×


«Ոտաբոբիկ»` Նարինե Պետրոսյանի հետ

Դերասանուհի, ում համար կարեւորը ոչ թե փառքն ու հաջողությունն է, այլ իր ընտրած մասնագիտության իրական բացահայտումը։ BRAVO.am-ի «Ոտաբոբիկ» նախագծի այս անգամվա հերոսը Դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանն է։

- Նարինե՛, երբ հեռախոսազրույցի ընթացքում քննարկում էինք «ոտաբոբիկանալու» օրն ու ժամը, բավական արագ, բայց միեւնույն ժամանակ բարձրաձայն քննարկելով փորձերի ժամերը, ներկայացման օրերը, երեխաներիդ՝ քաղաքում լինել-չլինելու հանգամանքը, որոշում կայացրիր։ Մի՞շտ ես ոչ հեշտ, բայց արագ կողմնորոշվում։

- Փորձը ցույց է տալիս, որ շատ անգամ, երբ փորձում եմ ամեն ինչ երկար պլանավորել ու գծել, որ ճիշտ հունով գնա, հակառակն է ստացվում։ Շատ անգամ էլ այն ամենը, ինչ արագ բռնկվում, որոշվում ու կազմակերպվում է, շատ ավելի ճիշտ հունով է ընթանում։ Այնպես որ, չգիտեմ, նայած՝ երբ։

«Ոտաբոբիկ»` Նարինե Պետրոսյանի հետ


- Փաստորեն, երբեմն երկար ծանրութեթեւ անող, երբեմն արագ կողմնորոշվող։ Գիտեմ, դժվար է սեփական անձի մասին խոսելը, բայց արի փորձենք։

- Գուցե ավելի ճիշտ է ոչ թե խոսել, այլ որոշակի ժամանակ տրամադրել, շփվել ու արդյունքում արդեն պարզել, թե մարդն ինչ տեսակի է։

Ամեն դեպքում, կարծում եմ՝ տեսակովս անկեղծ եմ։ Փորձում եմ այդպիսին լինել ձգտումներիս, ցանկություններիս, այն մարդկանց հանդեպ, ովքեր ինձ շրջապատում են։ Փորձում եմ լավատես լինել։ Երբ ունենում եմ նպատակներ, իղձեր, փորձում եմ մեծ եռանդով դրանք ուզել, որ հաստատ համոզված լինեմ, որ մի օր կիրականանան։

- Երազկոտ ես...

- Միգուցե։ Չգիտեմ։ Ամեն դեպքում երազկոտ լինելը վատ բան չէ։ Եթե մարդ երազելու ցանկություն ու ունակություն չունի, եթե մարդ վեհին հասնելու, կատարելագործվելու նպատակ չունի, նա չի կարող լինել լավատես, չի կարող լինել գեղեցիկը գնահատող եւ, վերջապես, չի կարող լինել արվեստի մարդ։

- Մանկո՞ւց ես այդպիսին։

- Արտահայտվող փոքր անհատականություն եմ եղել։ Փոքրուց գնացել եմ ջութակի, հաճախել եմ թատերական խմբակներ, նկարչության դասընթացների եմ մասնակցել, հետո շատ ակտիվ նորաձեւության կենտրոն էի հաճախում։ Ծնողներս, իհարկե, կողմ չէին մասնագիտությանս ընտրությանը, բայց ի վերջո հասկացան, որ դա այն ասպարեզն է, որտեղ ես ինձ լավ կզգամ։

Նարինե Պետրոսյանը


- Գիտեմ, որ դերասանուհի դառնալու որոշումդ կտրուկ ու անսպասելի չի եղել։ Հետաքրքիր է, եղե՞լ են պահեր, երբ մասնագիտությունդ ընտրելուց հետո արդեն մտածել ես, որ գուցե ավելի լավ, չգիտեմ, իրավաբան կլինեիր։

- Իրավաբան հաստատ չէի լինի։ Մի քանի ոլորտ կա, որոնցում ինձ երբեւէ չեմ պատկերացրել։ Դրանք են իրավաբանությունը, ֆիզիկամաթեմատիկական ոլորտը եւ բժշկությունը։ Մի քանի մասնագիտություն, ամեն դեպքում, իհարկե, կա, որոնց մասին երբեմն-երբեմն մտածում եմ։ Օրինակ, աղջիկներիս հիմա գեղարվեստական մարմնամարզության եմ տանում ու հաճախ մտածում, թե ինչու ինձ այդ տարիքում ծնողներս չեն տարել այդ մարզաձեւին։ Գեղարվեստական մարմնամարզությունն ինձ համար տիեզերական մի բան է։ Կուզեի դրանով զբաղվել։ Բացի այս, մինչեւ հիմա էլ ինձ շատ դուր է գալիս դիզայնը՝ թե՛ ինտերիերի, թե՛ հագուստի, ծաղիկների, մազերի, սեղանի… Շատ եմ սիրում ձեւավորելու պահը։ Համոզված եմ՝ հաճույքով կանեի։

- Նարինե՛, երբեմն ծնողները երեխաների միջոցով փորձում են իրականացնել իրենց մանկության չիրականացած երազանքները։ Երեխաներիդ հետ կապված քո որոշումներում երբեւէ նման բան նկատե՞լ ես։

- Միշտ փորձում եմ սթափ լինել, որ հանկարծ չփորձեմ իմ ցանկությունները նրանց ներարկել։ Ամեն դեպքում փորձում եմ նաեւ տարբեր եղանակներով նրանց կրթել։ Հաճախում են մենթալ թվաբանության դասընթացների, դաշնամուրի, գեղարվեստական մարմնամարզության, լողի, նկարչության, որ ի վերջո հասկանան, թե որն է իրենցն ու հենց այդ ուղիով առաջ շարժվեն։

Միգուցե շատերն իրենց երեխաներին փոքրուց ճանաչելի են դարձնում։ Ես նման խնդիր չունեմ։ Եթե սա իմ ընտրությունն ու մասնագիտությունն է, պարտադիր չէ, որ իմ երեխաներն էլ գան այս ճանապարհով ու անցնեն իմ ուղին։

- Իսկ նրանք ցանկություն հայտնո՞ւմ են։

- Մեծերը չէի ասի, որ ցանկություն ունեն, կամ էլ՝ ունակություններ։ Իհարկե, բոլոր երեխաներն էլ շատ անմիջական են, շատ օրգանական ու արտահայտման ձեւերի մեջ կարող են ավելի արտահայտիչ լինել, բայց դրա մեջ շնորհներ փնտրելն ու երեխաներին տանջելը ճիշտ չեմ համարում։

Փոքրս՝ Ադելը, որ երկու տարեկան է, այ, իր մեջ տեսնում եմ ինչ-որ բաներ, որ ինձ մոտ վտանգ են առաջացնում։ Երբ կանգնում է հայելու առջեւ ու սկսում դեմքը ծամածռել, ասում եմ՝ «Ադե՛լ, մի՛ արա, դու ինձ ինչ-որ մեկին հիշեցնում ես»:)։ Բայց մեկ է, ես հատուկ ոչինչ չեմ անի, պարզապես հետեւողական կլինեմ՝ հասկանալու համար, թե երեխաներս ինչով են իրականում ապրում ու ինչի մեջ են իրենց ամբողջ ուժն ու եռանդը ներդնում։

«Ոտաբոբիկ»` Նարինե Պետրոսյանի հետ


- Ընտանիք եւ կարիերա թեմաներով բազմիցս ես խոսել։ Գաղտնիք չէ, որ անգամ պահ է եղել, երբ ամուսինդ երկմտել է՝ ուզում է արդյոք դերասանուհի կին ունենալ, թե ոչ։ Այս ամենի մասին բոլորը գիտեն։ Բայց քո անձնական կյանքում կա մի դրվագ, որի մասին գրեթե չի խոսվել. այն ժամանակ դեռ ապագա ամուսինդ եկել ու քեզ հետ է բերել Մոսկվայից։ Ինչո՞ւ։ Ե՞րբ։ Ինչպե՞ս։

- Երբ ավարտեցի Թատերական ինստիտուտը, ամբողջությամբ տարված էի իմ կարիերայով։ Մասնագիտությանս հետ կապված նոր բացահայտումներ անելու նպատակով մտածում էի մեկնել Մոսկվա՝ սովորելու, աշխատելու։ Ավարտելուց դեռ երկու տարի առաջ իմ առաջին կինոփորձը եղավ «Իմ մեծ հայկական հարսանիքը» ֆիլմում, որտեղ պատիվ ունեցա աշխատել Արմեն Ջիգարխանյանի հետ։ Նկարահանումների ժամանակ խոսակցություն եղավ, եւ նկարահանող խումբը հարցեց Ջիգարխանյանին՝ արդյոք կվերցնի ինձ թատրոնում աշխատելու։ Ջիգարխանյանն էլ պատասխանեց, եթե լավ տիրապետում եմ ռուսերենին՝ ինչո՞ւ ոչ։ Այս խոսքերից շատ էի տպավորվել։ Երկու տարի անց որոշեցի գնալ ու դիմել նրան այդ հարցով։ Մի որոշ ժամանակ Մոսկվայում էի ապրում՝ հարազատներիս մոտ, ուսումնասիրում էի ոլորտը։ Այդ շրջանում արդեն շփվում էի ապագա ամուսնուս հետ։ Մի անգամ էլ նրա ընկերներն ինձ զանգահարեցին, ասացին, որ հրավիրված եմ ֆիլմի քասթինգի։ Գնացի ու արդյունքում պարզվեց, որ «քասթինգը» ապագա ամուսինս էր կազմակերպել։ Երկար զրուցեցինք։ Մի որոշ ժամանակ հետո ես վերադարձա Հայաստան, ու որոշեցինք, որ կապրենք այստեղ։

- Երբեւէ մտածե՞լ ես, որ հետ չգայիր, հիմա որտեղ կլինեիր։

- Չգիտեմ։ Ամեն դեպքում, ինչքան էլ որ միշտ մտածել եմ՝ պետք է լինեմ բարձունքում, պետք է լինեմ հայտնի դերասանուհի, կամ նման մի բան, միշտ պատկերացրել եմ, որ պետք է իմ ընտանիքն ունենամ։ Հանուն կարիերայի ինձ երբեք կուրորեն չէի զրկի ամեն ինչից։

Հիշում եմ՝ շատ վաղուց, երբ դեռ 14-15 տարեկան էի ու նոր-նոր մտածում էի այս ուղին ընտրելու մասին, ինքնաթիռում պարզապես ինչ-որ բանով զբաղվելու համար Մաշա Ռասպուտինայի հարցազրույցն էի կարդում։ Հետաքրքիր է՝ նա ինձ համար ընդհանրապես օրինակելի արտիստ չէ, ամեն դեպքում, մի շատ հետաքրքիր բան էր ասել.«Համերգային շրջագայություններից հետո ցուրտ գիշերով քեզ ոչ ոք չի ջերմացնի»։ Այս արտահայտությունից շատ էի ազդվել։ Փառքը, ծաղիկները, երկրպագուները, այս ամենը շատ լավ է, բայց երբ այդ ամենից հետո վերադառնում ես տուն ու մենակ ես, սարսափելի բան է։ Ես ինձ համար այս պահին փորձել եմ ոսկե միջին գտնել։

- Անդադար ընտրությունների առջեւ ենք կանգնում. գնա՞լ, թե՞ մնալ, խաղա՞լ, թե՞ չխաղալ։ Հե՞շտ ես ընտրություն կայացնում, ու որո՞նք են այն գործոնները, որ կարող են ազդել քո վերջնական որոշման վրա։

- Միշտ չէ, որ հեշտ եմ ընտրում։ Կան հարցեր, որոնց շուրջ ինքս ինձ շատ երկար տանջում եմ։ Երբեմն էլ ամեն ինչ շատ արագ է ստացվում։ Գուցե կապված է տվյալ շրջանի հոգեվիճակիս հետ։

Իսկ ճիշտ որոշումներ կայացնելու համար երբեմն մեկուսանալ է պետք։ Ինձ համար մեկուսանալու լավագույն տարբերակը միայնակ քաղաքով քայլելն է։ Այնպես չէ, որ այդ պահին մտածում եմ, պարզապես թարմություն է իջնում վրաս ու դրանից հետո արդեն կարողանում եմ սթափ մտածել ու ճիշտ որոշումներ կայացնել։

«Ոտաբոբիկ»` Նարինե Պետրոսյանի հետ


- Բաց, համարձակ տեսարաններում որոշել ես չնկարվել։ Սա սեփակա՞ն որոշում է, թե՞…

- Մասնագիտությանս հետ կապված շատ հարցերում ես շատ ազատ եմ։ Բայց կան սահմաններ, որոնք ինքս որոշել եմ չանցնել։ Գուցե, եթե չունենայի ընտանիք, ապրեի ուրիշ երկրում ու այնպիսի ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ստանայի, որ մտածեի՝ հանուն այդ մեծագույն արժեքի կարելի է անգամ մերկանալ, միգուցե անեի։ Բայց քանի որ այդ ամենը շատ անգամ շատ ինքնանպատակ է, իմաստ չեմ տեսնում։ Իհարկե, եղել են ներկայացումներ, ֆիլմեր, որոնցում եղել են բաց տեսարաններ, բայց դրանք ինձ համար արդարացված են եղել։ Եթե լինի արդարացված, կանեմ։

- Իսկ կա՞ հանրաճանաչ ռեժիսոր, որ կկարողանա ստիպել քեզ անցնել սահմանը։

- Կա, իհարկե, կա։ Ալմոդովարը, օրինակ, Տորնատորեն, Սկորսեզեն։ Չգիտեմ։ Շատ են այն հեղինակները, որոնց հետ կուզեի աշխատել, ու միգուցե նրանց դեպքում ամեն ինչի էլ պատրաստ կլինեի։

- Հանգիստ ես, հավասարակշռված։ Բայց չեմ հավատա, որ ասես, որ երբեւէ պոռթկումներ չես ունենում։ Հետաքրքիր է՝ ինչ ձեւով են լինում դրանք։

- Ընդհանրապես նկատել եմ, որ ես հավասարակշռված են այնքանով, որքանով որ փորձում եմ ինքս ինձ հավասարակշռել։ Իրականում տեսակովս պոռթկուն եմ, բայց միշտ փորձում եմ ինքս ինձ զսպել, հավաքել, քանի որ երեխաներիս հավասարակշռված մայր է պետք, այլ ոչ՝ հիստերիկ դերասանուհի մայրիկ։ Հավասարակշռված լինելն իմ ամենօրյա աշխատանքն է։ Եթե անգամ ինչ-որ պոռթկում էլ լինում է, փորձում եմ իրավիճակը գնահատել ու ինքս ինձ վերաիմաստավորել։

- Հարցազրույցներիցդ հասկացել եմ, որ դժվարություններ ոչ թե սիրող, այլ գնահատող կերպար ես, քանի որ յուրաքանչյուր դժվարության ժամանակ փորձում ես նոր իմաստներ գտնել։ Փնտրտուքներդ հաճախ գրականության ասպարեզում են ծավալվում։ Ո՞րն է այն գիրքը, որ հարցերիդ ամենից շատն է պատասխանել։

- Մարդկային տեսակիս, հայացքներիս ձեւավորման շրջանում շատ հայտնի էին Ռիչարդ Բախի եւ Պաուլո Կոելիոյի ստեղծագործությունները։ Այս երկու հեղինակները հատկապես ինձ շատ են տպավորել։

Բայց եւ միայն գրականությունը չէ, որ ինձ ուժ է տալիս։ Արվեստի բոլոր ճյուղերը, ու մասնավորապես նկարչությունը, իրենց ազդեցությունն ունենում են ինձ վրա։

Նարինե Պետրոսյանը եւ Դիանա Հովհաննիսյանը


- Վախեր ունե՞ս։

- Հա՜։ Ներքին տագնապներ եմ ունենում մտերիմներիս, ապագայի հետ կապված։

Երբ մարդ իր նպատակներով, համոզմունքներով ամբողջական է, վախեր չի ունենում։ Բայց երբեմն, երբ դառնում է ավելի զգայուն, ավելի խոցելի, այդ ժամանակ վախեր են առաջանում։ Նման դեպքերում փորձում եմ ինձ մտքի ու հոգու ներքին ամրության բերել, պաշտպանվել բացասական էներգիաներից, որ չխեղդվեմ։ Երբեմն շատ վատ, տխուր լուրեր լսելիս փորձում եմ ընդհանրապես չարձագանքել, քանի որ գիտակցում եմ, որ եթե դրանցից տպավորվեմ, ապա ամիսներով կտանջվեմ տարատեսակ վախերից։ Ներքին արգելք եմ դնում, որ բացասական էներգիաները ներս չմտնեն։ Չգիտեմ՝ որքանով է լավ։

- Երջանկությունն էլ վախերի պես է։ Մեկ կա, մեկ՝ չկա։ Ի՞նչ է քեզ պակասում լիարժեք երջանկության համար։

- Երեւի թե մեզ բոլորիս պակասում է պահի երջանկությունը գնահատելը։ Մենք շատ անգամ այնքան ենք տարվում ավելիով, ձգտում ավելիին, որ պահի, օրվա գեղեցկությունն ու խորհուրդը չենք նկատում ու չենք կարողանում գնահատել այն ամենը, ինչ տվյալ պահին ունենք։

Պետք չէ երջանկությունն ուրիշ տեղերում փնտրել։

- Ոտաբոբիկությանը երբեւէ հատուկ ուշադրություն դարձրել ես։

- Այնքանով, որ ամբողջ օրը երեխաներիս վրա բարկանում եմ, որ տանը ոտաբոբիկ չքայլեն։

Բայց համաձայն եմ՝ բաց ոտքերը անկեղծության խորհրդանիշ կարող են լինել։

Զրուցեց Դիանա Հովհաննիսյանը /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին