×


«Խուժան կինո, սյուռ կինո գալի՞ս ես». «Ոսկե ծիրան 2019»-ի նոր պաստառներն ու ինքնատիպ մտքերը

«Կոֆե՞, կենտրո՞ն, ծիրա՞ն», «Սիրուն կինո գալի՞ս ես», «Խուժան կինո գալի՞ս ես», «Գռուզիտ կինո գալի՞ս ես»՝ վերջին օրերին նման գրություններով պաստառների հաճախ կարելի է հանդիպել Երեւանի սրճարաններում, կինոթատրոններում եւ այլ վայրերում: Այդ գունավոր եւ հետաքրքիր բովանդակությամբ պաստառները հուշում են, որ շուտով Երեւանում մեկնարկելու է «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, որն այս տարի անցկացվելու է հուլիսի 7-14-ը: Ինչպես եւ սպասվում էր, թե՛ այդ պաստառները, եւ թե՛ փառատոնի նոր տարբերանշանը զերծ չմնացին քննարկումներից ու տարբեր արձագանքներից: BRAVO.am-ը զրուցել է դրանց հեղինակի` դիզայներ Վիլյամ Կարապետյանի հետ եւ հետաքրքրվել, թե ինչպես են ստեղծվել տարբերանշանն ու պաստառները, ո՞ւմ միտքն են եղել այդ ինքնատիպ գրությունները:

Նա նշեց, որ պաստառների ստեղծումը համատեղ աշխատանք է եղել կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի հետ, ով նաեւ ընդգրկված է «Ոսկե ծիրան»-ի նոր ղեկավար կազմում.«Պաստառների գրությունները գիշերային մտքերի արդյունք են` ճիշտն ասած: Միասին մտածեցինք գաղափարի շուրջ, ես էլ հետո կատարեցի դիզայներական աշխատանքը: Լոգոն ստեղծելու ընթացքում արդեն միտքը տվել էի ինչ-որ չափով: Որպեսզի այն ավարտուն տեսք ունենար, ստեղծել էի ֆոտոպաստառներ եւ վրան գրել՝ «Կինո գալի՞ս ես» եւ այլն: Դրա հիման վրա էլ ստեղծվեց այն, ինչ հիմա տեսնում եք»:

«Ոսկե ծիրան»-ի նոր տարբերանշանը


Նշենք, որ «Ոսկե ծիրանն» այս տարի ունի նոր տարբերանշան, որն իր ոճով ավելի մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը: Այդ տառի միջոցով լոգոյի հեղինակը փորձել է ստանալ փառատոնի խորհրդանիշ համարվող ծիրանը: Դիզայներն ինքն էլ նկատում է, որ շատ են եղել թե՛ դրական, եւ թե՛ բացասական արձագանքներն իր աշխատանքի հետ կապված, ինչը, սակայն, անսպասելի չի եղել իր համար.«Ոմանք ասում էին, թե ինչու ծիրանի տեսք չունի, գոնե գույնը ծիրանի լիներ կամ մեջտեղում մի գիծ լիներ: Բայց որքանով հետեւել եմ, մեծ մասամբ դրական է եղել արձագանքը: Դե, անհնար է` բացասական կարծիքներ չլինեին: Պարզապես մենք մի քիչ սովոր չենք նման մոտեցման, նման պարզության»:

Ինչ վերաբերում է պաստառներին, ապա Վիլյամ Կարապետյանի խոսքով` ի սկզբանե խնդիր է դրվել ներկայացնել փառատոնի հասունության գաղափարը` 16 թվի հետ կապված, որպես ավելի երիտասարդ, եռանդուն եւ նորովի ներկայանալու փորձ: Նկատեց` այդ գրությունները համապատասխանում են ժամանակակից թրենդերին, եւ շատ մարդիկ արդեն ցանկանում են իրենց տանն ունենալ նման  պաստառներ:


Դիզայները խոստովանեց, որ շատ հեշտ է եղել փառատոնի նոր ղեկավար կազմի հետ աշխատանքը, քանի որ իրեն ստեղծագործելու ազատություն են տվել եւ սիրով համաձայնել են իր առաջարկների հետ.«Սովորաբար, շատ քիչ են լինում այդպիսի պատվիրատուներ, եւ կարծում եմ՝ յուրաքանչյուր դիզայների համար երազանք է նման մարդկանց հետ աշխատելը: Իրականում շատ սուպերնախագծեր պարզապես մեռնում են, քանի որ պատվիրատուն չի կարողանում ըմբռնել դիզայների միտքը: Այդ տեսանկյունից շատ հաճելի էր «Ոսկե ծիրան»-ի նոր թիմի հետ աշխատելը: Գլոբալ առումով նրանք չմտան իմ աշխարհ, ես էլ չմտա իրենց աշխարհ, բայց միասին կարողացանք աշխատել մեկ նախագծի վրա եւ լուծել այն խնդիրը, որ դրել էինք մեր առջեւ: Թե ինչպես է ստացվել, դա արդեն մյուսները պիտի տեսնեն, գնահատեն»,- եզրափակեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Վիլյամ Կարապետյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW