշեցին, որ նախագծից ակնկալիքներն ու սպասումները մեծ են.«Մենք արել ենք ամեն բան, որ հեռուստադիտողը հավանի եւ սիրի մեր աշխատանքը։ Հուսով ենք` նրանք կգնահատեն»:
Տեքստը` Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ալբերտ Հարությունյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: