×


«Ինքն իրեն արդեն տրամադրել էր, որ այլեւս չի ապրելու...». Արշո Հարությունյանը՝ Գեորգի Ամիրաղյանի մահվան մասին

Երեւանի կամերային թատրոնից առավոտյան այսօր հայտնեցին, որ կյանքից հեռացել է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Գեորգի Ամիրաղյանը: Սիրված դերասանին շատերը ճանաչում էին որպես Կամերայինի Գոգա. նա 1982 թվականից աշխատում էր այս թատրոնում եւ համարվում էր առաջատար դերասաններից մեկը: BRAVO.am-ը զրուցել է Կամերային թատրոնի դերասան, ռեժիսոր Արշո Հարությունյանի հետ եւ հետաքրքրվել, թե որոնք են եղել Գեորգի Ամիրաղյանի մահվան հանգամանքները, եւ երբ է նախատեսվում նրա վերջին հրաժեշտի արարողությունը:

Արշոյի խոսքով՝ մեկ տարուց ավելի է` դերասանն առողջական լուրջ խնդիրներ ուներ.«Վերջին շրջանում նա հիմնականում տանն էր լինում, դժվարանում էր քայլել, անգամ ներկայացումների պրեմիերաներին չէր կարողանում ներկա լինել: Նա իր բուժումներն էլ տանն էր ստանում, հիվանդանոց չէր գնում, քանի որ պարտադիր չէր անընդհատ բժիշկների հսկողության ներքո լինել: Բայց նույնիսկ հստակ չգիտեինք՝ որն էր նրա ախտորոշումը. տպավորություն էր, թե նա ինքն իրեն արդեն տրամադրել էր, որ այլեւս չի ապրելու...»:

Գեորգի Ամիրաղյանը


Մեր զրույցում նա հայտնեց, որ Գեորգի Ամիրաղյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 5-ին, իսկ հուղարկավորությունը` հաջորդ օրը` Կամերային թատրոնից.«Նրա վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա առավոտյան ժամը 11-ին՝ թատրոնից, ինչպես վայել է դերասանին, այն էլ՝ նրա նման առաջատար դերասանին: Սերունդներ են եկել-գնացել, բայց նա միշտ եղել է մեր թատրոնի ամենահետաքրքիր ու սիրված դերասաններից մեկը. Կամերայինի Գոգային բոլորը գիտեին: Միշտ էներգիայով լի, խարիզմատիկ, քաղաքակիրթ, հետաքրքիր ճաշակի ու մշակույթի տեր մարդ` այսպես կարելի է բնութագրել նրան: Գիտեք, նա գուրման էր, եւ նույնիսկ հաց ուտելը նրա համար մշակույթ էր. Գոգան պարզապես չէր նստում հաց ուտելու, այլ համտեսում էր: Նա շատ հետաքրքիր կոլաժային մտածողություն ուներ եւ կարողանում էր հրաշալի մոնտաժ անել: Կադրերի այնպիսի համադրություն էր ստեղծում, որն արտահայտում էր նրա մտածելակերպն ու աշխարհայացքը: Ափսոս, որ հիմա նրա մասին անցյալով ենք խոսում...»:

Գեորգի Ամիրաղյանը բազմաթիվ ներկայացումներում է խաղացել Կամերայինում, բայց Արշո Հարությունյանն առանձնացրեց նրա մարմնավորած Ներոնի կերպարը: Ասաց` ամեն անգամ այդ կերպարը տեսնելով` մտածում էին, թե որտեղից մեկ դերասանի մեջ այդքան տարբեր արտահայտումներ.«Երբ մեր թատրոնի կազմով մասնակցում էինք միջազգային փառատոների, հանդիսատեսը հնարավորություն էր ունենում նրան տեսնել մե՛կ «Կաբարե շոու»-ի կոնֆերանսիեի դերում, մե՛կ չարագործ եւ արյունարբու Ներոնի կերպարում: Նրա այդ կերպարի չարությունից սարսուռ էր անցնում մարմնովդ, եւ դա շատ կարեւոր հատկություն է դերասանի համար»:

Գեորգի Ամիրաղյանը


Նշենք, Գեորգի Ամիրաղյանը ծնվել է 1957թ. դեկտեմբերի 23-ին՝ Երեւանում: 1979-82թթ. սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական բաժնում` Դմիտրի Կեսայանցի արվեստանոցում: 1980թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, իսկ 1982թ.-ից աշխատել է Երեւանի պետական Կամերային թատրոնում: Խաղացել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում` «Կաբարե», «Կառավարական համերգ», «Միսս Դժոխք» եւ այլն: 1985թ.-ից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ էր: 1993-96 թթ. աշխատել է Մոսկվայում` «Կաբարե, բոլոր աստղերը» հաղորդման շրջանակում` որպես հաղորդավար: Նկարահանվել է մի քանի ֆիլմերում` «Ժամկետը՝ 7 օր», «Արմենիկում UPSA», «Երեք երեկո» եւ այլն: 2007թ. պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, իսկ 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

BRAVO.am-ը ցավակցում է Գեորգի Ամիրաղյանի մտերիմներին, գործընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին