×


«Իմ աղջիկը մեկ ամսից կծնվի». «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմի պրեմիերան եւ Հարութ Արշակյանի բարի լուրը

Սեռը դատավճիռ չէ: Հարկավոր է կոտրել կարծրատիպերը, որ սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ չլինեն. այս միտքը հիմնասյուն դարձնելով՝ ռեժիսոր Ելենա Արշակյանը եւ սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանը ներկայացրել են «Շնորհավոր, աղջիկ է» գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմը:

Ֆիլմի ուղերձը Ելենա Արշակյանը նախընտրեց ամբողջացնել մեկ մտքով․ «Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն էի, երբ տարիներ առաջ բժիշկն ինձ ասաց. «Շնորհավոր, աղջիկ է»։ Հարկավոր է ճիշտ որոշումներ կայացնել՝ փրկելով  կյանքեր»։


Մեկ ընտանիքի պատմության միջոցով ֆիլմում ցուցադրվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումների խնդիրը։ Գլխավոր հերոսուհին՝ Մետաքսեն, երազում է տղա թոռ ունենալու մասին, իսկ նրա սխալ որոշումների կիզակետում հարսը եւ որդին են։ 

«Երբ նկարահանումներից առաջ կարդացի սցենարը, տագնապալի հուզեց: Շատ ծանր էր կերտել Մետաքսեի նման կնոջ կերպարը: Սա խոստովանանքի ու ապաշխարանքի նման մի բան դարձավ ինձ համար: Չեմ ցանկանա, որ երբեւէ որեւէ մեկը դառնա այդ չարալիր խնդրի զոհը։ Ես կարողացել էի ստանալ կերպարիս չարությունը, բայց վերջում նաեւ նրա բարությունը երեւաց։ Իմ մտահոգությունն այն էր, որ հանդիսատեսը չատի այդ կնոջը, նրա քայլերի ընթացքը չմնա անորոշ»,- նշեց դերասանուհի Նարե Հայկազյանը։


Աղջիկ երեխայից մեկ անգամ ստիպողաբար հրաժարված եւ երկրորդ անգամ նույն խնդրի առաջ կանգնած հերոսուհուն՝ Աննային, մարմնավորում է Անահիտ Մանուկյանը։

«Մեծ հույս ունեմ, որ ֆիլմն իր նշանակետին կխփի, որը շատ մարդկանց սիրտն է, ոմանց դեպքում՝ բանականությունը։ Խոսքը միայն կանանց մասին չէ, այլ նաեւ տղամարդկանց։ Ասելիքը որքան էլ պարզ է, բայց նաեւ բարդ է։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրը կնայի ու կհասկանա, որ երեխան սեռով չի արժեւորվում. դա թունավոր կարծրատիպ է»,- նշեց դերասանուհին։


Հատկանշական է, որ ամուսնու դերակատար Հարութ Արշակյանը պրեմիերային եկել էր կնոջ հետ, որը սպասում է երեխայի. «Կերպարս սկզբում սխալ որոշում կայացրեց, բայց երկրորդ անգամ հասկացավ՝ ինչ անել։ Լավ չէ, որ մարդիկ կյանքում նման քայլի են դիմում։ Ես իմ օրինակով ասեմ՝ իմ աղջիկը մեկ ամսից կծնվի»։


Ֆիլմի դերասանական կազմում են Արմեն Էլբակյանը, Էմմա Սապունջյանը եւ ծանոթ այլ դեմքեր։ Այն նկարահանվել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW