×


«Ոտաբոբիկ»՝ Լարիսա Հովհաննիսյանի հետ

Հանրությանը նա գուցե առավել հայտնի է Սերժ Թանկյանի ու Թամար Կապրելյանի հետ զուգերգերից։ Սակայն թավշյա ձայն ունեցող մասնագիտությամբ ոչ երգչուհի երիտասարդ այս կինը հազարավոր դիտումներ ունեցող սեւուսպիտակ կադրերից այն կողմ զբաղվում է սոցիալական չափազանց գունավոր ու լուսավոր ձեռնարկատիրությամբ։ BRAVO.am-ի «Ոտաբոբիկ» նախագծի այս անգամվա հերոսը ամերիկահայ սոցիալական ձեռներեց եւ կրթական ակտիվիստ Լարիսա Հովհաննիսյանն է։

- Շատերը քեզ ճանաչում ենք «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շնորհիվ, շատերը՝ Սերժ Թանկյանի հետ զուգերգի, վերջին շրջանում անունդ ասոցացվում է «Երիտասարդ հայրենադարձ» տիտղոսի հետ: Չնայած՝ այս փաստերն արդեն իսկ քո վերաբերյալ բավականաչափ տեղեկատվություն են պարունակում իրենց մեջ, կխնդրեմ, որ, փակագծերը փոքր-ինչ ավելի բացելով, ներկայացնես այն Լարիսային, որ համաձայնել է այսօր «ոտաբոբիկանալ»։

- Նախ պետք է ասեմ, որ շատ երկար ժամանակ նախընտրել եմ չխոսել ինքս իմ մասին, եւ դու այն եզակիներից ես, ում հետ պատրաստ եմ քննարկել երեւույթներ, որոնք առնչվում են ոչ միայն աշխատանքիս, այլեւ անձիս։

Լարիսա Հովհաննիսյանը


Որպես նախաբան նշեմ, որ ծնվել եմ Երեւանում՝ բազմամշակութային ընտանիքում. մայրս հայ է, հայրս՝ իռլանդական արմատներով ամերիկացի։ Շատ փոքր էի, երբ ընտանիքով տեղափոխվեցինք Կալիֆոռնիա, ապա՝ Սիբիր, հետո՝ Մոսկվա։ Անընդհատ շարժման մեջ էի։ Տասը, թե տասնմեկ դպրոցում եմ սովորել։ Սա, իհարկե, բավական հրապուրիչ էր, բայց եւ լի դժվարություններով, քանի որ անընդհատ կարիք կար ադապտացվելու, սեփական «ես»-ը «վերակառուցելու»։ Ինչեւէ, Մոսկվայից հետո որոշեցի Միացյալ Նահանգներում ուսումս շարունակել ու տեղափոխվեցի հորս ծննդավայր՝ Վիսկոնսին։ Ընդամենը 17 տարեկան էի, երբ ընդունվեցի համալսարան, ու քանի որ հայրս շատ մտահոգված էր, որ Նահանգների համար բավականին փոքր տարիքում էի ընդունվել, պայմանավորվել էինք, որ մինչեւ 18 տարեկան կսովորեմ Սուրբ Նորբերտի քոլեջում, որտեղ ինքն էր սովորել, ապա՝ 18-ս լրանալուն պես, կտեղափոխվեմ ուզածս համալսարանը։ Բայց այնպես ստացվեց, որ այնքան սիրեցի քոլեջս, որ ցանկություն չունեցա ավելի մեծ ու ավելի ճանաչված համալսարան տեղափոխվելու ու հենց Սուրբ Նորբերտն էլ ավարտեցի։ Ունենալով միջազգային բիզնեսի եւ ֆրանսերենի կրկնակի որակավորում, ինչպես նաեւ գրաֆիկական դիզայնի կրտսեր որակավորում՝ կարծում էի, որ մասնագիտանալու եմ վաճառքի, նորաձեւության մարքեթինգի կամ նմանատիպ ոլորտում, բայց կյանքս այլ ընթացք ստացավ։ Երբ միջազգային բիզնես էի ուսումնասիրում, դասընթացներից մեկի համար հիմնել էինք շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն. գնում էինք ձեռքի աշխատանքներ, վաճառում դրանք մեր իսկ հիմնած խանութում, իսկ կուտակած գումարը ուղղում էինք բարեգործության։ Հենց այդ շրջանում սկսեցի սիրել բիզնեսի եւ սոցիալական ձեռնարկատիրության հատումը։ Ի դեպ, երբ ուսանող էի, «սոցիալական ձեռնարկատիրություն» եզրույթն անգամ գոյություն չուներ, բայց դեռեւս գոյություն չունեցող այդ երեւույթն ինձ շատ էր դուր գալիս։

Ավարտելուց անմիջապես հետո սկսեցի փնտրել աշխատանք, որն ինձ կուղղեր դեպի իմ երազանքը, բայց չէր լինի գրասենյակային։ Այսպիսով՝ դիմեցի մի ծրագրի, որ կոչվում է «Դասավանդի՛ր, Ամերիկա», ու հենց այդ պահից սկսվեց ամբողջ պատմությունը։

- Մեկ պատասխանով գրեթե բոլոր հարցերիս պատասխանները տվեցիր, ամեն դեպքում արի ավելի «խորասուզվենք»։ Անդրադառնալով բազմամշակութային լինելուդ փաստին. հարցազրույցներիցդ մեկի ժամանակ նշել ես, որ արցախաիռլանդական արմատներիդ կապակցությամբ մտահոգված ես հատկապես ամուսնուդ համար։ Իսկ ինչպիսի՞ն է արցախաիռլանդացին։

- Կարծում եմ՝ հատկանիշը, որով թե՛ արցախցիները, թե՛ իռլանդացիներն աչքի են ընկնում, համառությունն է։ Ես էլ, լինելով արցախաիռլանդացի, շատ համառ եմ ու հաստատակամ։

Առհասարակ, երբ բազմամշակութային ես ու, առավել եւս, ապրել ես մի շարք վայրերում, ոչ մի միջավայրում այլեւս լիարժեք չես «տեղավորվում»։ Երբ դեռահաս ես, ուզում ես լինել մեկը բոլորից, բայց հասունանալուն պես հասկանում ես, որ քեզ դա ընդհանրապես պետք չէ, ու սկսում ես ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին կաս։ Այո՛, ես ունեմ տարբեր ազգեր ու մշակույթներ իմ մեջ, ու հենց սա էլ մի տեսակ հատուկ կերպով ուժ է տալիս ինձ ու օգնում տեսնել աշխարհն այլ տեսանկյունից։

Երկար ժամանակ չէի գնահատում բազմամշակութային լինելուս առավելությունները, այսօր դա ինձ համար ասես օրհնություն լինի։

Հետաքրքիր է, որ վերջին շրջանում իռլանդական կողմս է գլուխ բարձրացրել. այն զգում եմ հատկապես իռլանդական ժողովրդական երաժշտություն լսելիս։ Հետաքրքիր է, թե ինչեր կարող է անել արյունդ քեզ հետ։ Չես հավատա, բայց դուդուկ  եւ իռլանդական պարկապզուկ լսելիս նույն զգացողություններն եմ ունենում։

«Ոտաբոբիկ»՝ Լարիսա Հովհաննիսյանի հետ


- Եթե ավելի տարիքով լինեիր, այս հարցը, վստահաբար, չէի ուղի քեզ, բայց լինելով ավելի երիտասարդ, քան հիմա ես, ինչպես հանգեցիր այն մտքին, որ կրթության ոլորտն ունի քո կարիքը, որ դու պետք է օգնես երեխաներին, ովքեր իրապես ու էապես ունեն այդ օգնության կարիքը։

-  Ուսանողական տարիներին շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունում աշխատելն առաջին քայլերն էին, որոնց ընթացքում հասկացա, որ «բախվում» եմ մի նոր բանի, որը գուցե շարունակական բնույթ է ունենալու իմ կյանքում։

Իսկ կյանքս հիմնովին փոխվեց, երբ «Դասավանդի՛ր, Ամերիկա»-ի շրջանակներում սկսեցի ուսուցչուհի աշխատել Արիզոնայի դպրոցներից մեկում։ Շոկի մեջ էի. ապրում էի Միացյալ Նահանգներում՝ աշխարհի ամենահարուստ երկրներից մեկում, բայց ունեի աշակերտներ, ովքեր սոված էին, ովքեր պարբերաբար բռնության էին ենթարկվում, ովքեր ծնվել էին Միացյալ Նահանգներում, սակայն ծնողները վտարվում էին երկրից, քանի որ գաղթականներ էին։ Հասկացա, որ կյանքն ավելին է, քան այն, ինչ ես պատկերացնում էի։

Ընդհանրապես միտում չունեմ վիրավորելու մարդկանց, ովքեր շահույթ ստանալու նպատակ հետապնդող կազմակերպություններում են աշխատում, բայց Արիզոնայում անցկացրած երկու տարվա ընթացքում գիտակցեցի, որ հայացքներս փոխվել են ու այլեւս չեմ կարող կյանքս վատնել նմանատիպ աշխատանքների վրա, այն դեպքում, երբ փոխարենը կարող եմ օգնել երեխաներին բարենպաստ ապագա ունենալ։

- «Դասավանդի՛ր, Ամերիկա»-ից ոգեշնչված հիմնել ես «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը, իսկ այստեղ դասավանդե՞լ ես։

- Հայաստանում ինձ հնարավորություն չընձեռվեց դասավանդելու, բայց չեմ տխրում, քանի որ կարծում եմ՝ լավ ուսուցիչ էի, բայց ամենալավերից չէի։ Կարծում եմ՝ իմ կարողություններն ու ունակություններն ավելի լավ են դրսեւորվում կրթական մենեջմենթի ասպարեզում։ Այպսիսով, այսօր արդեն «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շրջանակներում փորձում եմ աշխատելու հնարավորություններ ստեղծել հիասքանչ ուսուցիչների համար, այնպիսինների, որ հազար անգամ ավելի լավն են, քան ես էի։

«Ոտաբոբիկ»՝ Լարիսա Հովհաննիսյանի հետ


- Լարիսա՛, աշխատանքիդ բերումով շատ զբաղված ես։ Շատ կանայք, որոնք այդչափ տրվում են կարիերային, երբեմն մոռացության են մատնում իրենց անձնական կյանքը։ Քո դեպքում այնպես ստացվեց, որ երկու տարի առաջ դու «համարձակվեցիր» այդ հարցը եւս լուծել։ Ինչպե՞ս հասցրիր։

- Շատ հոգեւոր մարդ եմ։ Սկսած Հայաստան տեղափոխելուց, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ից մինչեւ ամուսնուս հանդիպելն ու նրա հետ ամուսնանալը շատ հոգեւոր էր ինձ համար։ Նմանատիպ բաներն անհնար է ծրագրել, բայց պետք է միշտ բաց լինել ու պատրաստ դրանք ընդունել։ Ես, օրինակ, ճիշտ պահին կարողանում եմ հստակ գիտակցել, որ կյանքն ինձ պարգեւատրում է, եւ ինձ հասնում է միայն ընդունել պարգեւս։ Հնարավորություններ ունենալու դեպքում շատ մարդիկ հաճախ չափից ավելի երկար են մտածում վերջնական որոշում կայացնելուց առաջ։ Ես հնարավորությունները «հափշտակող» տեսակ եմ։

Ամուսնուս առաջին անգամ տեսել եմ սրճարանում, որտեղ կայանում էր «Դասավանդի՛ր, Հայաստանի»-ի առաջին ժողովներից մեկը, ու զավեշտալի է, որ այդ միջադեպից երեք տարի առաջ ես կարդացել էի նրա հեղինակած գիրքը։ Դե, իհարկե, սովորությանս համաձայն` պետք է «հափշտակեի» հնարավորությունը. մոտեցա, հարցրի՝ արդյոք Կարինն է, ասաց՝ այո, ու այդ պահից ի վեր միասին ենք։

Կարծում եմ՝ գաղտնիքը հնարավորությունը նշմարելու, այն «վերցնելու» ու չվախենալու մեջ է։

- Անկեղծ ասա, մոտենալու պահին ետին մտքեր ունեի՞ր։

- Չէ՛։ Չնայած՝ միանշանակ դուրս գալիս էր:): Այնպես որ, ունեի, երեւի։ Բայց ոչ մի ակնկալիք չունեի, պարզապես փորձեցի։ Վատագույն դեպքում կասեր՝ «Չեմ ուզում խոսել հետդ։ Հաջողություն»։

- Թվում  է՝ կյանքում ամեն ինչ հասցնում ես անել։ Ինչի՞ն ժամանակը չի հերիքում։

- Չեմ հասցնում ճաշ պատրաստել։ Բայց եւ ասեմ, որ պատրաստել սիրում եմ այն ժամանակ, երբ ստիպված չեմ։ Չեմ հասցնում քնել։ Բավարար ժամանակ չեմ ունենում մտերիմներիս, ընկերներիս հետ անցկացնելու համար։ Երանի՝ կարողանայի ավելի շատ կարդալ, կամ պարզապես այնպիսի բաներով զբաղվել, որոնք առնչություն չունեն աշխատանքիս հետ։

«Ոտաբոբիկ»՝ Լարիսա Հովհաննիսյանի հետ


Բայց չեմ տխրում։ Առհասարակ սիրում եմ աշխատել։ Վայելում եմ ընթացքը։

- Ընկերներիդ մասին խոսեցիր. քանի որ ժամանակի սղության խնդիր ունես, վստահ եմ՝ շատ զգուշությամբ ես ընտրում մարդկանց, որոնց կարող ես ընկեր համարել ու ժամանակ հատկացնել։ Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի մարդը, որ կարողանա «մտնել» քո «ընկերական գոտի»։

- Հետաքրքիր է, բայց ժամանակին ես շատ շփվող էի։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ ժամանակի ընթացքում ամփոփվեցի ինքս իմ մեջ։ Գուցե շատ վատ հնչի, բայց չափից շատ եմ սիրում մենակ լինել. գործի բերումով այնքան եմ խոսում, որ ինձ իսկապես անհրաժեշտ է ժամանակ, որ պարզապես լռեմ, վերալիցքավորեմ մարտկոցներս, էներգիա հավաքեմ։

Իսկ ինչ վերաբերում է ընկերներին, ապա կասեմ, որ կան մարդիկ, որոնք քեզ էներգիա են տալիս, եւ կան այնպիսինները, որ վերցնում են։ Ես չեմ կարողանում ժամանակ անցկացնել մարդկանց հետ, ովքեր ինձնից էներգիա են կլանում։

Այնպիսի տպավորություն չստեղծվի, որ էներգիա միայն վերցնում եմ, փորձում եմ նաեւ տալ, այս պատճառով էլ շատ կարեւոր է, որ ընկերական շրջապատում երկկողմանի իրար շատ լավ հասկանանք։

- Կա՞ որեւէ բան ինչից «Դասավանդի՛ր Հայաստան»-ը քեզ զրկել է, քանի որ հիմա քեզ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր աչքեր են հետեւում։

- Ոչ թե զրկել է, այլ քաղաքականապես չեզոք է դարձրել։ Կրթական ոլորտում առհասարակ չպետք է խոսեն քաղաքականությունից։

Բացի այս, աշխատում եմ ամենատարբեր հայացքների ու համոզմունքների տեր մարդկանց հետ, ու պետք է կարողանամ հարգել դրանցից յուրաքանչյուրը։

Սոցիալական ձեռնարկատեր լինելը, ինչ խոսք, բարդ է։ Ասեմ ավելին, պետք է զգույշ լինես ինքդ քո նկատմամբ, որ չսպառվես։

- Ինչպե՞ս ես պայքարում սպառվելու դեմ։

- Գիտեմ իմ թույլ կողմերը։ Նախկինում ամեն ինչ սրտիս չափազանց մոտ էի ընդունում։ Հիմա սովորում եմ ավելի սառը դատել։

«Ոտաբոբիկ»՝ Լարիսա Հովհաննիսյանի հետ


Կարեւոր է նաեւ հստակ իմանալ էներգիայիդ աղբյուրները։ Ինձ համար, օրինակ, քնելը շատ կարեւոր է։ Կան մարդիկ, որ կարող են չքնել։ Ես չեմ կարող։ Ինձ օրական 7-ից 8 ժամ քուն է անհրաժեշտ։

Շատ կարեւոր են մարզումները։ Մենք այնքան ենք տարվում մեր գլխում տեղի ունեցող գործընթացներով, որ մոռացության ենք մատնում մեր մարմինը։

Ուղեղը եւս մարզման կարիք ունի, դրան եւս պետք է վերաբերվել ասես մկանի։

- Երբ փոքր էիր ու մտածում էիր ապագայի մասին, այն այսպիսի՞ն էիր պատկերացնում։

- Տարբեր փուլերի միջով եմ անցել։

Երբ երկու տարեկան էի, ուզում էի «Սեւ գեղեցիկը» ֆիլմի ձին լինել։ Հայրս բացատրում էր, որ ձի դառնալ չեմ կարող, քանի որ մարդկային զավակ եմ։

Ապա ուզում էի բալետի պարուհի դառնալ ու սկսեցի ռուսական բալետի դպրոց հաճախել։

Դպրոցում արդեն հստակ չգիտեի, թե ինչով եմ ուզում զբաղվել, մտքում պարզապես ունեի ինձ համար հստակ ընդգծված որոշակի ճշմարտություններ, որոնք ուզում էի՝ իմ մասնագիտության մասը լինեին։ Նախեւառաջ, ուզում էի աջակցել Հայաստանին։

Ծնողներիս միշտ ասում էի, որ կարեւոր չէ՝ ինչով կզբաղվեմ, կարեւոր է՝ աշխատանքս լավագույնս կատարեմ։ Չէի ուզում, որ ինձ պապարացիներ հետապնդեն, պարզապես ուզում էի ընտրածս ոլորտում ներդրմանս համար ճանաչում ու հարգանք ձեռք բերեի։

Ցավոք, ծնողները հաճախ թելադրում են երեխաներին, թե ինչ մասնագիտություն ընտրել։ Ծնողներս միշտ աջակցել են ինձ իմ մասնագիտական ճանապարհորդության ընթացքում։

Այսօր շատերն են ինձ կապում կրթության ոլորտի հետ, բայց իմ նպատակներն ավելի գլոբալ են. կրթության միջոցով փորձում եմ ինչ-որ չափով երկրիս սոցիալական զարգացման հարցը լուծել։

- Ինչպե՞ս էր հայրդ վերաբերվում այն փաստին, որ դու այսչափ հայ ես մեծանում։

- Երբեմն մի քիչ նախանձում էր ու կոչ անում՝ չմոռանամ, որ ես նաեւ իռլանդացի եմ։ Բայց հայրս միշտ էլ հպարտ է եղել, որ հայ եմ եւ ուրախ է, որ հայի հետ եմ ամուսնացել։

«Ոտաբոբիկ»՝ Լարիսա Հովհաննիսյանի հետ


Իսկ ինչ վերաբերում է գենետիկային, այն որքան կարեւոր է, նույնքան էլ՝ ոչ։ Բոլորս էլ մարդ ենք։ Կարեւորը՝ լավ մարդ լինելն է, ճիշտ որոշումներ կայացնելն ու մյուսներին օգնելը։ Ի՞նչ կապ ունի՝ ազգային ինչ պատկանելություն ունես։ Բոլորովին վերջերս բացահայտել եմ, որ 4 տոկոսով հրեա եմ. ո՞վ կմտածեր։

- Շատերը հակված են այն մտքին, որ մարդ իր կյանքում մի բանով պետք է զբաղվի։ Դու այդ մարդկանցից մեկը չես. սոցիալական ձեռնարկատիրությունից բացի պարբերաբար քեզ փորձում ես երգի ասպարեզում...

- Ձայնագրվում էի առանց ոչ մի ակնկալիքի։ Բայց պարզվեց՝ որոշակի տաղանդ ունեմ, քանի որ կան մարդիկ, որոնք իսկապես հավանել են երգերս. բազմաթիվ ծնողներ ամենաասնպասելի վայրերում մոտենում են ու ասում, որ իրենց երեխան երգիս ներքո է քուն մտնում։ Չգիտեմ անգամ՝ սա լավ է, թե վատ, որ ձայնիս ներքո երեխաները քնում են, բայց նման արձագանքներ լսելը չափազանց հաճելի է։

Յուրաքանչյուրս մի կյանք է ապրում։ Պետք է հնարավորինս վայելենք այն ու փորձենք ուրախ լինել։ Իսկ ինչո՞ւ չերգեի։ Ի՞նչ պետք է կորցնեի։ Ոչի՛նչ։

Գուցե կան մարդիկ, որ մտածում են՝ մասնագիտությունիցս ելնելով՝ չպետք է այդ քայլին դիմեի։ Բայց ինչո՞ւ ոչ։ Չեմ կարծում, որ արարքովս անհանգստացրել եմ որեւէ մեկին։ Ասեմ ավելին, շատ կուզեմ ինձ համար երգարվեստն էլ ավելի բացահայտել, քանի որ այն ինձ երջանկություն է պարգեւում։

- Եվ վերջում, որքանո՞վ է «ոտաբոբիկ» լինելը քեզ համար կարեւոր։

- Փոքր հասակում միշտ ոտաբոբիկ էի ու այդ պատճառով հաճախ էի վիճում մայրական կողմի տատիկիս հետ։

Այսօր արդեն, չգիտեմ գործընկերներս նկատել են արդյոք, թե՝ ոչ, բայց երբ սթրեսային վիճակում եմ, անմիջապես հանում եմ կոշիկներս ու ոտքերս դնում հատակին։ Գուցե տարօրինակ է հնչում, բայց դա ինձ շատ է օգնում հաղթահարել խնդիրները։

Հենց այս պատճառով էլ երեւի սիրեցի «Ոտաբոբիկ»-ի ձեւաչափը, քանի որ, երբ մարդիկ ոտաբոբիկ են ու կպած հատակին, այդկերպ նրանց միջեւ ստեղծված կապը ավելի ամուր է լինում։

Զրուցեց Դիանա Հովհաննիսյանը /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Գործընկեր՝ «The Muse»

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին