×


«Հուլունք». Ականջօղեր փորձարկումներից չվախեցող կանանց համար

Վառ գույներով հուլունքներ, որոնք պարում են քամու հետ սիրախաղի արդյունքում. կանանց ինքնավստահության «Հուլունք»-ի բաղադրատոմսն է:

Ամիսներ առաջ ծնունդ առած «Հուլունք» բրենդի ականջօղերի կարեւոր «առաքելությունը» նորաձեւ եւ համարձակ կանանց ու աղջիկների անհատականությունն ընդգծելն է:

«Հուլունք»-ի հիմնադիրը մասնագիտությամբ լրագրող Հասմիկ Բաբայանն է: Աշխատանքային օրվա՝ լրագրողական եռուզեռից հետո Հասմիկը ձեռքն է վերցնում բազմերանգ հուլունքներն ու ժամեր անց դրանց նոր կյանք տալիս:

BRAVO.am-ի ֆոտոշարքում Հասմիկը ներկայացրել է «Հուլունք»-ի հավաքածուն, ինչպես նաեւ պատմել, թե ինչից է ոգեշնչվում եւ ինչպես են ծնվում «Հուլունք»-ները:

Հասմիկ Բաբայանը


- Ե՞րբ եւ ինչպե՞ս սկսեցիր հետաքրքրվել հուլունքներով: Որտեղի՞ց է գալիս այդ կիրքը:

-Ականջօղեր ստեղծելու գաղափարը շատ պատահական է ծագել: Մեկ տարի առաջ՝ ամռանը, վատառողջ էի եւ գրեթե մեկ շաբաթ պառկած էի: Այդ ժամանակ հանկարծակի որոշեցի, որ զարդեր եմ պատրաստելու: Ինչի՞ց, ինչո՞ւ, կարո՞ղ եմ, արդյոք, անել. ինձ չէր հետաքրքրում, կարեւորը գաղափարն էր, որ ոգեւորում էր:

Մի քանի ամիս դեռ փնտրտուքների մեջ էի, թե ինչով եմ աշխատելու եւ մոտավորապես նոյեմբեր ամսից սկսեցի աշխատել ականջօղերի վրա: Երկար ժամանակ ոչ մեկին ցույց չէի տալիս, երբ ասում էի, որ ականջօղեր եմ պատրաստում, ծանոթներս զարմացած ինձ էին նայում, թեեւ լավ գիտեին, որ զարդեր ու մասնավորապես՝ ականջօղեր շատ եմ սիրում:

Մարի Թարյանը եւ Հասմիկ Բաբայանը


- Ինչո՞ւ հենց ականջօղեր որոշեցիր սարքել:

-Ականջօղերի շատ մեծ հավաքածու ունեմ, տարիների ընթացքում այնքան է ավելացել, որ արդեն դժվարանում եմ զարդատուփերում տեղավորել: Ընկերներս էլ միշտ նվիրում են: Հիմա դրանց գումարվել են սեփական արտադրությանը: Բայց առաջիկայում պլանավորում եմ ընդլայնել տեսականին. «Հուլունքում» միայն ականջօղեր չեն լինի:

Մարի Թարյանը եւ Հասմիկ Բաբայանը


- Ո՞րն էր առաջին «Հուլունքը»:

-Առաջին «Հուլունքը» երբեք չեմ մոռանա, այնքա՜ն եմ չարչարվել: Երեւի, մոտ 10 անգամ քանդել եմ, նորից սկսել, անընդհատ ինչ-որ բան չէր ստացվում. կամ պոկվում էր, կամ ծուռ էր լինում: Համարյա մի ամբողջ օր աշխատել եմ դրա վրա. կանաչ, մեծ ուլունքներով օղեր են, չեմ ասի, որ շատ լավ են ստացվել: Հիմա էլ ինձ մոտ են, երբ ուզում եմ տեսնել, թե ինչից եմ սկսել ու ինչքան փոխվել, նայում եմ դրանց:

Հասմիկ Բաբայանը


Իսկ առաջին վաճառքը Հայաստանից դուրս է եղել: Ընկերուհիս, ով ԱՄՆ էր մեկնում, առաջարկեց մի ականջօղ տանել իր հետ եւ փորձել այնտեղ վաճառել: Արդյունքում՝ հաջողվեց:

Մարի Թարյանը եւ Հասմիկ Բաբայանը


- Ինչպե՞ս ես ընտրում գույներն ու մոդելները, կոնկրետ հուլունքների տեսակների ընտրության հարցում ինչո՞վ ես առաջնորդվում, եւ ինչպե՞ս են ծնվում, առհասարակ, «Հուլունք»-ները:

-Ականջօղերն, առաջին հերթին, գլխումս են ծնվում, ես պարզապես տեսնում եմ դրանք՝ ձեւը, գույնը, երկարությունը: Երբ հուլունքային «քիմիական ռեակցիաները» սկսվում են, էլ ավարտ չունեն, երբեմն գիշերն եմ արթնանում ու որեւէ բան խզբզում, նկարելուց շատ վատ եմ, դրա համար ինձնից բացի ոչ ոք չի հասկանում դրանք (ծիծաղում է- հեղ.):

Հասմիկ Բաբայանը


Շատ եմ սիրում խառնել գույները, տարբեր փորձարկումներ անել, կարեւորը դրանք յուրահատուկ ու տարբերվող լինեն: Տարբեր խանութներից եմ գնում ուլունքները, արդեն հրաշալի գիտեմ խանութների հուլունքների տեսականին ու թե որտեղից ինչ ձեռք բերել: Սիրում եմ նաեւ բնական նյութերի հետ աշխատել, օրինակ՝ մասուրների, այդ դեպքում շատ գեղեցիկ ու յուրահատուկ են ստացավում ականջօղերը:

Հասմիկ Բաբայանը եւ Մարի Թարյանը


- Ո՞րն է «Հուլունք»-ի առանձնահատկությունը:

-Այն դեռ սկսնակ է ու առաջին քայլերն է անում, բայց առաջին իսկ օրվանից ամեն ականջօղ իր հետ որոշակի ուղերձ ունի: Հենց այդ տեքստային գրություններով էլ սոցցանցերում արվում են հրապարակումները:

Մարի Թարյանը եւ Հասմիկ Բաբայանը


«Հուլունք»-ի էջին հետեւողները շատ են սիրում այդ տեքստերը, հաճախ եմ դրական արձագանքներ լսում այդ մասին: Ուզում եմ, որ ականջօղերն ասելիք ունենան ու հիշվեն: Իսկ ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ ամեն մարդու վրա այն տարբեր է, կրողն է «Հուլունք»-ին իր հմայքը փոխանցում:

- Ի՞նչն է քեզ ոգեշնչում այս աշխատանքում:

-Սիրում եմ ողջ ընթացքը: Սկսած այն բանից, որ շրջում եմ խանութներով, ընտրում բոլոր դետալները, համադրում դրանք… Անկրկնելի է բուն ստեղծագործական ընթացքը, երբ արդեն նշմարվում են ականջօղերը: Ի դեպ, երբեք գործի չեմ անցնում, երբ վատ տրամադրություն ունեմ կամ տխուր եմ, արդեն համոզվել եմ, որ նման դեպքերում ոչինչ չի ստացվում: Ուլունքներն էլ զգում են ամեն ինչ ու ոչ մի կերպ չեն ուզում ենթարկվել ինձ: Բայց ամենաոգեշնչողն այն պահն է, երբ ականջօղերն արդեն գտնում են իրենց տերերին:

Մարի Թարյանը եւ Հասմիկ Բաբայանը


- Հետեւո՞ւմ ես նորաձեւության թրենդերին, ի՞նչ տեղ ունեն դրանք քո աշխատանքներում:

- Անպայման, առանց դրա չէր կարող լինել: Հետեւում եմ նորաձեւության բոլոր ցուցադրություններին, միտումներին, դիզայներներին, բլոգերներին: Առանձնահատուկ սիրում եմ հետաքրքիր ֆոտոշարքերը, ինքնս էլ ոգեշնչվում եմ ու փորձում որեւէ յուրահատուկ բան ստանալ:

Մարի Թարյանը


- Ինչպե՞ս է որոշվում աշխատանքի արժեքը:

-Ինձ համար ամենադժվարը գինը որոշելն է: Հասկանում եմ, որ այս պահին այն շատ թանկ լինել չի կարող, թեեւ արտերկրում նման աշխատանքները բնավ էլ էժան չեն: Շուկան եմ ուսումնասիրում ու ծանոթանում գներին: Փորձում եմ հաշվի առնել պատրաստման տեւողությունն ու օգտագործված նյութերը:

Հասմիկ Բաբայանը


- Ո՞ւմ համար է նախատեսված «Հուլունքը»:

-«Հուլունքը» համարձակ, խելացի, կայացած, փորձարկումներից չվախեցող, հետաքրքրասեր, ինքնավստահ ու նորն ընդունելու պատրաստ կանանց համար է: Նրանց, ովքեր ուզում են ոգեշնչվել ու իրենք ոգեշնչման աղբյուր դառնալ: Նախատեսված է բոլոր այն կանանց համար, ովքեր սիրում են իրենց ու չեն ամաչում դա ցույց տալ:

Զրուցեց Մարի Թարյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Հագուստը՝ «The Muse»
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին