«Երեւան Մոլ»-ի «ԿինոՊարկ» կինոթատրոնում շարունակվում են «թատրոնը` կինոյում» ձեւաչափի ցուցադրությունները, որոնց շրջանակում վաղը` մայիսի 18-ին, հայ հանդիսատեսին նոր անակնկալ է սպասում: Ցուցադրվելու է Անտոն Չեխովի «Բալենու այգին» ստեղծագործության բեմադրությունը Սանկտ Պետերբուրգի դրամատիկական թատրոնում (Եվրոպայի թատրոն): Ներկայացման գլխավոր դերերում հանդես են գալիս այնպիսի հայտնի ու սիրված դերասաններ, ինչպիսիք են Դանիլա Կոզլովսկին, Քսենիա Ռապոպորտը եւ Էլիզավետա Բոյարսկայան: Բեմադրության հեղինակն ու գեղարվեստական ղեկավարն է Լեւ Դոդինը, ռեժիսորը՝ Վալերի Գալենդեեւը:
«Մենք ցուցադրությունն այնպես ենք կազմակերպել, որ ամեն ինչ հնարավորինս մոտ լինի թատրոնին: Ներկայացման տեւողությունը մոտ երեք ժամ է, սակայն մենք 15-րոպեանոց ընդմիջում ենք նախատեսել այդ ընթացքում, որպեսզի հանդիսատեսը հնարավորություն ունենա դուրս գալու, հանգստանալու, ինչպես թատրոնում»,- ասում է «ԿինոՊարկ»-ի տնօրեն Արեգ Դանիելյանը:
«ԿինոՊարկ»-ում կցուցադրվի Չեխովի «Բալենու այգին» ներկայացման բեմադրությունը
BRAVO.am-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ նախկինում նույնպես ցուցադրել են բալետային ու թատերական ներկայացումներ: Ըստ այդմ էլ հասկացել են, որ այդպիսի ներկայացումներ դիտելու պահանջարկը մեծ է Հայաստանում, եւ որոշել են այս տարի «թատրոնը` կինոյում» ձեւաչափի ցուցադրություններ ավելի հաճախ կազմակերպել իրենց մոտ. «Մենք փորձում ենք նոր ֆորմատ բերել կինոթատրոնների ոլորտ, որը մինչ այդ բացակայում էր Հայաստանում, այսինքն` մենք առաջինն ենք այդ առումով: Համոզված եմ, որ հաջողություն կունենանք, քանի որ թատրոնը նոր կյանք է ստանում հենց կինոթատրոնների շնորհիվ»,- նկատեց «ԿինոՊարկի» տնօրենը:
Նրա խոսքով` ներկայացումը ցուցադրելու մասին դեռ մեկ ամիս առաջ էին հայտարարել, սակայն տոմսերը գրեթե ամբողջությամբ սպառվել են արդեն տասն օր հետո: Հայտնի այս ներկայացման համար նույնիսկ ընտրել են իրենց ամենամեծ կինոդահլիճը` 126-տեղանոց: Իհարկե, դեռ չվաճառված տոմսեր կան, սակայն կինոթատրոնի անձնակազմը հույս ունի, որ վաղը ցուցադրությունը լեփ-լեցուն դահլիճում է անցնելու:
«Կարող էր կյանք լինել, սակայն չկա ոչինչ»,- ասում է «Բալենու այգին» ստեղծագործության հերոսներից մեկը: Լեւ Դոդինը լավագույնս է կարողացել լսել ու ներկայացնել չեխովյան պատմությունը: Նրա բեմադրությունը բազմաթիվ քննադատներ ճանաչել են որպես Չեխովի հայտնի ստեղծագործության լավագույն ներկայացում: Միայն մեկ օր եւ միայն «ԿինոՊարկ» կինոթատրոնում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու արդեն հայտնի ու սիրված այս ներկայացումը: Չէ՞ որ ոչ բոլորը կարող են անձամբ ներկա գտնվել Պետերբուրգի դրամատիկական թատրոնում, եւ սա լավ առիթ է լինել նրանց համար` այդպիսի զգացողություն ունենալու:
Արեգ Դանիելյանը տեղեկացրեց, որ շուտով անգլիական ներկայացումներ եւս ցուցադրելու են «ԿինոՊարկ»-ում: Ասաց` պլանավորում են ամսական մեկ կամ երկու նման բեմադրություն ցուցադրել. «Մի փոքր գաղտնիք էլ բացեմ. մյուսը հավանաբար անգլիական թատրոնի «Լեդի Մակբեթ»-ը կամ «Համլետ»-ը կցուցադրենք: Այնպես որ՝ լավագույն ներկայացումները դեռ առջեւում են»,- ասաց նա:
Հավելենք, որ եթե դուք նույնպես ցանկանում եք ներկա լինել բացառիկ այս ցուցադրությանը, ապա ներկայացման տոմսերը կարող եք ձեռք բերել նաեւ օնլայն` «ԿինոՊարկ»-ի պաշտոնական կայքէջից` http://bit.ly/2GR6nRK
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/ եւ «ԿինոՊարկ»-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: