×


«Իմ պատմությունը գրվում է հենց այս պահին». «Օսկար 2019»-ի հաղթողներն ու հուզիչ դրվագները

Լոս Անջելեսում ժամեր առաջ ավարտվեց Ամերիկյան կինոակադեմիայի 91-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը. հայտնի դարձան տարվա լավագույն ֆիլմերն ու դերասանները: Այս անգամ, սակայն, կինոաշխարհի գլխավոր իրադարձությունը հաղորդավարներ չուներ: Այդ փաստը, իհարկե, այնքան էլ չխանգարեց «Օսկար»-ի ավանդական ընթացքին ու շքեղությանը` շնորհիվ այն անվանի դերասանների ու ռեժիսորների, որոնք հայտնում էին տարբեր անվանակարգերում հաղթող մարդկանց անունները: Իրադարձությունների ընթացքին ուղիղ եթերում հետեւել է նաեւ BRAVO.am-ը:

Լավագույն ֆիլմ ճանաչվեց Փիթեր Ֆարելլիի «Կանաչ գիրքը»



Մրցանակաբաշխության արդյունքներով՝ տարվա լավագույն ֆիլմ ճանաչվեց Փիթեր Ֆարելլիի «Կանաչ գիրքը»: Հաղթողներին պարգեւատրեց հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը, ով իր վարդագույն զգեստով ու բրենդային ժպիտով փայլում էր բեմում: Նշենք, որ «Կանաչ գիրք» ֆիլմը երեք «Օսկար»-ի արժանացավ` լավագույն օրիգինալ սցենար, երկրորդ պլանի լավագույն դերասան (Մահերշալա Ալի) եւ, իհարկե, գլխավոր մրցանակը` լավագույն ֆիլմ:

Ռամի Մալեքը



Ընդհանուր առմամբ, ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս կանխատեսելի էին այն ֆիլմերի ու դերասանների անունները, որոնք կարող էին հաղթող ճանաչվել այս կամ այն անվանակարգում: Եվ այդ առումով անակնկալներ գրեթե չեղան: Ինչպես եւ սպասվում էր, լավագույն դերասան անվանակարգում հաղթող ճանաչվեց Ռամի Մալեքը, ով «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմում մարմնավորել է աշխարհահռչակ երաժիշտ Ֆրեդի Մերկուրիի կերպարը: Իր շնորհակալական խոսքում Մալեքը կեսկատակ նկատեց, որ գուցե ինքը ակնհայտ ընտրություն չէր այդ դերի համար, բայց կարծես թե ամեն ինչ ստացվել է:

Ռամի Մալեքը, Օլիվիա Քոլմանը, Ռեջինա Քինգը, Մահերշալա Ալին



«Շնորհակալ եմ, «Քուին», որ ինձ հնարավորություն ընձեռեցիք ձեր անհավանական ժառանգության մասնիկը լինել: Այս ամենի համար ես հավերժ երախտապարտ եմ: Ես մտածում եմ՝ ինչ կլիներ, եթե մի օր ասեի փոքրիկ Ռամիին՝ կգա ժամանակ, երբ այս ամենը նրա հետ տեղի կունենա: Կարծում եմ` նա ուղղակի չէր հավատա: Այդ երեխան շատ դժվարությունների միջով է անցել եւ բավական դժվար կյանք է ունեցել, փորձել է հասկանալ, թե ով է ինքը: Եվ գիտեք, այս ֆիլմը պատմություն է փախստականի մասին, մի մարդու, ով անհավանական կյանք է ունեցել: Եվ այն փաստը, որ ես այստեղ եմ ու տոնում եմ նրա կյանքը, գործունեությունը, ապացույցն է, որ մենք կարիք ունենք նմանատիպ պատմությունների: Ես՝ ինքս, Եգիպտոսից գաղթած մարդկանց որդին եմ, եւ իմ պատմության մի մասը գրվում է հենց այս պահին»,- իր ելույթում ասաց դերասանը:

Բրեդլի Քուփերը՝ մայրիկի եւ Իրինա Շեյքի հետ



Իսկ ահա լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթող ճանաչված Օլիվիա Քոլմանը, ով «Ֆավորիտուհին» ֆիլմում մարմնավորում է թագուհի Աննային, կարծես այնքան էլ չէր սպասում իր հաղթանակին: Նա ակնհայտորեն հուզվեց ու հուզեց բոլոր ներկաներին, հատկապես իր ամուսնուն ու գործընկերներին: «Սա անհավանական է: Ես այնքան մարդու պետք է շնորհակալություն հայտնեմ: Եթե հանկարծ մոռանամ ինչ-որ մեկի անունը, հավաստիացնում եմ՝ անպայման կգտնեմ ձեզ ու կհամբուրեմ, շնորհակալություն կհայտնեմ»,- ասաց նա:

Ստորեւ ներկայացնում ենք «Օսկար 2019»-ի հաղթողների ցանկը.
Լավագույն ֆիլմ - «Կանաչ գիրքը»
Լավագույն ռեժիսոր – Ալֆոնսո Կուարոն, «Ռոմա»
Լավագույն դերասան – Ռամի Մալեք, «Բոհեմական ռապսոդիա»
Լավագույն դերասանուհի – Օլիվիա Քոլման, «Ֆավորիտուհին»
Երկրորդ պլանի լավագույն դերասան – Մահերշալա Ալի, «Կանաչ գիրքը»
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի – Ռեջինա Քինգ, «Եթե Բիլ-սթրիթը կարողանար խոսել»
Լավագույն օտարալեզու ֆիլմ - «Ռոմա»
Լավագույն անիմացիոն ֆիլմ - «Սարդ մարդը. տիեզերքի միջով»
Լավագույն վավերագրական ֆիլմ - «Ազատ անկում դեպի միայնություն»
Լավագույն օրիգինալ սցենար - «Կանաչ գիրքը»
Լավագույն համապատասխանեցված սցենար - «Սեւ կլանականը»
Լավագույն մոտնաժ - «Բոհեմական ռապսոդիա»
Լավագույն օպերատորական աշխատանք - «Ռոմա»
Լավագույն դիմահարդարում եւ վարսահարդարում - «Իշխանություն»
Լավագույն հագուստի ձեւավորում/դիզայն - «Սեւ հովազը»
Լավագույն բեմադրող նկարիչ - «Սեւ հովազը»
Լավագույն վիզուալ էֆեկտներ - «Մարդը լուսնի վրա»
Լավագույն կոմպոզիտոր - «Սեւ հովազը»
Լավագույն երգ - «Shallow», «Աստղը ծնվեց»
Լավագույն ձայնային մոնտաժ - «Բոհեմական ռապսոդիա»
Լավագույն հնչյունային ձեւավորում - «Բոհեմական ռապսոդիա»
Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ - «Բաո»
Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ - «Վերջակետ. նախադասության ավարտը»
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ - «Մաշկը»

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW