Եվրատեսիլյան թոհուբոհից հետո Սեւակ Խանաղյանը կրկին Հայաստանում է: Այս անգամ նա եկել էր մասնակցելու Մայիսի 28-ին նվիրված տոնական միջոցառմանը: Ինչպես տեղեկացրել ենք, համերգին նա կատարեց «Հին ֆայտոն» եւ «Հայրենիք» ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ: BRAVO.am-ը երգչին հանդիպել է ետնաբեմում եւ զրուցել հայաստանյան այցի ու առաջիկա անելիքների մասին:
Սեւակն ասաց, որ հաճախ է լինում հայրենիքում հատկապես վերջին տարիներին: Այստեղ փորձում է համատեղել հաճելին օգտակարի հետ.«Ե՛վ գործերս են ինձ Հայաստան բերում, ե՛ւ սիրտս: Ինձ այստեղ ավելի լավ եմ զգում, ուզում եմ շուտ-շուտ գալ: Գիտեք, վերջին մեկ տարում ես իմ ժամանակի 80 տոկոսը Հայաստանում եմ անցկացրել: Այս անգամ այնպես ստացվեց, որ եկա համերգից մի քանի օր շուտ՝ իմ անձնական գործերով, հետո էլ հասցրի այս միջոցառմանը ելույթ ունենալ»:
Երգիչը նշեց, որ բազմաթիվ նախագծեր կան, որ պետք է հասցնի ժամանակին իրագործել: Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ շուտով նոր երգեր կթողարկվեն թե՛ հայերեն, եւ թե՛ ռուսերեն լեզուներով.«Վերջին կես տարում, երբ պատրաստվում էի Եվրատեսիլին, շատ ժամանակ չունեցա ստեղծագործելու համար, հարկավոր է այդ բացը լրացնել: Շուտով նաեւ իմ մինի-ալբոմը կթողարկվի: Այն, հավանաբար, պատրաստ կլինի մինչեւ սեպտեմբեր: Պլանավորում էի փետրվարին ներկայացնել, բայց պարզապես ժամանակ չեղավ ալբոմով զբաղվելու: Մի քանի օրից արդեն մեկնելու եմ Մոսկվա, փակվելու եմ ստուդիայում եւ գրելու եմ նոր ալբոմը, ընդ որում՝ ոչ միայն ռուսերեն լեզվով, այլեւ շատ երգեր կլինեն հայերենով: Իհարկե, ձայնասկավառակում կընդգրկվեն իմ հեղինակային երգերը, եւ, չակերտները փոքր-ինչ բացելով, ասեմ, որ կարող է՝ մի երկու գործ լինի հին հայկական երգերից»:
Սեւակից հետաքրքրվեցինք, թե արդյոք պատրաստվում է զուգերգեր ձայնագրել հայ եւ ռուս աստղերի հետ, բայց նա նշեց, որ առայժմ նախընտրում է լռել այդ մասին.«Չեմ ուզում շատ մանրամասնել, բոլոր չակերտները բացել:)»,-եզրափակեց նա:
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարը՝ Սեւակ Խանաղյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: