×


«Դեպի անսահմանություն». Մարիա Կազարյանը ցուցահանդես կունենա Երեւանում

Վրացահայ նկարչուհի Մարիա Կազարյանը Հայաստանում է։ Նրա՝ «Դեպի անսահմանություն» խորագրով ցուցահանդեսը կանցկացվի Նկարիչների միության տանը՝ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը։ Կներկայացվեն երեք տասնյակից ավելի աշխատանքներ, որոնցից շատերը ստեղծվել են հատուկ Երեւանում կայանալիք միջոցառման համար։

Մարիա Կազարյանը վերջին տարիների ընթացքում կազմակերպել է մի շարք ցուցահանդեսներ, վերջինները՝ Վրաստանում, Բելառուսում, Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում։ 2015 թվականին Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից Մարիան իր բացառիկ տաղանդի եւ հեղինակության շնորհիվ ընտրվել է որպես հատուկ հրավիրված նկարչուհի՝ Բոստոնում կայանալիք ցուցահանդեսին մասնակցելու համար։


«Սիրով հրավիրում եմ բոլորին մասնակցել իմ ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որը տեղի կունենա նոյեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ին։ Իմ ստեղծագործությունները խոսում են մարդկանց երազների եւ ցանկությունների, հաղթանակների եւ ձախողումների, անսահման սիրո եւ վառ երեւակայության մասին։ Իմ նկարները շատ հայտնի են, բայց ինձ համար ամենաթանկ ձեռքբերումն այն է, որ ես տեսնում եմ հիացմունք մարդկանց աչքերում, նրանք սիրում եւ գնահատում են իմ աշխատանքը, որովհետեւ այն անմիջապես ուղղված է նրանց հոգուն ու մտքին»,- նշել է Մարիա Կազարյանը։

Ըստ նկարչուհու՝ գեղեցիկը եւ դրա արտահայտման ձեւերը սահմաններ չունեն, այդ իսկ պատճառով ցուցահանդեսն անց է կացվում «Դեպի անսահմանություն» խորագրի ներքո։

Նշենք, որ Մարիա Կազարյանը ծնվել եւ բնակվում է Թիֆլիսում։ Վրաստանի նկարիչների միության անդամ է։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին