×


«Ինձ թվում է՝ երիտասարդացել եմ:)». Վիվյեն Բաստաջյանը տատիկ է դարձել

Վիվյեն Բաստաջյանի դուստրն այսօր՝ հուլիսի 24-ին, առաջին անգամ մայրացել է: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին ասել է, որ թոռնուհու ծնունդն իրեն աննկարագրելի զգացողություններ է պարգեւել. անսահման երջանիկ է: Փոքրիկը, ում ծնողները Մանե են անվանել, ծնվել է 3 կգ 60 գրամ քաշով եւ 50 սմ հասակով:

«Խանութում աղջկաս համար նվերներ էի ընտրում, երբ զանգեցին ու հայտնեցին հղիության լուրը: Անհասկանալի էմոցիա ապրեցի, որ կյանքում երբեւէ չէի ունեցել: Ու երբ խոսելուց հետո հանդիպեցինք, անընդհատ նրան դիպչելու ցանկություն ունեի»,- ասել է Վիվյենն ու նշել, որ 9 ամիսների ընթացքում փորձել է շատ ժամանակ անցկացնել դստեր հետ.«Հնարավոր ամեն մի վայրկյան միասին ենք ապրել, միասին ենք արել երեխայի հետ կապված ցանկացած բան: Հոգեպես ավելի կապվեցինք միմյանց»:

Վիկտորիա Բաստաջյանը եւ Պարույր Խաչատրյանը


Դերասանուհին նաեւ անմիջական մասնակցություն է ունեցել փոքրիկի համար անհրաժեշտ իրերի գնումներին.«Քանի որ, ըստ հայկական ավանդույթի, առաջին երեխային անհրաժեշտ ամբողջ օժիտը մայրական տատիկն է հոգում, նվիրել եմ հնարավոր ամեն բան՝ երեխայի սենյակի կահույքից մինչեւ վերջին շապիկը»:

Վիվյեն Բաստաջյանը՝ դստեր հետ


Տատիկ դառնալու լուրը նրան հայտնել են փոքրիկ Մանեի լույս աշխարհ գալուց հետո.«Ծննդատանն ամբողջ ընթացքում եղել են փեսաս ու քույրս՝ գիշերվանից սկսած։ Ինձ այդ երջանիկ լուրը միայն առավոտյան են հայտնել։ Ապրումներս այնքան անիրական են, որ խոսել չեմ կարող։ Միակ բանը, որ կարող եմ ասել՝ կյանքումս շատ կարեւոր փոփոխություն է եղել, որը դեռեւս բառերով բացատրել անկարող եմ։ Բայց որ շարունակ ժպտում եմ, փաստ է։ Տեսնել հասցրել եմ, նույնիսկ գրկել եմ, սիրել։ Զգացողություններս գունավոր են ու սիրուն։ Հիմա ես ինձ առավել երջանիկ եմ զգում։ Ու ավելի տարօրինակ մի բան՝ ինձ թվում է՝ երիտասարդացել եմ»,- եզրափակել է նա:

BRAVO.am-ը առողջ ու անհոգ մանկություն է մաղթում փոքրիկ Մանեին ու աշխարհի բոլոր բալիկներին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Վիվյեն Բաստաջյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին