×


«Մուղդուսյան» կենտրոնի սաների քայլերթը` հանուն կարեւոր նպատակի

Հունիսի 1-ի առավոտը Մուղդուսյան արվեստի կենտրոնի սաները քայլերթով սկսեցին: Այդպիսով նրանք նշում էին Երեխաների պաշտպանության օրը, միաժամանակ բարձրացնում այնպիսի խնդիրներ, որոնք, թվում է, միայն մեծահասակներն են տեսնում ու հասկանում: Իրենց խաղաղ երթի ընթացքում փոքրիկ ցուցարարներն իրականացրին մի շարք գործողություններ, որոնց հետեւել է նաեւ BRAVO.am-ը:

Երեխաների, նրանց ծնողների եւ ուսուցիչների երթը մեկնարկեց Հյուսիսային պողոտայից, որտեղից նրանք շարժվեցին դեպի ՀՀ մշակույթի, կրթության եւ գիտության նախարարություններ: Ձեռքներին իրենց իսկ նկարած աշխատանքները` նրանք շարժական ցուցահանդեսով հասան կառավարության այդ մասնաշենքեր եւ ներկայացրին իրենց առաջարկները, երազանքներն ու ապագայի տեսլականը: Փոքրիկների գործողությունները, իհարկե, չանտեսվեցին հասցեատերերի կողմից: Շուտով նրանց մոտեցան Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը եւ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը:

«Մուղդուսյան» կենտրոնի սաները


Փոխնախարարները նախ ծանոթացան երեխաների աշխատանքներին, որոնցից յուրաքանչյուրը նվիրված էր առանձին թեմայի, զրուցեցին «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի հիմնադիր Մարիամ Մուղդուսյանի հետ, ընդունեցին երեխաների կազմած նամակները, որոնցում նրանք գրել էին իրենց անկեղծ առաջարկները, այնուհետեւ շոկոլադ հյուրասիրեցին փոքրիկ հյուրերին: Հանդիպման ավարտին էլ BRAVO.am-ը նրանց լուսանկարեց միասին:

Երթը շարունակվեց Մաշտոցի եւ Բաղրամյան պողոտաներով. երեխաներն ուղեւորվում էին դեպի Արամ Խաչատրյանի տուն-թանգարան: Մինչ այդ նրանք հասցրին լուսանկարվել նաեւ Արամ Խաչատրյանի արձանի մոտ, որից հետո նրանց միացան նաեւ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաները: Արամ Խաչատրյանի թանգարանում կենտրոնի վոկալ խմբի սաները՝ փոքրիկ նաիրյանները եւ երիտասարդական «Նաիրյան» վոկալ անսամբլը, կատարեցին հայ ավանդական, մանկական երգեր։ Համերգային հատվածից հետո էլ շարունակեցին միասին նկարել:

«Մուղդուսյան» կենտրոնի սաները


Մեզ հետ զրույցում Մարիամ Մուղդուսյանն ընդգծեց՝ երթի նպատակն էր աջակցել, որ երեխաներն իրենց տեսակետը հայտնեն կրթության եւ մշակույթի ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ: Նա նշեց, որ երեխաներին ազատ են թողել թեմաների ընտրության եւ մտքերի արտահայտման հարցում, իրենց կողմից որեւէ ուղղորդում չի եղել.«Մենք բոլորովին չենք խմբագրել նրանց մտքերը. ասել են այն, ինչ ցանկացել են, եւ երթի նպատակն էլ հենց դա էր: Երեխաները խոսել են ամենատարբեր թեմաներից, քանի որ հատուկ դասընթացներ ենք իրականացրել նրանց քննադատական մտածելակերպը զարգացնելու համար:  Փորձել ենք բացատրել երեխաներին, որ իրենք փոքր տարիքից կարող են դրսեւորվել իբրեւ ազատ մտածող քաղաքացիներ: Եվ այս իմաստով երեխաները շատ հետաքրքիր աշխատանքներ ունեն՝ սկսած կոռուպցիայի թեմայից, վերջացրած դպրոցներում դրամահավաքներից եւ ապօրինի ծառահատումներից»:

«Նաիրյան» վոկալ անսամբլը


Նա դրական գնահատեց այն, որ փոխնախարարները եկան եւ ուշադրություն դարձրին իրենց բարձրացրած խնդիրներին, բայց նաեւ ընդգծեց՝ հակված չէ իր գործերը պայմանավորել պետական կառույցների աջակցությամբ.«Կարծում եմ՝ նորաստեղծ կառավարությունը շատ լավ տեղյակ է թե՛ մշակույթի, թե՛ կրթության ոլորտներում եղած բացերի մասին: Մենք չորս տարի աշխատել ենք առանց պետական աջակցության եւ անկախ ամեն ինչից՝ շարունակելու ենք մեր գործունեությունը, բայց նաեւ բաց ենք համագործակցության համար: Ես իսկապես լիահույս եմ, որ մենք հետայսու կկարողանանք համագործակցել նախարարությունների հետ»:

Մարիամ Մուղդուսյանը


Մարիամ Մուղդուսյանը նաեւ նշեց՝ շատ կան երեխաներ, որոնք երազում են նկարիչ, քանդակագործ կամ երաժիշտ դառնալու մասին, բայց ֆինանսական պատճառներով չեն կարողանում: Նա ընդգծեց, որ իրենց կենտրոնի դռները միշտ բաց են բոլոր այդ երեխաների համար, սակայն պետք է հիշեն, որ իրենք դասերը զվարճանքի չեն վերածում. ցանկացած թեմա սովորելու առիթ է:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին