×


«Բյուրեղապակյա դղյակ» բալետի երեւանյան տարբերակում սերը հաղթում է. պրեմիերայի լուսանկարները

Կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա դղյակ» բալետը նախորդ տարի երեւանյան բեմում էր` Մեծ թատրոնի արտիստների մասնակցությամբ: Այսօր արդեն ներկայացումն ընդգրկվել է Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում, որի առաջնախաղը հայ արտիստների կատարմամբ տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին:

«Բյուրեղապակյա դղյակ» բալետի պրեմիերային


Ներկայացման սցենարի եւ խորեոգրաֆիայի հեղինակները Եկատերինա Միրոնովան եւ Ալեքսանդր Սոմովն են: Փոխադրող բալետմայստերներն են ՀՀ վաստակավոր արտիստներ Ռուբեն Մուրադյանը եւ Սոնա Առուստամյանը, փոխադրող նկարիչն Ավետիս Բարսեղյանն է, իսկ բեմադրող դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը: Բեմադրական աշխատանքներն իրականացվել են մեկուկես ամսվա ընթացքում:

«Բյուրեղապակյա դղյակ» բալետի պրեմիերային


Երկու գործողությամբ ներկայացնումն արտացոլում է պետերբուրգյան 18-րդ դարի կայսերական շունչը: Սյուժեի հիմքում ռուսական կայսրուհի Աննա Յոհանովնայի կառավարման ժամանակաշրջանում տեղի ունեցած պատմական դրվագ է, երբ նա որոշում է ամուսնացնել իր ծաղրածուներին Նեւայի գետափին կառուցված սառցե դղյակում:

«Բյուրեղապակյա դղյակ» բալետի պրեմիերային


«Կարծում եմ՝ հանդիսատեսը մեր արտիստների կատարմամբ ավելի շատ կսիրի այս ներկայացումը: Բարդությունն այն էր, որ վերաբեմադրել ենք՝ դիտելով նախորդ անգամ Երեւանում ներկայացված բեմադրության տեսանյութը: Սյուժեն եւ բեմադրությունը մեծ մասամբ նույնն են, բայց կոմպոզիտորի ցանկությամբ որոշ հատվածներ փոխել ենք»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Սոնա Առուստամյանը:

«Բյուրեղապակյա դղյակ» բալետի պրեմիերային


Նա հավելել է՝ ներկայացումը մուլտիժանրային է, որովհետեւ ներառում է նաեւ վոկալ: Նախորդ բեմադրությունում եղել է նաեւ խոսք, բեմում եղել են կենդանիներ, որոնք կոմպոզիտորի ցանկությամբ վերաբեմադրված տարբերակից դուրս են մնացել:

«Նախորդ բեմադրությունն ավարտվում էր սիրահար զույգի մահով՝ երաժշտական մինոր տոնայնությունում: Ընդամենը մի քանի օր առաջ ենք կատարել փոփոխությունը՝ ընդառաջելով կոմպոզիտորի ցանկությանը, եւ մեր տարբերակում սերը հաղթանակում է»,- մանրամասնել է բալետմայստերը:

«Բյուրեղապակյա դղյակ» բալետի պրեմիերային


Ներկայացումը սկսվում է սիրահար ծաղրածուների՝ դրախտային այգում հանդիպմամբ: Գլխավոր դերակատարներն են Ռուբեն Մուրադյանը եւ Մերի Հովհաննիսյանն՝ առաջին կազմում, ինչպես նաեւ Սեւակ Ավետիսյանը եւ Սյուզի Փիրումյանը՝ երկրորդ կազմում:

«Բյուրեղապակյա դղյակ» բալետի պրեմիերային


Բեմադրությունում մեծ տեղ են զբաղեցնում որսի, պարահանդեսների, խնջույքների տեսարանները, քանի որ կայսրուհին հայտնի է եղել ճոխ տոնակատարությունների եւ խելահեղ խրախճանքների նկատմամբ իր անհագուրդ սիրով: Այս առումով ներկայացումը տպավորիչ է նաեւ պարահանդեսային գունեղ հագուստներով:

«Բյուրեղապակյա դղյակ» բալետի պրեմիերային


Առաջին գործողության վերջին պատկերում կայսրուհու պատվին սկսվում է թատերականացված հանդես, որի ավարտին էլ նա որոշում է հարսանեկան խնջույք կազմակերպել իր ծաղրածուների համար: Նա նաեւ հրամայում է կառուցել սառցե դղյակ, որտեղ էլ արդեն երկրորդ գործողության ժամանակ տեղի է ունենում հարսանեկան արարողությունը:

«Բյուրեղապակյա դղյակ» բալետի պրեմիերային


Աղմկալի շքախմբի հեռանալուց հետո նորապսակները միայնակ են մնում ապարանքում ու նկատում են, որ ամեն ինչ անշնչացել է: Դղյակը պետք է դառնար սիրահար զույգի սառցե դամբարանը, սակայն նրանց սիրո հուրը հալեցնում է սառույցն ու ապահովում ներկայացման ուրախ ավարտը:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին